կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-17 12:54
Առանց Կատեգորիա

Իշխանությա՞ն, թե պետությա՞ն ''վերջնախաղը''

Իշխանությա՞ն, թե պետությա՞ն ''վերջնախաղը''

Որքան էլ փորձ արվի Լևոն Զուրաբյան-Վարդան Օսկանյան գաղտնալսված առանձնազրույցի հրապարակմամբ շեղել հանրային ուշադրությունը, հնարավոր չէ թաքցնել շաբաթ օրը կայացած ՀՀԿ արտահերթ համագումարի` բացարձակ բրեժնևյան բնույթը:

 

Եթե մինչև այսօր գործող իշխանությունը և այն կրող ուժը հիմնականում ձևով էին բրեժնևյան, ապա համագումարին ՀՀ նախագահ, ՀՀԿ-ի կողմից պաշտոնապես նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանի, այսպես կոչված, ծրագրային ելույթը վերջնականապես համոզեց, որ ՀՀԿ-ն նաև բովանդակությամբ է այդպիսին դարձել: Տեքստին, որն ընթերցեց Սերժ Սարգսյանը համագումարին, կնախանձեր ԽՍՀՄ կենտկոմի ցանկացած քարտուղար, հատկապես` այն պատճառով, որ ոչ միայն ասելիք չէր պարունակում, այլև որ իրականությունից կտրված իրողությունների նկարագրմամբ գերազանցում էր ամենաֆանտաստիկ սպասելիքները:

 

Սերժ Սարգսյանն իր երկարաշունչ ելույթում այդպես էլ որևէ հիմնահարցի չանդրադարձավ, չխոսեց երկրի, պետության, հասարակության առջև ծառացած որևէ իրական մարտահրավերից: Հակառակը` Սերժ Սարգսյանը միայն դրական այնպիսի ձեռքբերումներ նշեց, որոնց մի մասի պարագայում ուղղակի դժվար էր հասկանալ` ելույթ ունեցո՞ղն է այլ մոլորակից եկել, թե՞ ինքն է այլ մոլորակում ելույթ ունենում:

 

Օրինակ` նա ասում է. «Մենք սկսել ենք քայլ առ քայլ դեպի լուսանցք տեղափոխել երկրում տասնամյակներ շարունակ արմատներ ձգած կոռուպցիան ու չարաշահումները»: Ըստ «Թրանսփերենսի Ինթերնեշնլ» կազմակերպության ներկայացրած տվյալների` այս տարի կոռուպցիայի ընկալման համաթվով աշխարհի շուրջ 176 երկրների շարքում Հայաստանը կիսում է 105-112-րդ տեղերը: Իսկ ընդամենը երկու ամիս առաջ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետին ուղղակի «ցեխն էր մտցնում այն բանի համար», որ 4 տարի շարունակ այս ուղղությամբ կառավարությունը ոչ միայն որևէ լուրջ քայլ չի ձեռնարկել, այլև իրեն շարունակ խաբել են` դրական փոփոխություններ ցույց տալով: Նա երևի պահի տակ «մոռացել» էր մոտ մեկ ամիս առաջ իր իսկ կողմից հրապարակված` դատախազական համակարգում առկա կոռուպցիայի ծավալները ցույց տվող խայտառակ փաստերը, որոնց համար, ի դեպ, առ այսօր ոչ մի խոշոր «շնաձուկ» պատասխանատվության չի ենթարկվել:

 

Կամ` նախագահը հայտարարում է. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»: Պետք է ենթադրել, որ կամ Սերժ Սարգսյանին էլի շարունակում են մոլորեցնել, կամ նա միտումնավոր շրջանցում է այն իրողությունը, որ միայն այս տարի, նախորդ տարվա համեմատ, ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է գրեթե կիսով չափ: Երևի նա առիթ չի ունեցել լսելու Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսանի` ընդամենը հինգ օր առաջ արտահայտած այն միտքը, թե` «արտասահմանցի գործարարներին և ներդրողներին դեռ դժվար է աշխատել կառավարության հետ, համաձայնության գալ շատ ուղղություններով, դժվար է հստակ կանխատեսել, թե որքան գումար կպահանջվի կառավարության նկատմամբ տարբեր պարտավորությունները ծածկելու համար և որքան է պետք վճարել պետական պաշտոնյաներին»

 

Նախագահի այս ելույթից հետո գործադիրն ուղղակի պարտավոր է պաշտոնապես Տոլոսայից պահանջել հրապարակավ ներողություն խնդրել Հայաստանի պետական պաշտոնյաներին բառացիորեն կաշառակերության և դրանով ներդրումային միջավայրի ստեղծմանը խոչընդոտելու մեջ հանիրավի մեղադրելու համար:

 

Սա ըստ էության, մրցակից չունեցող թեկնածուի ելույթ էր, որն այլևս պատասխանատվության, սխալների համար ներողամտություն հայցելու, նոր թիրախներ, նպատակներ առաջադրելու անհրաժեշտություն չունի, որը իրականությունն զգում է ցանկալիի պատկերացումներով, ապրում է միրաժով ու առաջարկում է բոլորին ապրել այդ միրաժային երկրում: Մի երկրում, որտեղ վեց ամսվա մեջ հնարավոր է լինում այնքան «փոխվել կամ փոխել», ինչպես նախորդ խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ-ի արգախոսն էր առաջադրում, որ արդեն հնարավոր է դառնում խոսել «ապահով Հայաստան» կերտելու մասին: Թե ինչ է ենթադրում այս կարգախոսը անգամ դժվար է ասել. դրա տակ գործնականում կարելի է հասկանալ ամեն ինչ և ոչինչ: Սա մի կարգախոս է, որը զարգացման ուղղություն, տեսլական, ուղենիշների առկայություն ենթադրելու փոխարեն ավելի շատ տեղում դոփելու, եղածով բավարարվելու, առավելագույնը` միայն անվտանգության համակարգն ուժեղացնելու մասին է խոսում: Տպավորություն է, թե նախագահը նրբորեն առաջ է քաշում պատերազմի վտանգի իրատեսականության գործոնը` այն խաղարկելով իբրև կայունությունը (իմա` իր վերընտրությունը) չվտանգելու գաղափարական առանցք:   

 

Իսկ ելույթի վերջնամասի հայրենասիրական պաթոսն ուղղակի հիշեցնում էր 10-րդ դասարանի աշակերտի շարադրություն: Սակայն եթե 10-րդ դասարանցու շարադրության պարագայում կարելի է ներել որոշ գաղափարական ու աշխարհայացքային սխալները, նախագահի ելույթի պարագայում` թերևս ոչ: Օրինակ` դժվար է հասկանալ` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը խոսում Հայաստանի «ազատ և ինքնավստահ» քաղաքացի  ունենալու, նրան «Դուք»-ով դիմելու կարևորության մասին, հետո հանկած պնդում, որ «որևէ քաղաքական ուժի, առավել ևս` կառավարող կուսակցության պարտականությունն է նպաստել նոր հայի ձևավորմանը»: Հիմա դժվար է հասկանալ` նոր հայի՞, թե՞ նաև այլ էթնիկ պատկանելություն ենթադրող ազատ քաղաքացու ձևավորումն է կարևորը:

 

Կամ` հարց է առաջանում` ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը առաջ քաշում «Սա Հայաստանն է, ու վերջ» կոնցեպտը, որն ավելի շատ ինքնահաստատման կամ ինքնաճանաչման ձգտման է նման: Եթե 20 տարի առաջ` անկախ պետականություն նվաճելիս նման ինքնահաստատումը ոչ միայն հասկանալի, այլև պարտադիր նախապայման էր, ապա 21-ամյա պետականություն ունենալու պարագայում միարժեքորեն դեգրադացիա է: Որովհետև այս շրջափուլում մենք ոչ թե մեր տեղը քաղաքական ու աշխարհագրական քարտեզների վրա գտնելու խնդիր պետք է լուծեինք, այլ  վաղուց պետք է արդեն տված լինեինք կամ գոնե ուշացած փորձեինք տալ «ինչպիսի Հայաստան ենք կերտում» հարցի պատասխանը: Սա անիմաստ տեղապտույտ է, որը, սակայն, ամբողջությամբ ներկայացնում է այն փիլիսոփայությունը, որը պետական կառավարման և իշխանությունը պահելու ձգտման մեջ դրել է գործող իշխանությունը` փախուստ տալով այս ամենաառանցքային հարցադրումից: Հետևաբար նախագահը մեզ հուշում է, որ գնալու ենք ոչ թե առաջընթացի, այլ ճահճացման տանող տեղապտույտի ճանապարհով: Ահա թե ինչու է, թերևս, Սերժ Սարգսյանը, խոսում... վերջնախաղից: Մնում է հստակեցնել, թե խոսքը ո՞ւմ վերջնախաղի մասին է. իր գլխավորած իշխանությա՞ն, թե՞ այդ ճահճում խորտակվող պետության...

 

Գևորգ Աղաբաբյան