կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 15:24
Առանց Կատեգորիա

ԵՏՄ-ին Հայաստանի անդամացկության հարցը որոշվում է...Բաքվո՞ւմ

ԵՏՄ-ին Հայաստանի անդամացկության հարցը որոշվում է...Բաքվո՞ւմ

Հունիսի սկզբներին Սերբիան և Բուլղարիան հայտարարեցին ռուսական գազը եվրոպական շուկա հասցնելու նոր խողովակաշարի` «Հարավային հոսք»-ի կառուցման աշխատանքները դադարեցնելու մասին: Պաշտոնական պատճառաբանությունն այն էր, թե Եվրահանձնաժողովը խողովակաշարի կառուցմանը վերաբերող մի շարք համաձայնագրերում հայտնաբերել է ԵՄ-ի հակամոնոպոլ նորմատիվներին հակասող կետեր:

 

Սակայն այս տարվա ապրիլին Եվրախորհրդարանը, պայմանավորված Ուկրաինայում իրավիճակի սրման հարցում Ռուսաստանին ուղղված մեղադրանքներով, ընդունել էր բանաձև` հորդորելով հրաժարվել այդ գազատարի շինարարությունից: Բացի դրանից` «Հարավային հոսք»-ի վերաբերյալ առաջին համաձայնագրերը ստորագրվել են դեռևս 2007թ.-ին, և տարօրինակ է թվում, որ ԵՄ-ն դրանից միայն 7 տարի անց է պարզում, որ փաստաթղթերում իր չափորոշիչներին չհամապատասխանող կետեր կան: Այս ամենը վկայում է, որ գազատարից հրաժարումը, գոնե այս փուլում դիտարկվում է որպես Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոց, ինչպես նաև եվրոպական շուկայի վրա Մոսկվայի էներգետիկ ազդեցությունը նվազեցնելու միջոց:

 

Այս համատեքստում պետք է դիտարկել նախորդ շաբաթավերջին Եվահանձնաժողովի նախագահ Ժոզե Բարոզուի կատարած այցերը Վրաստան և Ադրբեջան: Չնայած պաշտոնապես այցը կապվեց ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի և դրա անդամ երկրների հետ ասոցացման համաձայնագրերի շուրջ տարվող բանակցությունների հետ, սակայն փաստը, որ Բարոզուի տուրնեն չի ներառել այդ ծրագրի անդամ հանդիսացող Հայաստանը, վկայում է Հարավային Կովկասում նրա հետապնդած բոլորովին այլ նպատակների մասին:

 

Մասնավորապես` Բաքվում նախագահ Իլհամ Ալիևի հետ բանացկություններից հետո Բարոզուն հայտարարել է. «Մենք քննարկել ենք Հարավային գազային միջանցքի նախագծի արագացման եւ ընդլայնման ուղիները եւ եկանք համաձայնության, որ դա մեզ համար կլինի գերակա գալիք տարում: Մենք նաև քննարկել ենք այս թեման տարածաշրջանի այլ երկրների հետ` հաշվի առնելով հնարավոր զարգացման ուղիները»: Այլ կերպ ասած` Բարոզուն Թբիլիսի և Բաքու է այցելել` քննարկելու Կասպիական ավազանը Եվրոպային կապելու` գազային «հարավային նոր միջանցք» ստեղծելու հարցը: Այս զարգացումները Եվրոպայի համար մեծացնում է Ադրբեջանի քաղաքական և աշխարհաքաղաքական արժեքը: Բացարձակ պատահական չէ, որ Բաքվում Բարոզուն շատ ավելի զգուշավոր և հանդուրժողական բառապաշար է օգտագործել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ոլորտներում տիրող իրողությունների մասին, քան մինչ այդ իրեն թույլ էր տալիս Բրյուսելը:

 

Այս շաբաթ Բաքու է այցելելու նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Թեեւ օրակարգի մասին գրեթե ոչինչ հայտնի չէ, սակայն ակնհայտ է, որ նա Բաքվում փորձելու է հասնել միանգամից երկու նպատակի: Նախ` հասկանալ` որքանով է լուրջ արդբեջանա-եվրոպական «հարավային միջանցքի» կառուցման հեռանկարը և հնարավորության դեպքում այն կանխելու միջոցներ ձեռնարկել, երկրորդ` սկսել Ադրբեջանին Եվրասիական տնտեսական միություն ներգրավելուն ուղղված կոնկրետ գործընթաց: Հատկապես «Հարավային հոսք»-ից Եվրոպայի հրաժարվելու հեռանկարի պարագայում այդ խնդրի լուծումը Մոսկվայի համար դառնում է սկզբունքային: Պատահական չէ, որ Լավրովի այցից գրեթե անմիջապես հետո Բաքու է այցելելու նաև ՌԴ փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դմիտրի Ռագոզինը:

 

Այսպիսով` կարելի է արձանագրել, որ Եվրոպայի և Ռուսաստանի միջև իսկական դիվանագիտական պատերազմ է սկսվում Ադրբեջանի «յուրացման» համար, որտեղ ամենաշահավետ վիճակում հայտնվում է Բաքուն` հնարավորություն ստանալով խաղալ միաժամանակ երկու լարերի վրա:

 

Հասկանալով Բրյուսելի և Մոսկվայի համար իր «ինքնարժեքի» բարձրացման իրողությունը և այն հանգամանքը, որ սկսված այդ ճակատամարտը իր համար քաղաքական «աճուրդի» և զիջումներ կորզելու հնարավորություն է ստեղծում` Բաքուն ձգտելու է իրավիճակից առավելագույն դիվիդենդներ քաղել` առաջին հերթին բարձրացնելով Ղարաբաղյան հիմնահարցում իր շահերի հետ հաշվի նստելու և Հայաստանին զիջումների պարտադրելու ավանդական հարցը:

 

Միաժամանակ, սակայն ակնհայտ է, որ թե' Բրյուսելի և թե' Մոսկվայի համար հենց ԼՂ հիմնահարցն է կատարում այդ աճուրդում հակառակ կողմի հետ «գործարք կնքելու» գայթակղությունից Ադրբեջանին զսպելու հիմնական միջոցը, ինչը հրաշալի հասկանում են նաև Բաքվում: Դա ստիպելու է մտածել ոչ այնքան ամեն ինչ, որքան դիրքային այնպիսի առավելություն ստանալու մասին, որը չի խաթարի մյուս կողմի հետ իր կապերը:

 

Մասնավորապես` Ռուսաստանի հետ բանակցություններում Բաքուն կարող է Հայաստանի և ԼՂՀ-ի սահմանագծին մաքսակետեր դնելու պահանջը ներկայացնել որպես ԵՏՄ-ին իր հնարավոր անդամակցության շուրջ քննարկումների նախապայման` հիմք ընդունելով ԵՏՄ անդամ երկրների նախագահներին ուղարկած իր նամակը և փաստը, որ Ղազախստանի նախագահ Նազարբաևի կողմից այդ հարցի բարձրացմանը նախագահ Պուտինը որևէ կերպ չարձագանքեց:

 

Բոլոր դեպքերում սա նոր իրավիճակ է ստեղծում Հայաստանի համար, որը հայտնվում է ԵՄ-Ադրբեջան-Ռուսաստան նոր եռանկյունու թակարդում: Թեեւ արդեն լրացել է Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ԵՏՄ-ին միանալու պայմանագրի ստորագրման համար խնդրած ժամկետը, և ընդամենը երկու շաբաթ է մնացել այն վերջնաժամկետին, որը նույն նպատակի համար տրվել էր ԵՏՄ պայմանագիրն ստորագրած երկրների կողմից, սակայն այդպես էլ պարզ չի դառնում` որքանո՞վ է իրատեսական հուլիսի 1-ի դրությամբ ԵՏՄ-ին Հայաստանի վերջնական անդամակցության հարցի լուծումը:

 

Եթե մինչև վերջերս խոսվում էր այդ ժամկետում անդամակցության պայմանագրի ստորագրման մասին, ապա հիմա ոչ պաշտոնական, փորձագիտական մակարդակով խոսվում է ընդամենը այդ մասով որոշումը հստակեցնելու մասին: Որևէ կասկած չի կարող լինել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության կամ դրա պայմանների հարցը փորձ է արվում լուծել Բաքվում, ինչից ավելի խայտառակ իրողություն ուղղակի հնարավոր չէ պատկերացնել հայաստանյան դիվանագիտության համար` նրա որդեգրած սպասողականության պարագայում:

 

Պաշտոնական Երևանը ոչ մի կերպ չի ուզում տեսնել, որ որքան տարածաշրջանում արժևորվում է Աբրբեջանի կշիռը, այնքան մեծանում է Հայաստանի արժեզրկման և դիվանագիտության սուբյեկտից օբյեկտի վրածվելու հավանականությունը: Երևանը փորձ չարեց իր կշիռը Եվրոպայում բարձրացնելու և Ռուսաստանին ավելի սառը և հավասարակշռված քաղաքականություն վարելուն դրդելու համար օգտագործել նախագահ Սերժ Սարգսյանի` Ավստրիա կատարած պաշտոնական այցը, որը կարող էր և պետք է հակակշռեր Բարոզուի` Բաքու այցին:

 

Երևանը համառորեն մերժում է իրանական ուղղությունը զարգացնելու` միանգամայն հնարավոր և մեծ հեռանկարներ խոստացող ուղղությունը, որը կարող էր դիտարկվել ռուս-եվրոպական աքցանից դուրս պրծնելու այլընտրանքային «միջանցք»:

 

Գևորգ Աղաբաբյան