կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-23 13:21
Մշակույթ

Տիգրան Համասյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Բաբախանյան` մեկ բեմում` առանց ամբիցիաների

Տիգրան Համասյան, Վահագն Հայրապետյան, Արմեն Բաբախանյան` մեկ բեմում` առանց ամբիցիաների

Հունիսի 25-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հայկական դաշնամուրային ստեղծագործությունների աննախադեպ համերգ է սպասվում: Առաջին անգամ մի բեմում հանդես կգան երեք անվանի դաշնակահարներ՝ ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը, դաշնակահար Արմեն Բաբախանյանը և «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանը: Համերգի կազմակերպել է «TM Production» ընկերությունը:

 

Ընկերության տնօրեն Թովմաս Մարտիրոսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ համերգին հնչելու են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ` գրված դաշնամուրի համար:

 

«Նմանատիպ համերգ դեռ չի եղել` երեք լավ դաշնակահար ոչ մի անգամ միասին հանդես չեն եկել: Մեր հիմնական նպատակը երաժիշտների, սերունդների միասնականությունը ցույց տալն է: Ուզում ենք, որ այս համերգը երիտասարդների համար օրինակ ծառայի, և մարդիկ տեսնեն ու իմանան, որ ոչ մի վախենալու բան կամ ամբիցիաներ չկան, երբ երեք հայտնի երաժիշտ հանդես են գալիս մեկ բեմում»,- ասաց նա:

 

Ի դեպ, համերգին դաշնակահարները հանդես կգան ոչ միայն սոլո ելույթներով, այլև տրիոներով` կան գործեր, որ նվագելու են երեք դաշնամուրով միաժամանակ:

 

Հարցին, թե դժվար չէ՞ր այսքան արագ երեք երաժիշտների համերգ կազմակերպել, Մարտիրոսյանը պատասխանեց, թե դժվար էր, բայց ոչ մի լավ բան հեշտ չի տրվում. «Դա էլ մեր աշխատանքն է»: