Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հարցում Արմեն Աշոտյանը երկու տեսակի անվստահություն է տեսնում այն մարդկանց մոտ, ովքեր ազնվորեն են քննադատում կառավարությանը: Լրագրողներին այսօր նախարարն ասաց, որ ընդհանրապես հայտնի չէ եվրոպական եւ ոչ մի երկրի օրինակ, որտեղ կենսաթոշակային ռեֆորմներն անցել են առանց հանրային բուռն քննարկումների, իսկ անվստահության առաջին տեսակը, ըստ Աշոտյանի դիտարկումների, անվստահությունն է կառավարության նկատմամբ:
«Ինչը փաստարկ է, որը շատ հեշտ հակադարձվում է` որովհետեւ 40 տարվա ընթացքում, վստահաբար, կառավարություններ են փոխվելու, եւ եթե անվստահություն կա այս կառավարութփյան նկատմամբ, ապա այդ անվստահությունը չի կարելի պրոյեկտել 40 կամ 35 տարիների ընթացքում ձեւավորվելիք կառավարությունների նկատմամբ: Չէ՞ որ մի օր, գուցե, իրենք գան իշխանության եւ իրենք լինեն կառավարություն... Դա լուրջ չէ, քանի որ ոչ ոք, հաստատ, չի պատրաստվում 40 տարի մնալ կառավարություն կամ վարչապետ»,- վստահեցրեց Արմեն Աշոտյանը:
Երկրորդ անվստահությունը, որը Աշոտյանը «շահարկում» որակեց, անվստահությունն է պետության նկատմամբ, ինչը նախարարն ավելի դաժան մեղադրանք է համարում: «Եթե մենք չենք վստահում Հայաստանի Հանրապետությանը որպես 50 տարվա ընթացքում, գոնե հեռանկարում իր գոյությունը պահպանող, ունեցող ուրույն միավոր, ապա ինչո՞ւ ենք ապրում մեր երկրում, ինչո՞ւ ենք մեր երեխաներին տանում դպրոց, ինչո՞ւ ենք ստեղծում համալսարաններ, վերցնում անձնագրեր, բիզնես դնում, քաղաքականությամբ զբաղվում, անհասկանալի է: Եթե չեք հավատում պետությանը, որտեղ ապրում եք, որը հիմնադրել եք, ապա ինչո՞ւ, եթե հավատում եք մեր պետությանը մնացած բոլոր գործառույթներում' հարկ մուծելուց մինչեւ երեխաներին դպրոց տանելն ու ամուսնացնելը, չեք հավատում հենց այնտեղ, որտեղ խնդիր է ծագել` կուտակայինի հետ կապված»,- հռետորական հարց բարձրացրեց Արմեն Աշոտյանը:
Լրագրողների հարցին ի պատասխան` նախարարը նաեւ ասաց, թե իր ղեկավարած կառույցում որեւէ տեսակի վարչական ճնշում որեւէ մեկի նկատմամբ չկա, չի եղել եւ չի կարող լինել: «Կա օրենքի ճնշում: Մենք չենք մեկնաբանում ՍԴ-ի որոշումը, մենք այն կատարում ենք»,- եզրափակեց Արմեն Աշոտյանը: