Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց 927 կգ հերոինի ապօրինի շրջանառության մեջ մեղադրվող` Թուրքիայի քաղաքացի Օսման Ուղուրլուի և Վրաստանի քաղաքացի Ավթանդիլ Մարտիաշվիլի պաշտպանների բողոքը: Նշենք, որ հունվարի 21-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը բավարարել էր նախաքննական մարմնի` Ուղուրլուի նկատմամբ երկամսյա կալանք նշանակելու միջնորդությունը:
Ուղուրլուի պաշտպան Արտակ Գարոյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ նախաքննական մարմինը որևէ հիմնավորում չի ներկայացրել կալանքի հիմքում, ընդամենը մատնանշել է այն հանգամանքը, որ Ուղուրլուն փախուստի է դիմել, այստեղ բնակության վայր չունի և կարող է առնչություն ունենալ այս գործով ազատության մեջ գտնվող այլ անձանց հետ: Սակայն, ըստ նրա, չկա որևէ ապացույց, որը կհիմնավորի այն հանգամանքը, որ նա փորձել է փախուստի դիմել:
«Ուղուրլուի հայրը զանգահարել է նրան, ասել, որ վատ է: Նա անմիջապես Մեղրիից եկել է Երևան, որպեսզի գնա Թուրքիա»,- ասաց փաստաբանը և նշեց, որ եթե իր պաշտպանյալը փախչելու մտադրություն ունենար, ապա նույն օրը նույն տաքսիով կմեկներ Բաթում, այնտեղից էլ` Թուրքիա, ոչ թե երկու օր կանցկացներ Երևանի «Կոնգրես» հյուրանոցում:
Նշենք, որ ԱԱԾ աշխատակիցները Ուղուրլուին ձերբակալել են հյուրանոցում:
«Նախաքննական մարմինը հիմնվել է բացառապես Ուղուրլուի բանավոր ցուցմունքի վրա, որը պետք է ընդամենը դիտվեր որպես օժանդակ ապացույց»,- ասաց փաստաբանը և հավելեց, որ նախաքննական մարմինը որևէ տվյալ չի ներկայացրել, ինչը կփաստեր իր պաշտպանյալի առնչությունը բեռի և բեռնատար մեքենայի կամ այն ընկերության հետ, որին պատկանել է մեքենան:
Անդրադառնալով ԱԱԾ-ի` հունվարի 20-ին տարածած այն հաղորդագրությանը, թե պարզվել է, որ թմրամիջոց տեղափոխելու նպատակով բեռնատարի թափքում դեռևս ամիսներ առաջ, հենց Ուղուրլուի անմիջական մասնակցությամբ, Թուրքիայի տարածքում նախապատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց, Գարոյանը հայտարարեց. «Իմ ներկայությամբ կատարված քննչական գործողության ընթացքում իմ պաշտպանյալը նման ինքնախոստովանական ցուցմունք չի տվել»: Փաստաբանը նշեց, որ ԱԱԾ-ի այդ հայտարարությունն անմեղության կանխավարկածի խախտում է, և այդ հանգամանքը հնարավոր էր ապացուցել միայն դատավճռով:
Գարոյանը խորհուրդ տվեց ԱԱԾ-ին նման հաղորդագրություն տարածելիս գոնե խորհրդակցել իրավաբանի հետ:
Իսկ վերջում փաստաբանն ասաց. «Մեզ մոտ առկա է մի արատավոր երևույթ` որքան մեղադրանքը հնչեղ է, այնքան ժողովրդի աչքում մեղադրյալը դառնում է մեղավոր, սակայն դրանք պետք է տարանջատել»:
Հիշեցնենք, որ Օսման Ուղուրլուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 215-րդ հոդվածի 2-րդ մասի (մաքսանենգությունը) և 266-րդ 3-րդ մասի 2-րդ կետի ( թմրամիջոցների իրացում) հատկանիշներով: Այս գործով քննչական խմբի ղեկավարն է փոխգնդապետ Արմեն Թևանյանը:
Լուսանկարը տրամադրել է ՀՀ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակը: