Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 21-ին ադրբեջանական Minval.az-ը հաղորդեց, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ:
Կայքը հղում էր կատարել Ադրբեջանի ռազմական դատախազության հատուկ հետաքննությունների բաժնի ղեկավար Էմիլ Թաղիևին։
Վերջինս հայտարարել էր, թե իբր 1988 թվականի փետրվարից ՀՀ նախկին նախագահներն ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև ազգային թշնամանք, ատելություն հրահրելու նպատակով ժողովներ են հրավիրել։
Այս առնչությամբ 168.am-ը գրավոր հարցեր էր ուղղել ՀՀ Գլխավոր դատախազությանը՝ ցանկանալով տեղեկանալ՝ ի՞նչ հակընդդեմ գործողություններ է ձեռնարկել Հայաստանի Հանրապետությունը:
1. Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Գլխավոր դատախազությունն Ադրբեջանի այդ գործողության՝ 2 նախագահների համար իրավական հետևանքները չեզոքացնելու ուղղությամբ: Ի՞նչ արդյունքներ կան այդ առնչությամբ:
2. Ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության քանի՞ ներկայացուցչի նկատմամբ է հարուցված քրեական գործ Արցախյան առաջին պատերազմի, Ապրիլյան մարտական գործողությունների և 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով:
3. Քրեական գործ հարուցվա՞ծ է արդյոք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ու ԳՇ պետի նկատմամբ: Եթե այո, արդյո՞ք հայտարարված է հետախուզում վերջիններիս նկատմամբ: Եթե ոչ, պատրաստվո՞ւմ է արդյոք գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցել նշված անձանց նկատմամբ, հայտարարել հետախուզում ու հաղորդումներ ուղարկել ընդհանուր իրավազորություն ունեցող երկրների դատախազության ու ոստիկանության մարմիններին:
ՀՀ գլխավոր դատախազությունից մեզ տեղեկացրել են, որ դեռևս 2017թ.-ից դատախազությունը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների ու օտարերկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հետախուզման հարցումների փորձերը կանխելու և ձախողելու ուղղությամբ։
Նման փորձերի վերաբերյալ տեղեկություն ստացվելու յուրաքանչյուր դեպքում ՀՀ դատախազության կողմից կատարվում են համապատասխան ստուգումներ ու ձեռնարկվում միջոցներ դրանք ձախողելու ուղղությամբ։
«Ձեր կողմից նշված անձանց կապակցությամբ ևս (Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան,- Գ.Ս.) ձեռնարկվել են ստուգմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ, որոնց արդյունքում համապատասխան հրապարակումներում առկա տեղեկատվությունը չի հաստատվել»,- նշված է Գլխավոր դատախազությունից մեզ ուղարկված պատասխանում:
Միևնույն ժամանակ Դատախազությունը հարկ էր համարել նշել, որ նման խնդիրների լուծման ուղղությամբ «Ինտերպոլի» Գլխավոր քարտուղարության հետ իրականացվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ այդ գործերով հարցումները «Ինտերպոլի» կանոնադրության 3-րդ հոդվածին չհամապատասխանող ճանաչելու վերաբերյալ, հետևաբար՝ նմանատիպ որևէ հարցման «Ինտերպոլի» գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում:
Ինչ վերաբերում է ՀՀ քննչական մարմիններում քննվող քրեական գործերով ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների վերաբերյալ հարուցված քրեական գործերի առկայության վերաբերյալ հարցադրումներին, ապա Գլխավոր դատախազությունից տեղեկացրել են, որ այդպիսիք հարուցված են, դրանց շրջանակներում մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված են քրեական հետապնդումներ: Այդ քրեական գործով իրականացվում է բազմածավալ քննություն՝ նշված, ինչպես նաև այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու, քրեաիրավական գնահատականների արժանացնելու նպատակով:
«Հընթացս, հավելումն արդեն իսկ քրեական գործերի հարուցման հիմքեր տված տվյալների, նախաձեռնվել է հրապարակային աղբյուրներից Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կոնկրետ ներկայացուցիչների կողմից պատերազմական հանցագործությունների, ազգային, ռասայական ատելության շարժառիթներով ազգամիջյան թշնամանք հարուցելու մասին վկայող փաստական տվյալների, ապացույցների հավաքագրման և քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու գործընթաց: Այդ շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձվել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից հրապարակված համապատասխան զեկույցները»,- պատասխանել էին մեզ Գլխավոր դատախազությունից:
ՀՀ գլխավոր դատախազությունը վստահեցնում է՝ քրեական գործով ձեռք բերված, հիմնավորված փաստական տվյալների, դրանց համադրության արդյունքում լուծվելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչների նկատմամբ քրեական հետապնդումների, դրանից բխող հետախուզումների հարուցման, ինչպես նաև, բավարար հիմքերի ապահովման պայմաններում, արդեն իսկ քրեական հետապնդման ենթարկվող անձանց մեղադրանքները լրացնելու հարցը: