կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-29 17:42
Հասարակություն

ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը

ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը

Համազգային Հայ Կրթական և Մշակութային միության, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի և Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտում մեկնարկել է «Կրթամշակութային կյանքն Արցախում» խորագրով գիտաժողովը: Այն ի սկզբանե նախատեսված էր կազմակերպել Արցախում, սակայն ադրբեջանական հերթական ագրեսիայով պայմանավորված լարվածության խորացման պատճառով տեղափոխվել և անցկացվում է Երևանում:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, Արցախի ԿԳՍՄ նախարար Անահիտ Հակոբյանը, Արցախի պետական համալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը և Համազգայինի երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։

Արցախից ելույթ է ունեցել նաև Արցախի ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը. գիտաժողովին Արցախին մասնակցողները ելույթ են ունեցել օնլայն միացմամբ։

Գիտաժողովին մասնակից գիտության և մշակույթի ճանաչված գործիչները անդրադարձան այնպիսի թեմաներին, ինչպիսիք են՝ «Կրթամշակութային կյանքը Արցախում», «Արցախահայերի դերը Բաքվի նավթաարդյունաբերության զարգացման գործում», «Ադրբեջանի կողմից կիրառվող մշակութային եղեռնագործ քաղաքականության շարունակական գործողություններն Արցախում», «Արցախի ազգաբանական պատկերը», «Հայկական մշակութային ժառանգության յուրացման քաղաքականությունը 1991-2019 թթ.»։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Համազգային հայ կրթական և մշակութային միության ԿՎ ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը իր խոսքում նշեց, որ այս գիտաժողովը նախատեսված էր կազմակերպել Արցախում, սակայն վերջին օրերի դեպքերը պարտադրեցին վայրի փոփոխություն։ Նա ընդգծեց, որ Արցախում նմանատիպ միջոցառում կազմակերպելու ցանկությունը պայմանավորված է ինչպես գիտաժողովի նյութով, այլ նաև վերջին պատերազմի ստեղծած իրավիճակով և Արցախին այս ձևով գոնե բարոյական քաջալերանք հայտնելով։

Համազգային հայ կրթական և մշակութային միության երևանյան գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը ցավով նշեց, որ չեն կարողացել այս միջոցառումն անցկացնել Արցախում։ 

«Այս և նմանատիպ գիտաժողովներն  առիթ են կրկին վերարժևորելու մեր պատմության հոլովույթի կարևոր հանգրվանները, նվաճումներն ու ձեռքբերումները: Տարբեր ձևաչափերով, ոչ միայն հայ հանրությանը,այլև միջազգային ասպարեզում Արցախի պատմությանը, նրա ազգային, հոգևոր ու մշակութային ինքնությանը անդրադառնալն  այսօր, առավել  քան երբևէ,  անհրաժեշտ է։ Մենք պարտավոր ենք տեր կանգնել մեր պատմական իրավունքներին,քանի դեռ ուշ չէ։ Հայկական քաղաքակրթական արժեքները մեր լինելիության բանաձևն են։ Մենք պարտք ու պարտականություն ունենք մեր անցյալի հանդեպ», - նշեց Առաքելյանը։