Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ՀՀ վարչապետի «Լավագույն կին-գործարար 2015» մրցանակաբաշխությունից հետո լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ավելի հաջողակ կին գործարարներ ներգրավված չեն այս մրցանակաբաշխության մեջ, օրինակ՝ չկան Նաիրա Նահապետյանը, Սիլվա Համբարձումյանը, ասաց. «Այստեղ ավելի շատ փոքր բիզնեսով զբաղվող գործարարներն են և կազմակերպությունները: Նոմինացիաները հայտարարելիս որոշակի չափանիշներ են դրվել: Նախաձեռնությունը հիմնականում ՓՄՁ-ինն է, բնականաբար, այստեղ պետք է փոքր բիզնեսով զբաղվող գործարարներ ներգրավված լինեն»:
«Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք վերաբերում են սկսնակ գործարարներին, ինչպես նաև արդեն որոշակի նախաձեռնություն ցուցաբերած մարդկանց: Աջակցության մեխանիզմները բազմաթիվ են՝ վարկային միջոցների տրամադրում, երաշխավորությունների տրամադրում, բիզնես ծրագրերի կազմում, խոսքը հատկապես սիրիահայերին է վերաբերում»,- ասաց նախարարը:
Նա նշեց նաև, որ շատ հաճելի է, որ գործարարությամբ հենց կանայք են զբաղվում, և դրա արդյունքում շատ ավանդույթներ պահպանվում են: «Ես կուզենայի նաև, որ ինֆորմացիոն տեխնոլոգիաներով զբաղված մարդիկ էլ ընդգրկված լինեն այսպիսի մրցանակաբաշխություններում, ավելի շատ գիտելիքահեն լինեն դրանք»,- նշեց Ճշմարիտյանը:
Նա ասաց նաև, որ կառավարությունն աջակցում է գործարարների` իրենց ապրանքները, Ռուսաստանից բացի, այլ երկրներ արտահանելու գործում, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ոչ այնքան բարվոք վիճակում է:
«Հենց այսօր Հայաստան են ժամանել Մարոկկոյից եկած բիզնես ներկայացուցիչներ: Այս համագործակցությունն անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է: Այս հանդիպման ընթացքում երկու բան ընդգծվեց` առաջինը, որ աֆրիկյան ամբողջ մայրցամաքը լուրջ հնարավորություն է Հայաստանի գործարարների համար՝ իրացնելու իրենց արտադրանքը: Երկրորդ` Հայաստանը կարող է նույն աֆրիկյան գործարարների համար հնարավոր հարթակ դառնալ` եվրասիական շուկա մտնելու համար»,- ասաց Ճշմարիտյանը: