Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայ հայտնի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին «կինգիսեպյան» գործի շրջանակներում ձերբակալել են ոչ թե բազմաթիվ պատվիրված սպանությունների հետ առնչություն ունենալու, այլ փողերի լվացման, հանցավոր եկամուտների օրինականացման մեղադրանքներով, կարելի է որոշակի ենթադրել, որ այն քաղաքական պատվերի արդյունք է:
Հայրապետյանին մեղադրում են «Բաշնեֆտ» ընկերության վաճառքից անօրինական կերպով մեծ շահույթ ստանալու մեջ, այն դեպքում, երբ գործարքը տեղի է ունեցել 6 տարի առաջ: Որպեսզի ինչ-որ կերպ բացատրելի դառնա, թե ինչո՞ւ են ՌԴ հատուկ ծառայությունները, իրավապահ մարմինները գործարքից միայն վեց տարի հետո որոշել անդրադառնալ դրան և քրեական հետապնդման ենթարկել գործարարին, նշվում է, թե «կինգիսեպյան» գործի շրջանակում ցմահ ազատազրկման դատապարտվածներից մեկը` նախկին սենատոր Իգոր Իզմեստևը, լրացուցիչ ցուցմունք է տվել` Լևոն Հայրապետյանի անունը հիշատակելով «Բաշնեֆտ»-ի շուրջ քրեական, տնտեսական «ռազբորկաներին» ակտիվ մասնակցության շրջանակում: Հարյուր տոկոսանոց վստահությամբ հնարավոր չէ, իհարկե, պնդել, թե Հայրապետյանն այդ ամենի հետ որևէ կապ չի ունեցել: Սակայն հույս ունենալ, որ նախաքննության և դատավարության միջոցով հնարավոր կլինի պարզել առաջադրված մեղադրանքների հիմնավորվածությունը, ուղղակի մանկամտություն կլիներ` հաշվի առնելով ռուսական արդարադատության համակարգի ներկայիս «առանձնահատկությունները»: Նման մասշտաբի գործարարները Ռուսաստանում և դրա նման երկրներում հենց այնպես իրավապահների թիրախում չեն հայտնվում, իսկ նրանց հետ կապված դատական պրոցեսները գրեթե միշտ ունենում են քաղաքական երանգ:
Հայրապետյանին մեղադրում են փողերի լվացման, այսինքն` մի այնպիսի հանցագործության մեջ, որում ցանկացած պահի կարելի է մեղադրել Ռուսաստանի ցանկացած խոշոր գործարարի կամ օլիգարխի: Հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ այս անգամ կանգ առան հենց Հայրապետյանի վրա, մի գործարարի, որը, ռուսական իշխանական էլիտայում լայն կապեր ունենալով հանդերձ, չէր տեղավորվում իշխանական ու քաղաքական կոնյունկտուրայում, առանձնապես մեծ հավակնություններ չէր դրսևորում և, որքան հայտնի է, կառավարող իսթեբլիշմենթի հետ լուրջ պրոբլեմներ չուներ:
Այս իմաստով հատկապես ուշագրավ է Հայրապետյանի «դոսյեն» բացելու համար ընտրված պահը և այն գործունեությունը, որը նա ծավալում էր Ռուսաստանից դուրս` իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում: Հայրապետյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ 2012թ. նրա հայրենի Վանք գյուղի հարակից տարածքում սկսվել էին ռուս հայտնի զորավարներ Սուվորովի և Մադաթովի անունները կրող ռազմական նոր ուսումնարանի կառուցման աշխատանքները, որոնք, ըստ նախագծի, պետք է ավարտվեին արդեն այս տարի: Նախատեսվում է, որ դա լինելու է միջազգային ժամանակակից ստանդարտներին համապատասխանող ուսումնական հաստատություն, որտեղ պետք է կրթություն ստանային ոչ միայն ԼՂՀ-ի ու Հայաստանի, այլև Սփյուռքի պատանիները: Ըստ էության` այն լինելու էր հայկական բանակի սպայակազմի ձևավորման հիմնական դարբնոցներից մեկը:
Դրան զուգահեռ` Հայրապետյանն սկսել էր քչերին հայտնի համահայկական ընդգրկման ևս մեկ նախաձեռնություն, որի արժեքը անգնահատելի էր լինելու հատկապես պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման ժամանակ: Խոսքը վերաբերում է «Հայ վետերանների, ռազմազորայինների համահայկական միություն» միջազգային համահայկական հասարակական կազմակերպության ստեղծմանը, որի հիմնական նպատակը, ըստ էության, աշխարհի տարբեր երկրների բանակների` ծագումով հայ նախկին զինվորականներին, սպաներինն մեկ կազմակերպության ներքո կոնսոլիդացնելն էր, նրանց ունեցած գիտելիքները, փորձը, հմտությունները հայկական բանակի մարտունակության բարձրացմանը ծառայեցնելը և, ըստ անհրաժեշտության, նաև անմիջականորեն ռազմական գործողություններում ներգրավելը: Ավելրոդ է անգամ ասել, թե ինչ նշանակություն ունի հայ գործարարի այս նախաձեռնությունը հայկական երկու պետությունների անվտանգության մակարդակի բարձրացման ու, հատկապես, հայրենիքի պաշտպանության գործում Սփյուռքին և նրա ներուժը ներգրավելու առումով: Պատահական չէ, թերևս, որ Հայրապետյանի վերոնշյալ երկու` ստրատեգիական նշանակության նախաձեռնությունների անմիջական մասնակիցը և փաստացի կոորդինատորը հանդիսացող գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը երեկ երեկոյան արած հայտարարության մեջ Հայրապետյանի ձերբակալությունը ուղղակիորեն կապեց նրա այս նախաձեռնությունների հետ` եզրակացնելով, թե դա քաղաքական պատվեր է, որում շահագրգռված միակ կողմը Ադրբեջանն է:
Որևէ փաստ չկա և չի կարող լինել, որը կհաստատեր, թե Հայրապետյանի ձերբակալությունը հատուկ ուղղված էր հենց այս նախաձեռնությունների և, առհասարակ, ԼՂ անկախության համար նրա ծավալած մասշտաբային գործունեության դեմ: Սակայն անհերքելի է, որ, կայացնելով Հայրապետյանին «մեկուսացնելու» որոշումը, ռուսական համապատասխան մարմինների միջոցով ուղղակի թիկունքից հարված է հասցվում Լեռնային Ղարաբաղին: Եվ դա զարմանալի զուգադիպությամբ տեղի է ունենում մի շրջափուլում, երբ առնվազն ռուսական փորձագիտական մակարդակով քննարկվում է հայկական կողմից տարածքային զիջումների և հակամարտության գոտում ռուսական խաղաղապահների տեղակայման հնարավորության հարցը, և երբ շփման գծում լարվածությունն անշեղորեն մեծանում է` իր հետ մեծացնելով նաև պատերազմի վերսկսման հավանականությունը: Ո'չ Ադրբեջանում եւ ո'չ էլ Ռուսաստանում որևէ մեկը չէր կասկածում, որ պատերազմի հնարավոր վերսկսման դեպքում առաջիններից մեկը հենց Հայրապետյանն էր իր ողջ ռեսուրսներով լծվելու Արցախի պաշտպանության գործին: Այսպես, թե այնպես ստացվում է, որ փորձ է արվում չեզոքացնել հենց դրա հնարավորությունը` յուրօրինակ ուղերձ հղվելով նաև մյուս ռուսահայ գործարարներին` թե' կապիտալը Ռուսաստանից դուրս հանելու և թե, առավել ևս, դրանք ԼՂ պաշտպանությանը նպատակաուղղելու հարցում զգուշանալու առումով:
Եթե Հայրապետյանին կալանավորելու իրական պատճառը թաքնված է ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ տեղի ունեցող վերջին զարգացումներում, ապա չի կարելի է բացառել, որ դա տեղի է ունենում ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակում, ինչն առայժմ վարկած է: Այս պարագայում հետաքրքրական է դառնում, թե ինչ է պատրաստվում անել հայկական կողմը, պատրաստվո՞ւմ է, առհասարակ, որևէ բան անել, և, ընդհանրապես, ինչ-որ բան անելը որքանո՞վ է նպատակահարմար այս պայմաններում: Սա չափազանց լուրջ և նուրբ խնդիր է, որը շոշափում է ոչ միայն Հայրապետյանին չվնասելու, այլև հայ-ռուսական հարաբերություններում լարվածության նոր օջախ չստեղծելու խնդիրը: Մանավանդ` այս պահին որևէ բան չի կարելի ասել` ինչ մտադրություններ ունի Մոսկվան` Հայրապետյանի ճակատագրի հետ կապված: Թերևս առաջին և հիմնական բանը, որ հիմա կարող է անել Երևանը, հենց այդ մտադրությունները պարզելը, ինչպես նաև Հայրապետյանի մեկուսացման իրական նպատակները հասկանալն է: Հարցն այն է` գոնե այդքանն անելու համարձակություն կարո՞ղ է իրեն թույլ տալ Հայաստանի իշխանությունը, թե՞ ոչ:
Գևորգ Աղաբաբյան