կարևոր
17806 դիտում, 9 ամիս առաջ - 2024-01-11 12:26
Տարածաշրջան Քաղաքական

Հայաստանը կգոյատեւի՞, թե՞ կկազմաքանդվի՝ ցույց կտա Փաշինյանի դիրքորոշումը․ Ահմադ Քազեմին վերլուծել է Հաջիեւի շուրթերով բացահայտված ադրբեջանական կողմի գաղտնի առաջարկը

Հայաստանը կգոյատեւի՞, թե՞ կկազմաքանդվի՝ ցույց կտա Փաշինյանի դիրքորոշումը․ Ահմադ Քազեմին վերլուծել է Հաջիեւի շուրթերով բացահայտված ադրբեջանական կողմի գաղտնի առաջարկը

Ադրբեջանը Նախիջեւանին կապելու խնդիր չկա, մանավանդ որ «Արաքսի միջանցք» ծրագրի մեկնարկով, այդ տարանցիկ կապը կապահովվի այնպես, ինչպես նախորդ 30 տարիների ընթացքում։  Եվ ուրեմն Հայաստանի հարավից միջանցք ստանալու Բաքվի պնդումը վերաբերում է այն պարտավորություններին, որոնք Ադրբեջանն ունի լոնդոնա-սիոնիստական ճակատի հանդեպ, այն է՝ իրականացնելու «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» եւ Կովկասում հաստատելու անգլո-սաքսոնական կարգը։ Այս մասին Թեհրանի համալսարանի Եվրասիական հետազոտությունների կենտրոնում՝ «Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային հակամարտությունը» խորագրով կայացած գիտաժողովում հայտնել է Միջազգային իրավունքի եւ ԵԱՏՄ հարցերով իրանցի ավագ գիտաշխատող դոկտոր Ահմադ Քազեմին։

Արցախի ժողովրդի էթնիկ զտմանը եւ Լաչինի միջանցքի ոչնչացմանը անդրադառնալով ՝ Քազեմին ընդգծել է, որ 2020 թվականի եռակողմ համաձայնագիրը գործնականում փլուզված է։ 

«Ոչ միայն քաղաքական եւ իրավական հիմք չկա Զանգեզուրի արտատարածքային ու կեղծ միջանցքի հարցը բարձրացնելու համար, այլեւ Հայաստանն անգամ նորմալ տրանսպորտային գծեր բացելու համար իրավական պարտավորություն չունի։ Մինչեւ էթնիկ զտումը, Բաքուն միշտ ողջունում էր Ռուսաստանի՝ որպես դիտորդի ներկայությունը Ադրբեջանը Նախիջեւանին կապող գծում, իսկ հիմա պնդում է Երեւանի հետ առանց միջնորդության խաղաղության համաձայնագիր կնքել ու Կալինինգրադի մոդելը գործի դնել: Սա պետք է դիտարկել Ալիեւների ընտանիքի Մոսկվային խաբելու շարքում՝ Ռուսաստանի կովկասյան սխալների շարունակության համատեքստում» ,-հավելել է Քազեմին։

Իրանցի ավագ փորձագետի դիտարկմամբ՝ Հաջիեւը այսպիսի իրավիճակում այդ միտքը առաջ քաշել, երբ Ռուսաստանի ու Լիտվայի միջեւ տարաձայնությունների պատճառով ձախողվել է ռուսական գնացքների անվերահսկելի անցումը Լիտվայի տարածքից Կալինինգրադ, ինչը, իհարկե, իրականացվում էր մաքսային սակագին վճարելով։ «Բանն հասավ նրան, որ երբ Լիտվան վերահսկողությունը իր ձեռքը վերցրեց այդ ճանապարհով ապրանքների տեղափոխումը 50%-ով կրճատեց, Մոսկվան 2022-ի հունիսին սպառնաց Վիլնյուսին։ Լիտվան, որը ՆԱՏՕ-ի ու Եվրամիության անդամ է, հատկապես ուկրաինական պատերազմից եւ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառումից հետո, վերահսկել ու ամբողջական ինքնիշխանություն է իրականացրել դեպի Կալինինգրադի ծայրամասային շրջան ռուսական ոչ միայն երկաթուղային տրանսպորտի, այլեւ արգելում է իր երկնքով թռիչքները կողմերի միջեւ։ Փաստորեն, Լիտվան անցած տարիներին որդեգրել է Լատվիայի մոտեցումը Մոսկվայի նկատմամբ։ Այժմ Ռուսաստանը ոչ միայն Ուստ-Լուգա նավահանգստից է օգտվում Կալինինգրադ հասնելու համար, այլ նաեւ դիտարկում է Բելառուսի եւ Լեհաստանի երկաթուղային հնարավորությունները»։ Քազեմիի համոզմամբ՝ այն որ Բաքուն ձախողված մի ծրագրի է հղում կատարում եւ փորձում դա ներկայացնել որպես միջազգային ընթացակարգ ցույց է տալիս Բաքվի ե՛ւ հուսահատությունը, ե՛ւ խաբեբայությունը, քանի որ իրավաբանորեն թերի պահվածքով միջազգային ընթացակարգ չի ստեղծվում։

Անդրդառնալով այն մտքին, որ իբր Հայաստանն էլ փոխադարձաբար կարող է Ադրբեջանի տարածքով եւ այն էլ առանց վերահսկողության ապրանքներ տեղափոխել Ռուսաստան՝ Քազեմին նշել է, որ Հայաստանի համար առկա է Պարսից ծոց-Սեւ ծով միջանցքի շրջանակում՝ Վրաստանի ցամաքային ու ծովային երթուղին։

«Այս գաղափարը Հայաստանին ձեռնտու չէ ոչ միայն երկու երկրների տարանցիկ ապրանքների ծավալի հավասարակշռության ու երրորդ երկիր ապրանքների ստուգման մեխանիզմի բացակայության առումով, այլ նաեւ այն պատճառով, որ ավելի շուտ, դա խաբեբայական ծրագիր է, որպեսզի թաքցնի իր անվտանգային, քաղաքական ու տարածքային նկրտումները՝ Հայաստանի հարավային հատվածը գրավելու համար»։ 

Փորձագետը իր ելությում անդրադարձել է նաեւ Հայաստանի իշխանության որդեգրած քաղաքականությանը․ «Այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ անուղղակիորեն աջակցեց Ղարաբաղից հայերի բռնի տեղափոխմանը, չէր պատկերացնում, որ Բաքուն նոր խնդիրներ է առաջ քաշելու, այդ թվում՝ անկլավների սեփականության եւ ադրբեջանցիների վերադարձի հարցը։ Փաշինյանը չէր պատկերացնում, որ Բաքուն կհրաժարվի 29800 քկմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց ու կշարունակի ճնշում բանեցնել Երեւանի վրա» ,-նշել է նա։

Քազեմին հավելել է, որ Զանգեզուրի կեղծ միջանցքի հարցում Բաքվի ու Անկարայի հետեւողական մոտեցումների պատճառներից մեկը հենց այն է, որ Փաշինյանի իշխանությունը շարժվում է անգլո-սաքսոնական կարգով, ինչը կարող է անուղղելի հետեւանքներ ունենալ նրա իշխանության համար տարբեր ոլորտներում, քանի որ հայ ժողովուրդը չի կարող լռել այն մոտեցումների հանդեպ, որոնք կամա թե ակամա կհանգեցնեն իրենց երկրի քայքայմանը։

Առաջիկա խաղաղության պայմանագրում Հայաստանին իրենց պայմանները պարտադրելու Բաքվի ու Անկարայի ջանքերը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արցախահայության Արցախ վերադարձի եւ Արցախի կարգավիճակի հարցը, կոմունիկացիաները, 1915 թ. հայերի ջարդը, Հայաստանի սահմանադրության փոփոխությունը, իրավական բողոքների դադարեցումը, բանակի չվերակառուցումը, սահմանային վեճերի հարցը խաղաղության պայմանագրից դուրս թողնելը եւ ․․․ խաղաղության պայմանագրի հարցում Փաշինյանի կառավարության դիրքորոշումն է, որ վճռորոշ է լինելու միասնական Հայաստանի գոյատեւման կամ այդ երկրի կազմաքանդման գործընթացի հարցում» ,-ասել է նա։

Իրանցի փորձագետը հակադարձել է  Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուին, ով օրերս հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է մինչեւ 2028-ը բացել «Զանգեզուրի միջանցքը»։ «Հաշվի առնելով Արաքսի տարանցիկ միջանցքը, որպես «Իրան Ռահ» նախաձեռնության մաս, Զանգեզուրի էթնիկական ու կեղծ միջանցքը Իրանի համար տարանցիկ գործառույթ չունի եւ Թեհրանի սկզբունքային մոտեցումն այս կեղծ միջանցքին դիմակայելու հարցում անփոփոխ է։

Թուրքիան Իրանին հասցրած պատմական ու աշխարհաքաղաքական վնասների փոխհատուցման համար, կարող է Իրանին միջանցք տալ Կարասուի շրջանում, որպեսզի Իրանից Երեւան մոտ 400 կիլոմետր հեռավորությունը կրճատվի 40 կիլոմետրի ու նաեւ Թավրիզ-Վան գիծը քառասուն տարի անց կմիացնի Թուրքիայի ազգային երկաթուղուն։

«ՆԱՏՕ-ի թուրանական միջանցքը» 21-րդ դարի ամենաբարդ աշխարհաքաղաքական դավերից մեկն է մեր տարածաշրջանում, որի նպատակն է՝ Կովկասում պանթյուրանիզմի վրա հիմնված անգլո-սաքսոնական կարգեր հաստատել ընդդեմ իրանական ու ռուսական կարգերի, ինչպես նաեւ կանխելու անցումը նոր կարգին՝ Իրանի, Ռուսաստանի ու Չինաստանի գլխավորությամբ։  Այս ծրագիրը միտված է նրան, որ շիականությունը վերացնեն տարածաշրջանից ու Կովկասում տարածեն հակաիրանականությունը։ Ավելի լավ է՝ Ալիեւների ընտանիքը ձեռնպահ մնա իր ինքնիշխանության ճակատագիրը սիոնիստ-լոնդոնյան ծրագրի հետ կապելուց՝ դասեր քաղելով դիմադրության առանցքի դեմ մանկասպան սիոնիստ դաշնակցի՝ Իսրայելի ձախողումից» եզրափակել է նա։

Մեղրի Ղուկասյան