կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-22 16:56
Քաղաքական

Եթե շարունակեն նույն ոճով, կասկած չունեմ, որ Հայաստանը կկանգնի ևս մեկ արտահերթ ընտրությունների առջև

«Բավական քննարկումներ են գնում, թե՝ կրել ենք, չենք կրել, պարտվել ենք․ նկատում եմ մեր կողմնակիցների կողմից որոշակի հիասթափության կամ տրամադրությունների անկման տենդենց,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Սա նախագահական ընտրություներ չեն, որտեղ մրցանակը մեկն է, կա հաղթող և պարտվող։ Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան։ Ովքեր անցնում են, պարտվող չեն համարվում»։

«Ես կառաջարկեի նայել՝ ինչ տոկոսներ են հավաքել այն կուսակցությունները, որոնց հիմնական նպատակը եղել է մեր՝ «Հայաստան» դաշինքի ու իմ դեմ քարոզչություն տանելը։ Սա ամենից լավ ցուցանիշն է, թե ինչ է կատարվել այդ դաշտում»,- ասաց երկրորդ նախագահը։

Նա պատասխանեց նաև մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ նշելով՝ լուրջ քննարկում է գնում, բայց վերջնական որոշում չկա։ «Երեկ քննարկումն էինք նաև այստեղ, և Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն բերեց․ ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ ամբողջական խնդիրը եթե չի լուծվում, բայց վերցնում ես խրամատներ, պետք է դրանք ամրացնես՝ հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, գուցե այդ համեմատությունը ավելի մեղմ տերմիններով բերենք։ Մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար լուրջ, նոր հնարավորություններ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։