Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանի խոսքով` պետական բարձրաստիճան պաշտոնյաները որևէ կերպ չդատապարտեցին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի հետ կապված օֆշորային գործարքները:
«Վարչապետը շնորհակալություն հայտնեց ԴԱՀԿ նախկին պետին, բայց որևէ կերպ չանդրադարձավ օֆշորային սկանդալին` տարանջատելով պաշտոնյայի գործառույթները բիզնես մարդու գործառույթից: Գուցե նա իսկապես շատ լավ ղեկավարում էր ծառայությունը, և դրա համար վարչապետն անդրադարձավ, բայց հանրությունը սպասում էր, որ դրան կհաջորդի պետական պաշտանաատար անձանց կոչը, որ ձեռնպահ մնան բիզնես գործունեությունից կամ օֆշորային գործարքներից, քանի որ այդ կերպ ստվեր են գցում պետության վրա»,- «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասաց նա:
Անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը` ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը՝ մենաշնորհների դեմ պայքարի մասով, կարևոր է, բայց պետք է ասվի, թե մինչև հիմա ի՞նչ վնաս է հասցվել պետությանը և ինչպե՞ս փոխել իրավիճակը: Կան ապրանքային շուկաներ, որտեղ գերիշխում են մի քանի սուբյեկտներ: Բացի այդ` պետք է ժամանակային ինտերվալ սահմանվի, որ մի քանի ամսի ընթացքում մի քանի մենաշնորհի հարց լուծվի»:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ, անդրադառնալով վարչապետի` բարձրաստիճան պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու մասին հայտարարությանը, ասաց, որ կառավարություն է ներկայացվել բարձրաստիճան անձանց հայտարարագրերի վերաբերյալ նախագիծ, համաձայն որի` հայտարարագիր չներկայացնելու, կեղծ հայտարարագրեր ներկայացնելու կամ թաքցնելու համար վարչական և քրեական պատասխանատվություն է նախատեսվում: «Մենք հաշվի ենք առել կոռուպցիայի դեմ պայքարի նախորդ ռազմավարությունների բոլոր խնդիրները և նոր մոտեցումներ դրսևորել, տարբեր ոլորտներում կոռուպցիայի ռիսկերի վերլուծություն է անցկացվել: Այս բարեփոխումները ոչ թե անում ենք պետական մարմինների համար, այլ` հանրային վստահության»,- ասաց փոխնախարարը: