Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տիգրան Համասյանը և Երևանի պետական կամերային երգչախումբը (Հարություն Թոփիկյանի ղեկավարությամբ) Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված նոր նախագիծ են սկսում: Նախագիծը «Լոյս ի լուսոյ» խորագիրն է կրում, որի շրջանակներում նախատեսվում է 100 համերգ` աշխարհով մեկ, այդ թվում նաև` Թուրքիայում: Համերգների մեկնարկը կտրվի Երևանում մարտի 24-ին` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Տիգրան Համասյանը նշեց, որ համերգային ծրագիրը ներառում է բացառապես հոգևոր երգեր:
«Կհնչի 5-19-րդ դարերի հայ հոգևոր երաժշտություն՝ նոր մեկնաբանությամբ: Կոմիտասի, Շնորհալու, Նարեկացու և Մաշտոցի ստեղծագործությունները կհնչեն իմ և կամերային երգչախմբի կատարմամբ: Նախագիծը ներառում է Երևան-Ստամբուլ ուխտագնացություն, ինչպես նաև համերգներ Ջավախքում, Թբիլիսիում, Գանձայում, Կարսում, Ստամբուլում: Ուզում եմ 10 համերգ ունենալ հայկական եկեղեցիներում»,- ասաց նա:
Թուրքիայում համերգները կազմակերևպելու համար Համասյանը փորձում է պայմանագիր կնքել թուրքական մի մեծ կազմակերպության հետ, որի տնօրենը Հրանտ Դինքի մոտ ընկերն է եղել: Նրա կարծիքով` այդ կազմակերպության նախաձեռնած միջոցառումները երբեք չեն խափանվել, և հույս ունի, որ իր համերգների ընթացքին նույնպես չեն խոչընդոտի: «Չնայած ինձ համար միևնույն է` կփորձեն խանգարել, թե` ոչ, քանի որ ես անելու եմ իմ գործը: Միակ մտավախությունս այն է, որ Անիի Տիգրան Հոնենց եկեղեցում նախատեսված համերգը թույլ չեն տա կյանքի կոչել, որվհետև Անին Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց դաշնակահարը:
Համասյանի հավաստմամբ` կարևոր չէ, թե ով կլինի Թուրքիայում տրվող համերգների հանդիսատեսը, կարևորն այն է, որ Աստված լսի իրեն: Նրա համոզմամբ` Ցեղասպանությունը չպետք է ներկայացնենք լաց ու կոծով, այլ, ընդհակառակը, ցույց տանք, որ մեզ սպանելուց հետո էլ մենք կարողացել ենք ոտքի կանգնել և հիմա ունենք մշակույթ, որով կարող ենք դրսում ներկայանալ: «Այս նախագիծն այսպես, թե այնպես քաղաքականացվում է, քանի որ ես ելույթ եմ ունենալու նաև Թուրքիայում: Թուրքիայում ելույթները շատ եմ կարևորում այն իմաստով, որ կարծում եմ` մենք պետք է ներկայացնենք մեր հոգևոր երաժշտությունն այնտեղ, որտեղից սկիզբ են առել դրանք»,- ասաց Համասյանը:
Նա նշեց, որ երբեմն խոսքը լրիվ ավելորդ է դառնում, և մեկ երգն ավելի շատ բան կարող է ասել, քան մեկ ժամ զրույցը: Համասյանը Ցեղասպանությունը վերապրածների սերունդ է և այն, ինչ լսել է իր տատերից, փորձել է ներկայացնել իր երգերի միջոցով:
«Օրինակ` «Յաման յար»-ի բառերը, երաժշտությունը մի ամբողջ պատմություն արժեն: Ես որոշեցի կատարել հենց այդ գործը, քանզի տեսա, որ այդ երգի միջոցով պատմում եմ այն մասին, թե ինչպես են իմ նախնիները Կարսից փախել Գյումրի, ինչպես է Գյումրիի որբանոցներից մեկում տատս ծանոթացել պապիս հետ, ինչպես է կյանքը շարունակվել»,- ասում է Համասյանը:
Ըստ նրա` հոգևոր երգերի միջոցով էլ փորձելու է աշխարհին պատմել Ցեղասպանության մասին: «Մեր հոգևոր երգերն ուղղակի գանձեր են, և մենք պետք է հպարտանանք, որ նման ժառանգության տեր ենք: Հոգևոր երգերի հանդեպ իմ սերը սկսվել է այն ժամանակ, երբ ես դեռ 13-14 տարեկան էի: Երբ սկսեցի լսել դրանք, ուղղակի չկարողացա կանգ առնել, ամեն օր գոնե մի գործ էի լսում ու ուսումնասիրում: Հատկապես Նարեկացու տաղերը միանգամից ներխուժեցին սիրտս: Բավական երկար ժամանակ ուղղակի չէի հանդգնում ձեռք տալ դրանց, մշակել, սակայն երկու տարի առաջ հասկացա, որ դրանք եփվել են իմ մեջ, և ես պատրաստ եմ ներկայացնել հոգևոր ժառանգությունը` իմ մեկնաբանմամբ»,- ասաց երաժիշտը:
Սակայն մինչ հոգևոր երգերի մշակումներին անցնելը` Համասյանը Փարիզում խազերի ուսումնասիրությամբ է զբաղվել` Արամ Քերոբյանի օգնությամբ: Համասյանի կարծիքով` շատ կարևոր է, որպեսզի երաժիշտները փորձեն ներկայացնել հոգևոր մեր հարստությունը, թեկուզ` վատ մշակմամբ, բայց փորձեր արվեն, որպեսզի վերապրվեն դրանք, հետո արդեն, ինքնըստինքյան, որակյալն ու անորակը կտարբերվեն:
Ի դեպ, ապրիլի 24-ին «Լույս ի լուսոյ» խորագրով համերգ տեղի կունենա Բեյրութում, այնուհետև` Ֆրանսիայում և Բելգիայում: Մայիս ամսին նախատեսվում են համերգներ Իտալիայում, Չեխիայում և Գերմանիայում, իսկ հունիսին` կրկին Հայաստանում, Վրաստանում, Իրանում և Թուրքիայում: Որոշակի ընդմիջումից հետո համերգները կշարունակվեն հոկտեմբեր ամսին` Մեծ Բրիտանիայում և Շվեյցարիայում, իսկ դեկտեմբերին համերգային շարքը կամփոփվի ԱՄՆ-ում:
Ի դեպ, բոլոր համերգները տեսագրվելու են, և վերջում փոքրիկ ֆիլմ է նկարահանվելու: