կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 15:16
Քաղաքական

«Սասնա ծռեր»-ի խնդիրը պետք է լուծի դատարանը. Զեյնալյան

«Սասնա ծռեր»-ի խնդիրը պետք է լուծի դատարանը. Զեյնալյան

Այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք քննարկումներ գնում են «Սասնա ծռեր»-ի մասով, և ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու: Նա նշեց, որ խնդիր է առաջադրել, որպեսզի ուսումնասիրեն, գտնեն խնդրի լուծման օրինական ճանապարհներն ու մեթոդները: «Բոլոր հնարավոր ճանապարհները քննարկվում են, որպեսզի դա լինի օրինական, արդար` հաշվի առնելով դատական իշխանության անկախության բացարձակ սկզբունքը»,- ասաց նախարարը:

Դիտարկմանը` «Սասնա ծռեր»-ի պաշտպաններն ասում են` դատական համարկարգն անկախ չի գործում ու շարժվում է իշխանությունների կամքով, Զեյնալյանն արձագանքեց. «Փաստաբանների տեսակետին ծանոթ չեմ, եթե կա այդպիսի կարծիք, պետք է դա ներկայացվի դատարանին, և դատաքննության փուլում դատարանն անդրադառնա դրանց»:  

Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե «Սասնա ծռերի»-ի համաներման մասին է խոսվում, Զեյնալյանը նշեց, որ համաներման մասին ընդհանրապես միշտ է խոսվում: «Բոլորը, երբ ուզում, խոսում են դրա մասին, իսկ, առհասարակ, համաներման փաստաթուղթը ճիշտ կլինի, որպեսզի լինի գաղտնի, դա չի կարող լինել հրապարակային, և դրա վերաբերյալ որևէ մեկը չի կարող տալ ինֆորմացիա»,- ասաց նա:

Հարցին էլ` որպես իրավաբան, արդարադատության նախարար`  «Սասնա ծռեր»-ի աջակիցների պայքարն ինչպե՞ս է գնահատում, Զեյնալյանն արձագանքեց. «Խնդիրը պետք է լուծի դատարանը, իսկ, ընդհանրապես, ապստամբության իրավունք իրականացնողները, երբ մտնում են այդ պրոցեսի մեջ, հաշվարկում են բոլոր հնարավոր ելքերը»: