կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 11:58
Հասարակություն

Նեղը չեմ ընկել, չեմ ընկնում ու չեմ ընկնելու. Հայկ Մարության

Նեղը չեմ ընկել, չեմ ընկնում ու չեմ ընկնելու. Հայկ Մարության

Ձեր ղեկավարման առաջին օրը հայտարարեցիք, որ բոլորս մի մարմին ենք ու համատեղ ուժերով կյանքի ենք կոչելու  երևանցիների բոլոր խնդիրները, ցավոք, դրանք եղան լոկ խոսքեր. այսօր Երևանի ավագանու նիստում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը`դիմելով քաղաքապետ Հայկ Մարությանին:

Նա մանրամասնեց, որ այն, ինչ տեղի ունեցավ օրեր առաջ, անհարգալից վերաբերմունք էր ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունների հանդեպ։ «Փաստացի դուրս է գալիս` երբ նեղն եք ընկնում, կոչով  դիմում եք բոլոր երեք խմբակցություններին՝ ստեղծել  ժամանակավոր հանձնաժողով  ու այդ հանձնաժողովի օգնությամբ տալ որոշակի լուծումներ, խոսքը վերաբերում  է Բուզանդի մասնաշենքին», - շեշտեց ավագանու անդամը:

Բացի այդ, ըստ նրա, Մարությանը կառավարությունում քննարկվելիք` բեռնատարների գնման նախագծի մասին նախօրոք չի տեղեկացրել ավագանու ընդդիմադիր ուժերին։ «Փաստացի, Դուք արհամարեցիք ընդդիմադիր երկու խմբակցություններին: Եթե Դուք համաձայն չեք իմ դիտարկումներին, ապա առաջարկում եմ նիստից հետո բանավիճել լրատվամիջոցների ներկայությամբ»,- նշեց Մանրիկյանը:

Մարությանը հակադարձեց, թե հնարավոր է` Մանրիկյանը ժամանակաշրջանն է շփոթել: «Հիմա ընտրություններ չեն, նախընտրական պայքար չէ, ի՞նչ բանավեճի մասին  է խոսքը», - նշեց նա` հավելելով, որ ինչ վերաբերում է մեքենաներին, փետրվարից հայտարարված էր տենդերը։ «Փետրվարից ամբողջ աշխարհը գիտի, որ 24 մեքենա հանվել է, որ մրցույթ լինի, կառավարության նիստի՞ց իմացաք, որ էդպիսի բան կա», - հարցրեց քաղաքապետը։

Խոսելով Բուզանդի փողոցի թեմայի մասին`նա հավաստիացրեց, որ ինքը նեղը չի ընկել, չի ընկնում ու չի ընկնելու։ «Դա ձեզ ես վստահեցնում եմ, իսկ եթե ավագանին ուզում է իմ կողքին լինել, ես միշտ պատրաստ եմ, իսկ եթե չի ուզում, ես չեմ կարող ստիպել», - ասաց նա`հ ստակեցնելով, որ «Իմ քայլ»-ի ավագանու անդամներն էլ տեղյակ չեն այն գործերից, որն անում է քաղաքապետարանը։

«Այսպիսի կետ չկա, որ մենք պարտավոր ենք ամեն մի քայլը տեղեկացնել», - եզրափակեց Մարությանը: