կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-16 00:04
Իրավական

Կրակեց ու ընկավ ոստիկանների ձեռքը

Կրակեց ու ընկավ ոստիկանների ձեռքը

Սեպտեմբերի 12-ին` ժամը 20.40-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Երեւանից ուղեւորվել է Մասիս եւ «Նիսան» մակնիշի երկու ավտոմեքենաներից իր վրա կրակում են: Մեկնած օպերատիվ խումբը Ներքին Չարբախ-Մասիս ճանապարհի 3-րդ կմ-ի ճամփեզրին հայտնաբերել էր «Նիսան-Սանի» ավտոմեքենա, որի ձախ կողմում առկա էին հրազենային կրակոցի նմանվող 12 հետքեր, իսկ նույն կողմի հետեւի անվադողն ամբողջությամբ վնասված էր:


Սեպտեմբերի 13-ին պարզվել է, որ ավտոմեքենայի վրա կրակոցներ է արձակել 1991 թ. ծնված Կառլեն Բ.-ն, որը հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության հաղորդագրությունից: Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

NEWS.am-ի տեղեկություններով` Կառլեն Բ.-ն «Հայբիզնեսբանկ»-ի աշխատակից է եւ փորձել է կրակել նույն բանկի աշխատակցի վրա: Վիճաբանությունը ծագել է մեքենան ավտոտնակում կայանելու պատճառով: Երկու «Նիսան» մակնիշի մեքենաներում գտնվողներն իրար հետ վիճել են, հայհոյել են, ինչից հետո Կառլեն Բ.-ն կրակել է, սակայն կրակոցներից միայն մեքենայի գույքն է վնասվել: