Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով, Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
«2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը»,- նշեց Աբրահամյանը:
Նա ընդգծեց, որ այդ գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ԱԱ նախարարության աշխատակից հանդիսացող Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով՝ հանցավոր անփութություն դրսևորելով անզգույշ սպանություն կատարելու համար և դատապարտվել է 2 տարի ազատազրկման:
«2019 թվականի սեպտեմբերի 12-ին ՀՀ գլխավոր դատախազությունից քրեադատավարական կարգով քննարկելու նպատակով Երևան քաղաքի դատախազություն է ուղարկվել Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված ու թարգմանված փաստաթղթերը, ինչպես նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը»,- ասաց Գլխավոր դատախազի խորհրդականը:
Նրա խոսքով՝ Երևան քաղաքի դատախազությունում դրանց ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով ՀՀ ԱԱ նախարարության աշխատակից Աղամալ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով: Մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ 2001թ-ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Երևանի «Առագաստ» սրճարանի զուգարանում վերջինիս և ոգելից խմիչք օգտագործած վիճակում գտնվող Պ.Պողոսյանի միջև տեղի է ունեցել փոխադարձ քաշքշուկ, հասցվել են փոխադարձ հարվածներ, որոնց ընթացքում Պ. Պողոսյանը մեջքի ուղղությամբ վայր է ընկել, գլխի հետևի մասով հարվածվել զուգարանի սալիկապատ հատակին, որի հետևանքով ստացած գանգուղեղային ծանր մարմնական վնասվածքից մահացել է: Ըստ մեղադրանքի՝ Աղամալ Հարությունյանը դրսևորել է հանցավոր անփութություն, որով կատարել է անզգույշ սպանություն:
«Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 2002թ. փետրվարի 21-ի դատավճռով ամբաստանյալ Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել նշված հոդվածով և դատապարտվել է 2 տարի ժամկետով ազատազրկման, միաժամանակ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամանակով: Դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի կողմից դատական ակտի դեմ տարվել է վերաքննիչ բողոք, որը, սակայն թողնվել է առանց քննության»,- տեղեկացրեց Գոռ Աբրահամյանը:
Նա շեշտեց, որ Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել է նշված դեպքի վերաբերյալ Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումը և դրան կից՝ վերոնշյալ դեպքի առնչությամբ Նյուտոնի հայտարարությունը: Պարզվել է, որ հայտարարությունն էական նշանակություն ունեցող տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, քան այն, ինչը հաստատված է համարվել քրեական գործի քննությամբ: Մասնավորապես տեղեկություններն առերևույթ վկայում են այն մասին, որ Պ. Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով:
«Այսինքն` առերևույթ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնք գործով մինչ այդ պարզված հանգամանքների հետ համակցությամբ կարող են ապացուցել, որ Աղամալ Հարությունյանն առերևույթ կատարել է ավելի ծանր հանցանք՝ սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում, քան այն, որի համար վերջինս դատապարտվել է: Բացի այդ, դրանք առերևույթ վկայում են հանցանքի կատարմանը նաև այլ անձանց մասնակցության վերաբերյալ: Նշված հանգամանքների մասին հայտնի չի եղել քրեական գործի քննության ընթացքում: Ելնելով վերոգրյալից Պ. Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության հատկանիշներով Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է վարույթ և քննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին»,- ասաց Աբրահամյանը: