Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուսուցիչ չեմ ունեցել, կյանքն է իմ ուսուցիչը, և հենց նրանից եմ շատ բաներ սովորում` երբեմն նաև սխալվելով. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց աշխարհահռչակ կորեացի ռեժիսոր Կիմ Կի-Դուկը, ով Հայաստան է ժամանել «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում:
Անվանի կինոռեժիսորը խոստովանում է` մինչ Հայաստան գալը համացանցով կարդացել է Հայաստանի մասին, իսկ մինչ այդ ոչինչ չգիտեր Հայաստանի մասին: Կիմ Կի-Դուկն արդեն հասցրել է լինել Կասկադում, շրջել Երևանի շուկաներից մեկում և, նրա կարծիքով, Հայաստանն ու Կորեան նման են իրար` նույն պատկերն է երկու երկրներում էլ. «Ես, ճիշտ է, միայն կենտրոնն եմ տեսել, բայց, շուկա մտնելով, հասկացա, որ Հայաստանում էլ կան մեծ թվով աղքատներ»:
Կինոռեժիսորը անհոգ մանկություն չի ունեցել: Կորեայում երեխաների մեծ մասն այդ տարիներին դպրոց չէր հաճախում, Կիմ Կի-Դուկը նույնպես դպրոց չի հաճախել: Երբ նրա հասակակիցները զբաղվում էին ամենօրյա դասերով, ապագա ռեժիսորն աշխատում էր մեքենաշինական գործարանում:
«Կյանքի բարդությունները հասկանալու համար պետք չէ դպրոց գնալ, ինձ կյանքն է դաստիարակել: Գիտե՞ք` առաջին անգամ ֆիլմ տեսել եմ 32 տարեկանում, որից հետո միայն մեկնեցի Ֆրանսիա ու սկսեցի սովորել կինոռեժիսուրա: Երևի մասնագիտությունը շատ սիրելուց էր, հասկացա, որ ամեն մեկը կարող է ֆիլմ նկարահանել, ու հենց այդ սկզբունքով էլ ես սկսեցի ֆիլմեր նկարահանել»,- ասաց նա:
Իր ֆիլմերում ռեժիսորը փորձել է ներկայացնել այն, ինչ ապրել է, ինչպես Կիմ Կի-Դուկն է նշում, փորձել է կյանքն արտացոլել: Այս պահին ռեժիսորը երկու սցենարի վրա է աշխատում և խոստանում, որ հենց սցենարները գրի, վերջացնի, կներկայացնի նաև Հայաստանում:
«Այդ ֆիլմերից մեկը Կորեայի ժողովրդի սոցիալական կյանքն է արտացոլում: Իմ ֆիլմերի հերոսներն ինձ հետ ամենևին էլ ոչ մի առնչություն չունեն, բայց այնպես էլ չէ, որ կտրված եմ իրականությւոնից: Այն, ինչ տեսնում եմ կյանքում, հենց դա եմ փորձում էկրանավորել: Հենց դրա համար էլ իմ ֆիլմերը չունեն լավ ավարտ»,- ասաց կինոռեժիսորը:
Հանդիպման վերջում Կիմ Կի-Դուկը երգեց:
Հիշեցնենք, որ Կիմ Կի-Դուկի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների ծրագիրը կբացվի այսօր` «Պիետա» ֆիլմով: