կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-09 14:00
Առանց Կատեգորիա

Չեմ ասում, որ վերջն ա, բայց լավն ա. «Ատրճանակը կրակեց»` Մարինե Պետրոսյանի նոր գիրքը

Չեմ ասում, որ վերջն ա, բայց լավն ա. «Ատրճանակը կրակեց»` Մարինե Պետրոսյանի նոր գիրքը

Երեկ ՆՓԱԿ-ում տեղի ունեցավ Մարինե Պետորսյանի նոր` «Ատրճանակը կրակեց» գրքի շնորհանդեսը:

 

Yerkir.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց, որ գրքում ընդգրկված են բոլոր այն բանաստեղծությունները, որոնք գրվել են իր վերջին` «Սալաթ կրակոցներով» /2011/ գրքի հրատարակումից հետո: Պետրոսյանը կարծում է, որ առանձնապես 2-3 տարվա ընթացքում իր գրիչն էական ոճային փոփոխություններ չի կրել, և թեմատիկայի առումով էլ այս գիրքը կարծես նախորդի շարունակությունը լինի:

 

Հարցին, թե գրքում կարծեք թե ներկայացված է նաև Մարինե Պետրոսյանը` որպես քաղաքացի, Պետրոսյանը պատասխանեց, որ մի քիչ դժվար է նման բնորոշում տալը:

 

«Ես քաղաքական տեքստեր գրում եմ, և դրանք ինձ համար հստակ տարբերվում են: Երբ քաղաքականության մասին տեքստ ես գրում, այն միանշանակ է, իսկ բանաստեղծության մեջ այդպես չէ, նույնիսկ մարդիկ, ովքեր քաղաքականապես ինձ հակառակորդ են` բանաստեղծության մեջ տեղ ունեն: Չգիտեմ, կարծում եմ, եթե դու միայն քաղաքացիական բանաստեղծություններ գրես` վտանգավոր է. երևի պետք է Չարենցի նման հանճարեղ լինես»,-ասաց Պետրոսյանը` հավելելով, որ եթե անհրաժեշտ է բանաստեղծությունն օգտագործել ինչ-որ բան ասելու` ինքն ուրիշ բան կասեր, որն էլ անում է:

 

Նոր գրքի հրատարակումն էլ Պետրոսյանի համար մեկ քայլ առաջ է, ինքդ քեզ հաղթահարելու ևս մեկ փորձ: Նա նշեց նաև, որ միշտ ուզեցել է թարգմանվել, բայց մտածել է, որ դեռ չունի այն գիրքը, որ կուզեր թարգմանվեր, իսկ «Ատրճանակը կրակեց»-ը հենց այդ գիրքն է, որը վստահ կարող է գրողը թարգմանաբար ներկայացնել:

 

«Դե, չեմ ասում, որ վերջն ա, բայց լավն ա, ունեմ նման զգացողություն, որ, այ, սա կարելի է թարգմանել: Շատերն իմ առաջին գործերն են սիրում, հատկապես` Արևելքում»,-ասաց Պետրոսյանը:

 

Նշենք, որ գրքի հրատարակությունը կայնքի կոչելու համար Պետրոսյանը հետաքրքիր ձևաչափ էր ընտրել. ապագա գնորդներն ուղղակի պետք է բաժանորդագրվեին գրքին` կանխավ վճարելով սիմվոլիկ մի գումար, որի դիմաց նվեր էին ստանում նաև Պետրոսյանի նախորդ գրքերից մեկը: Պետրոսյանը տեղեկացրեց, որ գրքի հրատարակման ծախսերը կարողացավ փակել այն գումարով, որը և հավաքվել էր բաժանորդագրումից: