կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-13 19:24
Առանց Կատեգորիա

Խոսել և միշտ ենք խոսելու կրթությունից՝ անկախ այն հանգամանքից՝ իշխանության մեջ են, թե՝ ոչ. Aysor.am

Խոսել և միշտ ենք խոսելու կրթությունից՝ անկախ այն հանգամանքից՝ իշխանության մեջ են, թե՝ ոչ. Aysor.am

Մենք խոսել ենք և միշտ ենք խոսելու կրթությունից, որովհետև ասելիք ունենք, որովհետև պատմականորեն, մեր  գաղափարախոսական ակունքներում, կարևորել ենք կրթությունը, այն դիտել ենք որպես ազգ, ինքնություն, պետություն կերտելու կարևոր հենասյուն։ Եվ այդ հանձնառությամբ էլ շարունակելու ենք, անկախ այն հանգամանքից՝ իշխանության մեջ ենք, թե՝ ոչ։ Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դաշնակցական նախկին պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Լիլիթ Գալստյանն՝ անդրադառնալով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ երկար տարիներ դաշնակցական գործչի կողմից ղեկավարված կրթության ոլորտում «քարուքանդ վիճակ է»։

«Հիմա փորձեմ, իհարկե ոչ ամբողջական, հիշել այն ծրագրերը, որ իրականացվել են դաշնակցությունը ներկայացնող նախարարի օրոք։

Իսկապես, հենց մեզ է բաժին ընկել նախարարությունը շատ դժվար ժամանակներում ստանձնելը, 1998-ին, երբ պատերազմի, շրջափակման և սոցիալ-տնտեսական ծանր քաղաքականության համատեքստում կրթության ոլորտը առաջնահերթություն չէր։
Այդ շրջանում էր, որ կրթությունը դարձավ կառավարության գերակա ոլորտներից մեկը։ Ուսուցչի աշխատավարձը 30 դոլարի շրջանակում էր, մեր նախարարի օրոք դարձավ 90 000 դրամ։ Մեկնարկեց համաշխարհային բանկի կրթական ծրագիրը, որն ամբողջությամբ ուղղվեց հանրակրթության բարեփոխումներին, մեկնարկեց դասագրքերի պատրաստման ծրագիրը։ Առաջին անգամ անկախ Հայաստանում ունեցանք կրթության ոլորտը կարգավորող և մինչև օրս գործող օրենք՝ Կրթության մասին ՀՀ օրենքը։
Ստեղծվեց Դասագրքերի շրջանառու հիմնադրամը, ներդրվեց «Ուսուցիչ» ծրագիրը, Ներառական կրթության համակարգը, մշակվեցին Փոքրաթիվ դպրոցների կառավարման և ֆինանսավորման կարգերը։

«Համալիր դպրոցաշինության» խիստ կարևոր ծրագրի մեկնարկը տրվեց։ Անչափ կարևորում եմ հանգամանքը, որ դպրոցական ծրագրերում ուժեղացվեց Հայագիտական առարկաների ուղղությունը, ազգային, հայրենասիրական դաստիարակությունը, այդ թվում՝ Հայոց եկեղեցու պատմությունը կամ Հայ դատի կամընտրական դասագիրքը։ Շախմատն իբրև առարկա ներառելը,  դպրոցների հանակարգչայնացումը,  Գերազանցության կենտրոնների հիամնադրումը, Սփյուռքի կրթական հաստատությունների և կառույցների հետ աշխատանքի մեկնարկը, սփյուռքի համար դասագրքերի պատրաստումը, սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը», - թվարկեց մեր զրուցակիցը։

Լիլիթ Գալստյանը նաև հիշեցրեց, որ այդ տարիներին, մեր շատ դպրոցականներ միջազգային օլիմպիադաներից վերադարձել են մեդալներով և պարգևներով, ինչը նույնպես ցուցիչ է։

Նախկին պատգամավորի խոսքով՝ սրանք թռուցիկ, մակերեսային թվարկումներ են, մերկապարանոց հայտարարությանն արագ անդրադարձ, և ինքը հեռու է մտածումից, թե ոլորտում ամեն ինչ կատարյալ է կամ անելիք չկա։

«Կրթությունը, հատկապես, հարատև բարեփոխվող, ժամանակին շարունակ համահունչ լինելու հանձնառությամբ ոլորտ է։ Ինչ վերաբերում է ներկա գնահատականին, 9 ամիսը կրթության կամ գիտության համար կարճ ժամանակահատված է արդյունքի վրա հիմնված գնահատական տալու համար։ Հստակ է՝ կրճատվելու է գիտության ֆինանսավորումը, ուսուցիչների աշխատավարձը չի բարձրանալու, իսկ կառավարության ծրագրում ոլորտային չափելի ցուցիչներ գրեթե չկան։ Իսկ ոլորտին հաջողություն եմ մաղթում, շահառուն բոլորս ենք», - ամփոփեց մեր զրուցակիցը։

 Հեղինակ՝ Անի Ղազարյան