Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ն ամեն ինչ անում է, որպեսզի արտահերթ ընտրությունների պահանջը քաղաքական օրակարգից դուրս չգա: Դրա շուրջ բարձրացված աժիոտաժը, սակայն, խլացնում է այն հարցի պատասխանը, թե կա՞ն, արդյոք, արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական բավարար նախադրյալներ:
Երկրի հիմնական օրենքով ԱԺ-ն ցրելու ընդամենը 4 հիմք է նախատեսված. երբ խորհրդարանը երկու ամսվա ընթացքում երկու անգամ անընդմեջ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, երբ հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, երբ հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, և երբ հերթական նստաշրջանի ընթացքում Ազգային ժողովը երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որևէ որոշում չի կայացնում:
Առանց մեկնաբանության էլ պարզ է, որ այդ իրավիճակներից և ոչ մեկն այսօր առկա չէ, այսինքն՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու իրավական հիմքեր գործնականում չկան: Դժվար է պատկերացնել, որ ՀԱԿ-ում չգիտեն սրա մասին: Իսկ եթե գիտեն, բայց միևնույն է` պնդում են արտահերթ ընտրությունների պահանջը, նշանակում է` կա'մ անտեսում են երկրի գերագույն օրենքի պահանջները՝ խոսելով երկրում օրենքի գերակայության մասին, կա'մ պարզապես, ժողովրդին մանիպուլյացիայի ենթարկելով, մինչև հերթական ընտրություններ «տաք» պահելու պարզունակ խնդիր են լուծում:
Նախագահական ընտրությունների պարագայում իրավիճակը մի փոքր այլ է: Սերժ Սարգսյանին հնարավոր է հեռացնել սահմանադրությամբ նախատեսված երեք դեպքում: Առաջին` երբ օբյեկտիվ, առողջական կամ այլ պատճառներով տևական ժամանակ անհնար է դառնում նրա պաշտոնավարումը: Պարզ է, որ տվյալ պահին նման տարբերակն ուղղակի բացառվում է:
Երկրորդ` նախագահը պաշտոնանկ է արվում` մեղադրվելով պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության մեջ, որի կապակցությամբ առկա է Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացությունը: Սա ևս անիրատեսական է, որովհետև նախ` նման մեղադրանքներ ներկայացնելու համար անհերքելի փաստեր են պետք, եւ հետո` ԱԺ մեծամասնությունը գործող նախագահի քաղաքական հենարանն է և ակնհայտ է, որ այդ քայլին կամ չեն գնա, կամ կգնան ծայրահեղ անհրաժեշտության դեպքում:
Եվ երրորդ` հանրապետության նախագահը հրաժարական է ներկայացնում:
Եթե առաջին երկու տարբերակների դեպքում իրավական հիմքեր են պահանջվում, այս դեպքում գործ ունենք բացառապես նախագահի ցանկության և դրան մղող քաղաքական իրողությունների հետ: Միայն հրաժարականի հետևանքով տեղի ուենցած ընտրություններից հետո հնարավոր կդառնա նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որովհետև ձևավորվում է նոր կառավարություն, որի գործունեության ծրագիրը ԱԺ-ում հաստատել-չհաստատելու խնդիր է առաջանում:
Հետևաբար միակ տարբերակը մնում է շատ հստակ` Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելը: Սակայն այստեղ էլ երկու խնդիր է առաջանում. նախ` եթե հրաժարականի հստակ պահանջը ձևակերպվի, արդյո՞ք Սերժ Սարգսյանը կգնա դրան: Երկրորդ` արդյո՞ք այդ ընտրությունների արդյունքները ցանկացած դեպքում բավարարելու են ՀԱԿ-ին:
2007թ. նոյեմբերին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ անսալով ընդդիմության պահանջներին, նոր, արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու որոշում կայացրեց և դրանից 40 օր առաջ հրաժարական տվեց` որպես թեկնածու ընտրապայքարին մասնակցելու նպատակով: Արդյունքում՝ նա նորից ընտրվեց և այդ ընտրությունների լեգիտիմությունը միջազգային դիտորդները կասկածի տակ չդրեցին: Ավելին. 2008-ի մայիսին նախագահը նորից հաղթեց, որովհետև խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն կազմեց նրան սատարող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը:
Սակայն ընդդիմությունն առ այսօր շարունակում է նախագահի հրաժարականի պահանջի շուրջ շիկացնել մթնոլորտը, այսինքն՝ ընտրությունների արդյունքները նա չընդունեց, թեև դրանք անցկացվել էին իր պահանջով: Կարելի՞ է, արդյոք, բացառել Հայաստանում այս սցենարի կրկնությունը: Սերժ Սարգսյանն ամեն ինչ անում է` ցույց տալու համար, որ հակված է կատարելու ներկայացվող պահանջները, թուլացնելու համար հասարակական ճնշումները: Մյուս կողմից՝ ոչ ոք չի կարող երաշխավորել, որ արտահերթ նախագահական ընտրությունների դեպքում անպայման Տեր-Պետրոսյանն է հաղթելու կամ Սերժ Սարգսյանը չի վերընտրվելու: Իսկ եթե ՀԱԿ-ը դեռ հակված է չընդունելու ընտրությունների ցանկացած այնպիսի արդյունք, որը չի արձանագրելու Տեր-Պետրոսյանի միանշանակ հաղթանակը, կարող ենք առնվազն հայտնվել նույն իրավիճակում, ինչ 2008թ. փետրվաի 19-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ