Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 26-ին ՀՀ նախագահի հրամանագրով ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակված` նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն հուլիսի 14-ին իր հավատարմագրերն էր հանձնում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային: «Ժողովուրդ» թերթը նաև տեղեկատվություն հրապարակեց այն մասին, որ Տիգրան Սարգսյանը Սպիտակ տուն է հրավիրվել ընտանիքով` տեր և տիկին Օբամաների հրավերով: Եթե դրան էլ ավելացնենք նշանակումից հետո շատ արագ` գործնականում երկու շաբաթվա ընթացքում, Սարգսյանի հավատարմագրերն ընդունելու հանգամանքը, այն դեպքում, երբ դիվանագիտական պրակտիկայի համաձայն, արարողակարգային այդ միջոցառումը շատ դեպքերում հետաձգվում է նույնիսկ ամիսներով, տպավորություն էր ստեղծում, թե ԱՄՆ նախագահը առանձնահատուկ ընդունելության է արժանացրել դեսպան Սարգսյանին` ընդգծելով ինչպես ջերմ ու առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, այնպես էլ տարածաշրջանում նրան նոր դերակատարում վերապահելուն ուղղված` Վաշինգտոնի քաղաքականության փոփոխությունը:
Իրականում, սակայն, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել: Հավատարմագրերի հանձնումը զուտ արարողակարգայինից ավելին չի եղել, եթե չասենք, որ այն ինչ-որ իմաստով նույնիսկ վիրավորանքի տարր է պարունակել: Խնդիրն այն է, որ Տիգրան Սարգսյանը հավատարմագրերը Օբամային հանձնել է չորս այլ պետությունների`Կաբո Վերդեի, Շրի Լանկայի, Գվինեայի և Սոմալիի նորաշանակ դեսպանների հետ միասին` միևնույն արարողության շրջանակում: Օբամանները Սարգսյանին իր ընտանիքի հետ Սպիտակ տուն են հրավիրել այն պարզ պատճառով, որ նաև մյուս դեսպաններն են իրենց ընտանիքներով հրավիրված եղել, և դա, անկասկած, արարողակարգի բաղադրիչներից մեկն է եղել: Դեսպան նշանակվելու և հավատարմագրերը հանձնելու միջև ընկած ժամանակահատվածի` առաջին հայացքից անսովոր թվացող կարճ տևողությունը պայմանավորված է եղել ընդամենը հավատարմագրերի խմբային ընդունման արարողությանը նրա նշանակման գրեթե անմիջապես նախորդելու հանգամանքով, այսինքն` զուտ պատահականության հետևանք է, որից ևս հնարավոր չէ հեռուն գնացող հետևություններ կատարել:
Բայց ամենաուշագրավը, իհարկե, հատկապես վերոնշյալ 4 ոչ զարգացած, նույնիսկ հետամնաց երկրների դեսպանների կողքին Տիգրան Սարգսյանի` որպես Հայաստանի դեսպանի, անվան ընթերցումն է: Գուցե և դրանում Սպիտակ տունը որևէ միտք, ասելիք չի դրել: Բայց դա ընդգծում է, թե իր ինքնիշխանությունը Ռուսաստանին գրեթե լիովին հանձնող Հայաստանը ինչպիսի դիրք է գրավում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության օրակարգում և որքանով է հետաքրքիր Վաշինգտոնի համար: Մյուս կողմից` իհարկե, սա պետք է ընդունել որպես ահազանգ` առհասարակ միջազգային քաղաքականության ասպարեզում Հայաստանի` խաղացողից խաղալիքի, սուբյեկտից օբյեկտի վերածվելու առումով, որը, գոնե այս պահին, առանձնապես ձեռնտու չէ նաև ԱՄՆ-ին: Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանի հետ արարողակարգային հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Օբաման շեշտել է հենց հարավկովկասյան տարածաշրջանի անվտանգության ապահովման առումով Հայաստանի դերը, որն առաջին հերթին դրսևորվում է ԼՂ հակամարտության կարգավորման համատեքստում:
Որքան Հայաստանը կորցնում է իր ինքնիշխանությունը, այնքան թե' տարածաշրջանային անվտանգությունը և թե' կոնկրետ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Իսկ դա միշտ հղի է Մոսկվայի կողմից ստատուս քվոն իր շահերին համապատասխան փոփոխության ենթարկելու` ԱՄՆ-ի համար իրական վտանգով: Վաշինգտոնում հրաշալի հասկանում են, որ, որպես իր ազդեցության ավանդական տարածք, գրեթե ամբողջությամբ կորցնելով Արևելյան Եվրոպան, Ռուսաստանին այլ բան չի մնում, քան ատամներով կառչած մնալ Հարավային Կովկասից: Իսկ այս տարածաշրջանում միակ կետը, որտեղ Արևմուտքի դիրքերն ամենաթույլն են, բայց որն անկյունաքարային նշանակություն ունի Մոսկվայի այդ հավակնությունները չափավորելու կամ չեզոքացնելու առումով, Հայաստանն է: Ուստի ո'չ ԱՄՆ-ը, ո'չ էլ Եվրոպան չեն կարող համակերպվել Հայաստանի կորստի հետ, ինչից խուսափելու լավագույն միջոցը Հայաստանի ինքնուրույնության մակարդակը, տնտեսական ու քաղաքական հարաբերական անկախությունը վերականգնելուն նպաստելն է: Հենց այս տեսանկյունից պետք է գնահատել Հայաստանի տնտեսության մեջ ամերիկյան պոտենցիալ ներդրողներ գտնելու` Հայաստանում ԱՄՆ ներկայիս դեսպան Ջոն Հեֆֆերնի տենդագին ջանքերը, որի ամենամեծ արդյունքը Որոտանի կասկադի վաճառքն էր: Որքան էլ այն կոմերցիոն գործարք է, պաշտոնական Վաշինգտոնի տեսանկյունից ստրատեգիական նշանակություն ունի Հայաստանում էներգետիկ հզորությունների աղբյուրների դիվերսիֆիկացման, դրանով հանդերձ` այս համակարգը կատարելապես ռուսականացումից փրկելու առումով: Եվ հենց դրանով էր բացատրվում բազմաթիվ ապօրինություններով ուղեկցված այդ գործարքը դեսպան Հեֆֆերնի կողմից ամեն գնով պաշտպանելու հակվածությունը: ԱՄՆ-ը մոտ մեկուկես տարի առաջ փորձ կատարեց նաև Մեծամորի ԱԷԿ-ը ռուսական աքցանից հանել, երբ դեսպան Հեֆֆերնը ՀՀ էներգետիկայի նախարարի հետ հուշագիր ստորագրեց ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ ատոմակայանի անվտանգության մակարդակը բարձրացնելու և շահագործման ժամկետները երկարաձգելու մասին:
Այս տենդենցների լույսի ներքո Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումը նոր հույսեր է արթնացնում Արևմուտքում: Այնտեղ ուզում են համզված լինել, որ եթե անգամ դա Հայաստանի իշխանությունների ցանկությամբ կամ «հանճարեղ» դիվանագիտության արգասիքը չէ, ապա գոնե այնքան օբյեկտիվ է, որ կարելի է դրանից օգտվել: Գուցե հենց դրանով են բացատրվում ԼՂ հակամարտությունը շատ արագ, այսպես կոչված, մադրիդյան սկզբունքների հենքի վրա կարգավորելու` Վաշինգտոնի շահագրգռվածությունը և Հայաստանին շարունակ զիջումների մղելու` դեսպան Հեֆֆերնի և ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ուորլիքի հետևողական ջանքերը: ԱՄՆ-ի տակտիկական սխալը, որը զգուշավորության է մղում Հայաստանին, այստեղ, ըստ էության, այն է, որ կրկին շեշտադրումները կատարում է հայկական կողմից տարածքային զիջումների վրա` դրանով իսկ ոչնչով չտարբերվելով ռուս-ադրբեջանական ուրվագծվող, հնարավոր գործարքի էությունից: Իսկ դա Երևանն ընկալում է որպես իր անվտանգության հիմնական սպառնալիք:
Բոլոր դեպքերում` ԱՄՆ-ը Երևանից ինչ-որ ազդակներ ստանալու առումով ակնհայտորեն սպասողական դրության մեջ է և դրանով է բացատրվում նախագահ Օբամայի կողմից Հայաստանում նոր դեսպան, ներկայումս Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնն զբաղեցնող Ռիչարդ Միլսի թեկնածության առաջադրումը: Նա, լինելով պրոֆեսիոնալ դիվանագետ, նախկինում մասնագիտացած է եղել հարավկովկասյան տարածաշրջանի երկրներով ու հիմնախնդիրներով, իսկ ներկայումս զբաղվում է ԱՄՆ մերձավորարևելյան քաղաքականությամբ: Սա վերահաստատում է, որ որքան էլ ԱՄՆ-ը երկրորդային գործոն համարի Հայաստանը, այնուամենայնիվ, չի դադարում գործոն համարելուց` շարունակելով Հարավային Կովկասը դիտարկել ավելի գլոբալ` մերձավորարևելյան տարածաշրջանի համատեքստում:
Մնում է հասկանալ` թե որքանով են Հայաստանի իշխանությունները փորձելու օգտագործել ԱՄՆ-ի և Արևմուտքի այս սպասողականությունն ու շահագրգռությունները` սեփական պետական շահերը պաշտպանելու, անվտանգության մակարդակը բարձրացնելու համար, և այս համատեքստում ի՞նչ առաքելությամբ է Տիգրան Սարգսյանը գործուղվել Վաշինգտոն:
Գևորգ Դարբինյան