Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Համասյանի երաժշտական կարիերայի սկզբի մասին
Տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 28-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում համերգով հանդես կգա Տիգրան Համասյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Համասյանը պատմեց, որ երաժշտության հանդեպ սերը մանկությունից է գալիս: Համասյանի հայրը ռոքի սիրահար է եղել, հորեղբայրը` ջազի, և տանն օրն սկսվել է երաժշտությամբ:
«Մեր տանը միշտ երաժշտություն է հնչել: Ծնողներս մանկուց են նկատել, որ երաժշտության հետ շատ կապված եմ, բայց այդ ժամանակ մութ ու ցուրտ տարիները վրա հասան, և դաշնամուրի ու երաժշտության հանդեպ իմ սերը ծնողներիս հույս չէր ներշնչում: Հիշում եմ` հայրս լուսադեմին` ժամը 5-ին, գնում էր` հացի հերթ կանգնելու, իսկ ես արթնանում ու սկսում էի դաշնամուր նվագել: Հետո հայրս «յազվա ստացավ», ես էլ, բնականաբար, երաժիշտ դարձա»,- ասաց երաժիշտը:
Նա նշեց, որ իր կյանքում մի քանիսն են եղել, ովքեր օգնել են իր` պրոֆեսիոնալ շրջանակներում համբավ ունենալուն. «Առաջին անձն իմ հորեղբայրն էր, ով միշտ իմ կողքին է եղել` 3 տարեկանից սկսած: Այն, ինչի հասել եմ, նրա շնորհիվ է: 2000 թվականին Երևանի երկրորդ ջազային փառատոնի հրավիրվածների շարքում էր նաև Ստեփան Կոչոյանն` իր տրիոյով: Կոչոյանը ոչ միայն դաշնակահար է, այլև Ֆրանսիայում մի քանի ջազ-փառատոների գեղարվեստական ղեկավար: Երբ նա ինձ լսեց, ինձնից կոնտակտ վերցրեց և 1,5 տարի հետո ինձ հրավիրեց Ֆրանսիա` փառատոնի մասնակցելու: Հետո սկսեցի տարբեր մրցույթների մասնակցել և կապեր հաստատել պրոֆեսիոնալ ջազմենների հետ: Այստեղից էլ սկսվեց ամեն ինչ»:
***
Համասյանի մշակումների մասին
Համասյանի երգացանկում մեծ տեղ են զբաղեցնում հայկական ժողովրդական երգերի վերամշակումները: Համասյանը վաղուց է զբաղվում հայկական էթնիկ երաժշտության ուսումնասիրմամբ ու մշակմամբ: Նրա կարծիքով` հայկական ու, առհասարակ, ցանկացած ժողովրդական երաժշտություն, պետք է ճիշտ մատուցել, քանի որ ժողովրդականն ինքնին ամեն ինչ ասում է:
«Եթե ես ժողովրդական երաժշտությանն եմ դիպչում և փորձում ժամանակակից ձևով մատուցել` փորձում եմ շատ զգույշ լինել: Ես հիմա էլ ուսումնասիրում եմ մեր հոգևոր երաժշտությունը, իմ ստեղծագործությունների հիմքում ընկած է հայկական երաժշտությունը: Վերջին երկու տարվա ընթացքում խորն ուսումնասիրում եմ հայկական հոգևոր երաժշտությունը: Ժողովրդականը մատուցելու համար պետք է հասկանալ, ուսումնասիրել ու զգալ էթնիկ երաժշտությունը»,- ասում է Համասյանը` հավելելով, որ ստեղծագործությունը մշակելիս երբեք չի մտածում, թե ինչպես պետք է դա անի. «Պարզապես գալիս է այդ երաժշտությունը, այդ պահին երգն այդ տեսքով եմ տեսնում: Սակայն տարիներ անց նույն երգը նորից եմ մշակում, քանի որ ներաշխարհս փոխվում է»:
Այս տարի լրանում է Կոմիտասի 145-ամյակը, որի առթիվ մի շարք համերգներ են տեղի ունենում: Հարցին, թե արդյո՞ք Համասյանն էլ չի պատրաստվում համերգով հանդես գալ, պատասխանեց, որ Կոմիտասին նվիրված համերգ չի նախատեսում, քանի որ ուղղակի չի կարող մի ամբողջ համերգային ծրագիր Կոմիտաս ներկայացնել: «Իմ բոլոր համերգային ծրագրերում ընդգրկված են լինում Կոմիտասի գործերից: Եվ հետո` ես այդ թվերին ուշադրություն չեմ դարձնում, որ մեր մեծերի գործերը հնչեցնեմ»,- ասում է նա:
***
Ֆիլմ` Տիգրան Համասյանի մասին
Կինոռեժիսոր Ադրիան Ռիվոլիերը Տիգրան Համասյանի մասին ֆիլմ էր նկարել: Համասյանը նշեց, որ Ադրիանն ուզում է, որ այն Հայաստանում ցուցադրվի, բայց դեռ հստակ պայմանավորվածություն չկա:
«Ֆիլմը ստեղծվել է ոչ իմ նախաձեռնությամբ, ավելին` ես անգամ դեմ էի ֆիլմի ստեղծմանը: Սակայն ես ու Ադրիանն ընկերացանք և 3 տարի նա ինձ հետևեց աշխարհի տարբեր ծայրերում ու ստացավ թույլտվություն` ֆիլմ նկարելու»,- ասաց Համասյանը:
Ֆիլմը փաստավավերագրական է, այն ներկայացնում է Համասյանի ստեղծագործելու ընթացքը: Ֆիլմը նվիրված է Ադրիանի տատիկին, բայց քանի որ Ադրիանը շատ է նկարել Համասյանին ու իր տատին միասին, այն, Համասյանի կարծիքով, կարծես տատ ու թոռ հարաբերությունները ներկայացնի:
***
Ապագա ծրագրերի մասին
Համասյանն իր տրիոյով /Սեմ Մինայի /բաս-կիթառ/, Արթուր Հնաթեքի /թմբկահար/ / պատրաստվում է նոր ձայնասկավառակ թողարկել: Ձայնասկավառակի թողարկման աշխատանքներով կզբաղվի «Nonsuch» ընկերությունը:
«Ալբոմում ընդգրկված գործերի 90 տոկոսի հեղինակը ես եմ, իմ մշակած գործերն են: Ձայնասկավառակում մի գործ էլ կա, որը կատարում ենք Գայանե Մովսիսյանի հետ»,- ասաց դաշնակահարը:
Ի դեպ, 2015-ի հունվարին ձայնասկավառակն արդեն պատրաստ կլինի: