կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-17 15:00
Իրավական

Ովքե՞ր են դուրս մնացել օֆշորային սկանդալից. ԿԲ-ն կկանգնի՞ փաստի առջև

Ովքե՞ր են դուրս մնացել օֆշորային սկանդալից.  ԿԲ-ն կկանգնի՞ փաստի առջև

 

Yerkir.am-ն իր նախորդ` «Որքանո՞վ են ապահովված բնակիչների ավանդները Հայաստանի ամենաարտոնյալ բանկում» հրապարակման մեջ անդրադարձել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից որոշ բանկերի, մասնավորապես` «Յունիբանկի» նկատմամբ ընտրովի վերահսկողություն սահմանելու մեխանիզմներին, ինչի արդյունքում և հիշյալ բանկը հայտնվել էր ԿԲ-ի վերահսկողությունից դուրս: Սակայն, ուսումնասիրելով թեման և վերլուծելով ԿԲ ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանի գործունեությունը, ինչպես նաև հաշվի առնելով նրա անձնական տվյալները, պարզ դարձավ ԿԲ-ի վերահսկողական ծառայության գործունեության իրական պատկերը:

 

Պարզվում է` ԿԲ-ն ոչ միայն արտոնություններ է տալիս առանձին բանկերի, այլև աչք է փակում որոշ գործարարների կողմից փողերի լվացման դեպքերին, որոնցում առկա ապօրինությունները կարող է ընդգծել անգամ տնտեսագիտականի առաջին կուրսի ուսանողը: ԿԲ-ի «աչքից վրիպած» ֆինանսական մեքենայությունների մի դեպքի հանրությունն արդեն ծանոթ է: Խոսքը գործարար Փայլակ Հայրապետյանի ունեզրկման մասին է: «Հետք»-ի կատարած հետաքննության ընթացքում պարզվեց, որ օֆշորային սկանդալի գլխավոր հերոս` գործարար Աշոտ Սուքիասյանը 2010 թ. հունիսի 25-ից մինչև 2011 թ. հունիսի 15 ընկած ժամանակահատվածում Կիպրոսում գրանցված երեք ընկերությունների հաշվեհամարներին, ընդհանուր առմամբ, փոխանցել է մոտ 9.500.000 ԱՄՆ դոլար, որոնցից մոտ 5 000 000 ԱՄՆ դոլարը հետ է ստացել իր «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկ»-ում բացված հաշիվներին, որտեղից էլ այդ գումարները «մաքրվել» են:

 

Առաջին հայացքից հստակ է փողերի լվացման դասական սխեման` անձը ստանում է նպատակային վարկ, ըստ այդմ` կատարում փոխանցումներ, հետո այդ գումարների մի մասը «հետ են գալիս» և անհետանում հաշվից: Նշենք, որ նման փոխանցումներ կատարելիս առնվազն մի քանի մարմնից իրազեկում է ուղարկվում ԿԲ, մասնավորապես` նոտարից, որը գործարքի մասին տեղեկատվություն է ներկայացնում և վավերացնում գրավի պայմանագրերը, բանկից, որը տրամադրում է վարկը և կատարում փոխանցումները և, ի վերջո, կադաստրից, որը կատարում է գրավի առարկայի նկատմամբ պետական գրանցումները: ՀՀ օրենսդրությունը միանշանակ սահմանում է կազմակերպությունների և անձանց ցանկը, որոնք ի պաշտոնե պարտավոր են կանխարգելել նման երևույթները ՀՀ ում:

 

Այսպես` «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի 1-ին գլխում նշված է այն մարմնի անվանումը, որն իրավասու է վերահսկողության եւ պատասխանատվության միջոցներ կիրառել: Նշված գլխի 8-րդ կետում էլ սահմանված է, որ վերահսկող մարմինը հաշվետվություն տրամադրող անձին լիցենզավորող (նշանակող, որակավորում տվող կամ այլ կերպ գործունեության թույլտվություն տրամադրող) եւ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմինն է: Ըստ այս օրենքի` վերահսկողություն իրականացնող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկն է: Նույն օրենքի 2-րդ գլխի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է տեղեկացման ենթակա գործարքները կամ գործարար հարաբերությունները:

 

Այսպես`  Հաշվետվություն տրամադրող անձինք լիազոր մարմնին են տրամադրում հետևյալ գործարքներից ցանկացածի վերաբերյալ հաշվետվություն`

1) գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 20 միլիոն դրամը,

2) անշարժ գույքի հետ կապված գործարքներ, որոնց արժեքը գերազանցում է 50 միլիոն դրամը:

 

Համադրելով Փ. Հայրապետյանի և Ա. Սուքիասյանի գործարքներում պտտված գումարների չափը` ակնհայտ է դառնում, որ այս ամենի մասին ԿԲ-ն տեղյակ է եղել նախօրոք, և եթե իր պարտականությունները կատարեր պատշաճ, ապա հանցագործությունն, ամենայն հավանականությամբ,  կկանխվեր:

 

Հիշեցնենք, որ այս դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում: Գործով, որպես մեղադրյալ, ներգրավված է դեռևս Թբիլիսիում գտնվող Աշոտ Սուքիասյանը, որի արտահանձմանն «անհամբեր» սպասում են Հայաստանում: Նրան մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներ օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Վերջինս փողերի լվացման հայտնի հոդվածն է: Նշենք, որ Աշոտ Սուքիասյանը փողերը լվացել է ԿԲ-ի` ոչ պակաս «արդյունավետ վերահսկողության տակ գտնվող» «Ամերիաբանկի» միջոցով: Ի դեպ, գործին առնչվող բանկի մի շարք աշխատակիցներ և պաշտոնյաներ արդեն իսկ հարցաքննվել են:

 

Կրկին անդրադառնալով «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքին` նշենք այն կետերը, որոնք սահմանում են, թե որ դեպքում լիազոր մարմինը` ԿԲ-ն, կարող է քրեական հետապնդման մարմիններին հանցագործության մասին հաղորդում ուղարկել, այսպես` եթե հաշվետվություն տրամադրող անձանցից սույն օրենքով սահմանված կարգով ստացված հաշվետվության կամ այլ տեղեկությունների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ առկա են փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման հիմնավոր կասկածներ: Հաղորդման հետ միաժամանակ կամ հետագայում, ի լրումն հաղորդման, քրեական հետապնդում իրականացնող մարմնին կարող են ներկայացվել նաև հաղորդման մեջ նշված հանգամանքները հավաստող այլ նյութեր: Հաղորդումը կամ ի լրումն հաղորդման տրամադրված նյութերը կարող են պարունակել օրենքով սահմանված գաղտնիք հանդիսացող տեղեկություններ:

 

Հաշվի առնելով այս օրենքով ԿԲ-ին տրված լիազորությունները` ստացվում է` Կենտրոնական բանկը կարող էր կանխարգելել կատարված հանցագործությունը և Փ. Հայրապետյանին զերծ պահել սնանկացումից: Իսկ թե ի՞նչն է խանգարել ԿԲ-ին աչք փակել կատարվածի վրա, պետք է պարզեն պատկան մարմինները, հատկապեսգործը քննող Քննչական գլխավոր վարչությունը:

 

Իսկ մինչ այդ ընդամենը պետք է հիշել, թե ով է Կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը: Նա ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի խնամին է, իսկ նրա որդին` Հայկ Սուվարյանը, նույն ինքը` նախկին վարչապետի փեսան, «Յունիբանկի» ներքին աուդիտի տնօրենն է:

 

Տիգրան Սարգսյանի մասով ընդամենը հիշեցնենք, որ Փ.Հայրապետյանից հափշտակված գումարներն, ամենայն հավանականությամբ, (վերջնականապես պարզ կդառնա միայն քննության ավարտից հետո) փոխանցվել են Կիպրոսում գտնվող` Տ.Սարգսյանի ընկերության հաշվին, որտեղից էլ, փոխանցվելով «Ձորագյուղ» ա/կ-ի՝ «Ամերիաբանկ»-ում բացված հաշիվներին, անհետացել:

 

Եվ ահա, եթե պատկերացնենք, որ Սուվարյանն առաջնորդվել է հայերիս բնորոշ` «ինչ անում ենք` երեխաների համար ենք անում» սկզբունքով, ապա պարզ է դառնում նրա միտումնովոր անգործության և լռության պատճառը: Այս ամենը համադրելով նախկին վարչապետի պաշտոնանկությունից և Սուքիասյանի ձերբակալումից հետո Սուվարյանների մոտ նկատվող անհանգստություն հետ` հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Կենտրոնական բանկի վերահսկող մեխանիզմները «լավագույնս կառավարող» խնամին այսօր հստակ գիտակցում է, որ Սուքիասյանը, ուզի, թե չուզի, խոսելու է, իսկ նման պարագայում մնում է հրաժեշտ տալ պաշտոնին… Սակայն, եթե անգամ մի պահ մոռանանք օֆշորային սկանդալի վերաբերյալ քրեական գործը և դրանում Հրանտ Սուվարյանի «մասնակցությունը», ապա նա, միեւնույն է, նախանձելի վիճակում չէ: Օրինակ` եթե ապացուցվի, որ ԿԲ-ն պատշաճ կերպով ստացել է համապատասխան հաշվետվությունները, սակայն Հ.Սուվարյանի, մեղմ ասած, անգործության հետևանքով չի կասեցվել հանցագործությունը, ապա ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 1063 հոդվածի ուժով` Փ.Հայրապետյանը իրավունք է ստանում իր կրած վնասները պահանջել ԿԲ-ից, իսկ վերջինս էլ` ռեգրեսիվ հայցով` իր ֆինանսական վերահսկողության վարչության պետ Հ.Սուվարյանից:

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Yerkir.am

Հ. Գ. Թեև օրեր առաջ Վրաստանի արդարադատության նախարարը ստորագրել է Սուքիասյանի արտահանձման պայմանագիրը, սակայն նրա վերադարձն անհասկանալիորեն ձգձգվում է: Մտավախություն կա, որ մինչև օֆշորային սկանդալի գլխավոր հերոսը մե~կ, երկու~, երե~ք քայլերով Վրաստանից գա, մյուս դերակատարաները, մեկ-երկու, մեկ-երկու անելով, «կհեռանան»: