կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-15 14:10
Քաղաքական

Քաղաքական որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան աշխատեմ, չեմ ունենա. դատախազը հրաժարական չի տա

Քաղաքական որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան աշխատեմ, չեմ ունենա. դատախազը հրաժարական չի տա

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին՝ արդյո՞ք հրաժարական կտա:

«Պետական ինստիտուտների մեջ ստեղծվում են անկախ մարմիններ: Անկախ մարմինների համար սահմանվում են դրանց կազմավորման, գործունեության անկախության երաշխիքներ: Դատախազի համար սահմանված է ԱԺ-ի կողմից պատգամավորների 3/5-ի ընտրություն, և այս ինստիտոտւների ձևավորման հայեցակարգերը պատահական չեն: Դրանք այն բանի համար են, որ այդ մարմինները լինեն անկախ և անկախ` առաջին հերթին գործադիր մարմնի կողմից»,- ասաց նա:

Դավթյանը նշեց, որ մեր երկրում, այո, փոխվել է գործադիր իշխանությունը, և եթե գործադիր իշխանության փոփոխությունը պետք է հանգեցնի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ապա կարծում է, որ իրավական մտքի զարգացումը, որ զետեղված է բոլոր առաջադեմ երկրների սահմանադրություններում, ուղղակի միֆ է:

Անդրադառնալով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի մեղադրանքներին, թե դատախազությունը կախվածության մեջ է եղել օրվա քաղաքական իշխանությունից, Դավթյանն ասաց. «Ես վստահեցնում եմ մեր հանրությանը, որ ես քաղաքական որևէ կախվածություն չեմ ունեցել, չունեմ և, որքան աշխատեմ, չեմ ունենա»:

Լրագրողները հիշեցրեցին, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշտապես հայտարարել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, մինչդեռ ինքն ասել է, որ չկան, հիմա է՞լ է պնդում, որ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ, Դավթյանը պատասխանեց. «Ես ասել եմ, հիմա էլ ասում եմ՝ Հայաստանում չկան քաղբանտարկյալներ»։

Հարցին` ստացվում է, որ հակասություն է առաջանում դատախազի և գործադիրի ղեկավարի տեսակետների միջև նման կարևոր հարցում, արդյո՞ք այս հակասությունը կարո՞ղ է իր հրաժարականի համար հիմք հանդիսանալ, Դավթյանը պատասխանեց. «Ես այս հակասությունները գնահատում եմ որպես իրավական պետությունում յուրաքանչյուրի կարծիքն ունենալու, իսկ կոնկրետ իմ պարագայում՝ գործի նյութերից բխող իմ հետևությունները ներկայացնելու հանգամանք, որը գնահատում եմ նորմալ իրավական պրոցես»։