կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-07-01 17:23
Հասարակություն

Հակառակորդն օգտվել է մառախուղի հանգամանքից. դիվերսիոն փորձն ու դրա կանխումը

Հակառակորդն օգտվել է մառախուղի հանգամանքից. դիվերսիոն փորձն ու դրա կանխումը

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Տավուշի մարզում` Մեհրաբի ուղղությամբ, ադրբեջանական կողմը դիվերսիայի փորձ է արել, որը կանխվել է հայ դիրքապահների կողմից:

 

Yerkir.am-ին լրացուցիչ մանրամասներ հայտնի դարձան այս դեպքի առնչությամբ: Մեզ պատմեցին, որ այսօր` ժամը 15.30-ից 16-ի սահմաններում, հակառակորդի դիվերսիոն հետախուզական խումբը, օգտվելով առիթից, որ Մեհրաբի ուղղությամբ մի տեղամասում մառախուղ է եղել, փորձել է ճեղքել հայ դիրքապահների պաշտպանական շղթան, ներթափանցել հայկական դիրքապահների թիկունքն ու շրջապատման մեջ գցել մեր զինվորներին: Բայց հայ դիրքապահները շուտ են նկատել ադրբեջանցիների` անցում կատարելու փորձը ու համապատասխան քայլեր ձեռնարկել: Հասկանալով, որ հայ դիրքապահների կողմից իրենց դիվերսիոն փորձն աննկատ չի անցել, ադրբեջանցիներն ինտենսիվ կրակ են բացել հայ դիրքապահների ուղղությամբ: Հայ զինծառայողներն այդ ժամանակ անցել են շրջանաձեւ պաշտպանության, եւ մոտ 10 րոպե անց ադրբեջանցիները հայտնվել են ծուղակում:

 

Հակառակորդի դիվերսիոն գործողությունը, հատկապես` հայտնաբերվելու պահին, ուղեկցվել է ադրբեջանական դիրքերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակված թույլ կրակահերթերով:

 

Մեր աղբյուրը հավաստիացնում է, որ մերոնք ադրբեջանցիների «ջարդը լավ տվել են», բայց քանի որ մառախուղ է եղել, հայ զինվորները չեն տեսել, թե ինչ կորուստներ ունի հակառակորդը, որովհետեւ նրանք, դարձյալ մառախուղից օգտվելով, նահանջել են` այդպես էլ չկարողանալով հատել անգամ չեզոք գոտին:

 

Այս առումով դիմեցինք ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին, ով Yerkir.am-ին տեղեկացրեց, որ հայկական կողմից զոհեր ու վիրավորներ չկան, իսկ հակառակորդի կողմից կորուստների մասին իրենք տվյալներ չունեն, քանի որ հակառակորդը միջադեպի վայրում զոհ կամ վիրավոր չի թողել: Այլ մանրամասներ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի, այս պահին հայտնի չեն: