կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-26 16:20
Առանց Կատեգորիա

Հայաստանը կկանգնի ջրբաժանի առջև. ընտրության ծանր պահը

Հայաստանը կկանգնի ջրբաժանի առջև. ընտրության ծանր պահը

Մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան (ԳԱ), Ուկրաինայի ճգնաժամի հետ կապված, նիստ է գումարելու: Ուկրաինան, Կոստա Ռիկայի, Բոտսվանայի, Քաթարի, Կանադայի և Լեհաստանի հետ համահեղինակությամբ, ԳԱ-ին Ղրիմի հանրաքվեի հարցով բանաձևի նախագիծ է ներկայացրել, որով անվավեր է ճանաչվում երկրամասում անցկացված հանրաքվեն, ինչպես նաև այն իրեն վերամիավորելու` Ռուսաստանին որոշումը:

 

Դրանից ընդամենը տասը օր անց մեկնարկող Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում, ամենայն հավանականությամբ, քննարկման առարկա կդարձվի ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները վերանայելու հարցը: Միջնորդագրի ներքո ստորագրել է տարբեր երկրների պատվիրակություններ ներկայացնող 74 պատգամավոր: Նախաձեռնությունը պատճառաբանվում է նրանով, որ Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունները խախտում են ԵԽ հիմնարար սկզբունքները:

 

Թե հատկապես ի՞նչ է ենթադրում «լիազորությունների վերնայում» արտահայտությունը, հստակեցված չէ: Սակայն շրջանառվում է երկու հնարավոր տարբերակ` որոշակի ժամանակահատվածով պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկում կամ ԵԽԽՎ կազմից հեռացում: Այս նախաձեռնություններն ուկրաինական խնդրի պատճառով Ռուսաստանի նկատմամբ միջազգային սանկցիաների ուժեղացման շարքից են:

 

Դրանց հետ Հայաստանն առ այսօր որևէ առնչություն չի ունեցել` ձգտելով որքան հնարավոր է չեզոքություն պահպանել: Պաշտոնական Երևանը բավարարվել է միայն, ի դեմս Ղրիմում անցկացված հանրաքվեի, ինքնորոշման իրավունքի իրացման հերթական փաստն արձանագրելուն ուղղված և ՄԱԿ-ի կանոնադրությամբ առաջնորդվելու անհրաժեշտությունը ֆիքսող` չափազանց ընդհանրական մի մոտեցմամբ, այն էլ ընդամենը ՀՀ և ՌԴ նախագահների հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մակարդակով` փաստացի շրջանցելով Ղրիմն իրեն միացնելու` Ռուսաստանի քայլին գնահատական տալու խնդիրը: Սակայն ՄԱԿ-ի ԳԱ-ում և ԵԽԽՎ-ում սկսված այս նոր գործընթացները ստեղծում են մի իրավիճակ, երբ լղոզված հայտարարությունները կամ հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններն այլևս չեն փրկելու: Երկու դեպքում էլ Հայաստանը կանգնելու է հստակ ընտրություն կատարելու և դա կոնկրետ գործողությամբ` քվեարկությամբ վավերացնելու անխուսափելիության առջև: Ըստ էության` խոսքը կոնկրետ ջրբաժանի, երկընտրանքի առջև կանգնելու մասին է` ցանկացած ընտրություն կատարելուց բխող միանգամայն կանխատեսելի և, մեղմ ասած, ոչ այնքան հաճելի հետևանքներով: Հետևաբար, առաջին պլան է գալիս այն հարցը, թե ցայտնոտային այս իրավիճակից դուրս գալու ինչպիսի ելքեր է տեսնում Հայաստանի իշխանությունը: Ըստ ամենայնի` Երևանը կփորձի ոչ թե ունիվերսալ մոտեցմամբ առաջնորդվել, այլ` հաշվի առնելով երկու կառույցներում որոշումների ընդունման առանձնահատկությունները և ընդունվելիք բանաձևերի ձևակերպումները:

 

Այս իմաստով ԵԽԽՎ պատվիրակության խնդիրը համեմատաբար ավելի հեշտ է դառնում: Բանն այն է, որ տվյալ դեպքում խնդիրը վերաբերում է ոչ թե Ղրիմի ներկայիս կարգավիճակի օրինականությունը ճանաչելուն, այլ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների սաստկության աստիճանին կամ կիրառման նպատակահարմարությանը: Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանին նույնիսկ ձեռնտու է, եթե եվրապատվիրակները հնարավորինս կոշտ սանկցիաներ կիրառելու դիրքորոշում հայտնեն: Դա հնարավորություն է տալու քննարկումը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների գնահատման թեմատիկայից տեղափոխել պատժամիջոցները մեղմելու հարթություն և հենց դրանով էլ հիմնավորել պատվիրակության քվեարկությունը: Անհրաժեշտության դեպքում կարելի է օգտագործել նաև պատվիրակության ձայները քվեարկության ժամանակ «կողմ»-ի և «դեմ»-ի միջև կիսելու մեթոդը` մեղմացնելու համար ՌԴ-ին պատժելու թե' կողմնակիցների և թե' հակառակորդների ճնշումները:

 

Անհամեմատ ավելի բարդ է վիճակը ՄԱԿ-ի ԳԱ-ի պարագայումերկու հիմնական պատճառով: Նախ` Հայաստանն այստեղ ընդամենը մեկ ձայն ունի, որն արտահայտելու է պաշտոնական կոնկրետ դիրքորոշում: Երկրորդ` քվեարկության միջոցով հարցը դրվելու է շատ հստակ` Հայաստանը լեգիտի՞մ է համարում Ղրիմի միացումը Ռուսաստանին, թե՞ ոչ: Սա փակում է ամենատհաճ հարցից խուսանավումների, մանևրումների բոլոր ճանապարհները: Այն հանգամանքը, որ Գլխավոր ասամբլեայի ընդունած բանաձևերը կիրառական նշանակություն չունեն, այս դեպքում դառնում է երկրորդական, որովհետև դրա իրական խնդիրը հստակեցնելն է, թե ով է Ռուասատանի դեմ, ով` նրա հետ, ինչը և կարող է կանխորոշել այդ երկրների հետ հետագա հարաբերությունների որակն ու բովանդակությունը թե' Արևմուտքի եւ Ուկրաինայի, թե' Ռուսաստանի կողմից: Պատահական չէ Կիևի այն հայտարարությունը, որ Ուկրաինայի դեսպանի` Հայաստան վերադառնալու հարցի կորոշվի` ՄԱԿ ԳԱ-ում Հայաստանի քվեարկությունից ելնելով: Սա, ըստ էության, նոր աշխարհակարգի ձևավորման յուօրինակ փուլի, զտիչի դեր է կատարելու և հենց դրանով էլ ավելի վտանգավոր է:

 

Գործնականում միակ տարբերակը, որ ունի Հայաստանը, Ղրիմի հարցով բանաձևին ԳԱ-ում ձեռնպահ քվեարկելն է: Մի գործիք, որը Երևանը դեռ 2012թ. կիրառեց Սիրիայի հարցով բանաձևի քննարկման ժամանակ: Եթե Արևմուտքը կարող է հասկանալ Երևանի նման որոշումը, ապա այնքան էլ պարզ չէ, թե ինչպես դրան կարձագանքի Մոսկվան: Իրավիճակի բարդությունն այն է, որ Ղազախստանն ու Բելառուսը, այսինքն` Մաքսային միության անդամ երկրները, հայտարարել են Ղրիմի հարցում Ռուսաստանի գործողությունների լեգիտիմ լինելու մասին: Եվ Մոսկվան կարող է նույնպիսի մոտեցում ակնկալել կամ պահանջել նաև ՄՄ-ի պոտենցիալ անդամը հանդիսացող Հայաստանի իշխանություններից, որոնց համար ռուսներին մերժելու կատեգորիա ընդհանրապես գոյություն չունի: Բայց ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը ոչ թե դա է, այլ այն, որ Հայաստանի իշխանությունն այդպես էլ չկարողացավ կամ չցանկացավ օգտագործել իր հիմնական խաղաքարտը` ԼՂ հիմնահարցի չկարգավորված լինելը, ինչպես դա հաջողությամբ արեց 2008թ. ռուս-վրացական պատերազմից հետո` Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը միակողմանիորեն ճանաչելու պարագայում: Որևէ քայլ կամ հայտարարություն այդպես էլ չարվեց այն մասին, որ, ինքնորոշման իրավունքին գերակայություն տալով հանդերձ, ԼՂՀ-ն ճանաչած չլինելու պարագայում Երևանը պարզապես չի կարող կողմ կամ դեմ լինել նմանատիպ որևէ պրոցեսի` անկախ նրանից` աշխարհի որ կետում է դա տեղի ունենում: Հետևաբար, իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը, հենց սեփական դիմազուրկ և պասիվ դիվանագիտության հետևանք է:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ