Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ոչ իշխանական քառյակի կողմից իշխանությանն ուղղված` 12 կետանոց պահանջագրի հրապարակումից անմիջապես հետո դրանց դեմ մի յուրօրինակ արշավ է սկսվել: Նախ` սկսվեց քննադատությունն առ այն, թե ինչու է քառյակը իշխանությանը ներկայացնում առավելաբար իրատեսական և իրագործելի պահանջներ` փոխանակ միանգամից առաջ քաշի իշխանության ամբողջական հրաժարականի հարցը:
Հետևաբար, եթե քառյակն այդ քայլին չի դիմում, նշանակում է` ոչ միայն գործում է իշխանության գծած սցենարով, այլև սպասարկում է նոր վարչապետի քաղաքական հավակնությունները` ամրապնդելու համար նրա դիրքերը իշխանության մեջ: Դրա վրա սկսեց «յուղ լցնել» իշխանությունը` հետևողականորեն զարգացնելով այն թեզը, թե քառյակի պահանջները ոչ միայն ընդունելի են իշխանության համար, այլև քառյակն իրականում գործում է հենց վերջինիս շահերից:
Ավելին` վերջին պահին նույնիսկ տեղեկատվական «բադիկ» նետվեց հրապարակ, ըստ որի` այդ պահանջները նախապես համաձայնեցված են եղել վարչապետի հետ և միայն նրա համաձայնությունը ստանալուց հետո են հրապարակվել: Իբրև ապացույց` բերվում է այն փաստարկը, թե հենց դրանով էր բացատրվում շրջանառության հարկը երեք անգամ նվազեցնելու մասին` կառավարության ընդունած որոշումը, որը նաև քառյակի պահանջագրի երրորդ կետն է: Ըստ էության` կիրառվում է այս իշխանության կողմից բազմիցս օգտագործված և առանց բացառության բոլոր դեպքերում իր արդյունավետությունն ապացուցած մանիպուլյացիոն հնարքը:
Դրա ողջ էությունը, ի հեճուկս իշխանության, որևէ տրամաբանված և ուղեգիծ ենթադրող նախաձեռնության հեղինակներից այսպես կոչված «հաճախորդներ» սարքելն է և, որպես այդպիսին, «փչացնելն» ու հեղինակազրկելը: Այս տեխնոլոգիան կիրառվեց 2011թ.-ին, երբ համաժողովրդական շարժման շրջանակում Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ երեք պահանջով, որոնց շատ արագ իրագործումը դարձավ թե' համաժողովրդական շարժման և թե' ՀԱԿ-ի հեղինակազրկման նախադրյալը:
Այնուհետև իշխանությունն այս տեխնոլոգիան կիրառեց արդեն քառյակի նկատմամբ այս տարվա ապրիլին, երբ, ի պատասխան վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի պահանջի շուրջ ձևավորված քաղաքական կոնսենսուսի, նախագահ Սարգսյանը շատ արագ հրաժարական պարտադրեց վարչապետին և քառյակին կանգնեցրեց փաստի առաջ:
Այս տեխնոլոգիայի տրամաբանությունը և հետապնդած նպատակը շատ պարզ է` ի սկզբանե հեղինակազրկել քառյակի նախաձեռնությունը՝ այն մատուցելով որպես իրենց գծած սցենարով գործելու դրսևորում, որպեսզի հեղինակազրկման ֆոնին պահանջների ամբողջական փաթեթը չկատարելու էֆեկտը զգալի չլինի, և հենց սկզբից, հանրային անվստահության և հիասթափության գործոններով թելադրված, որևէ հասարակական-քաղաքական ռեզոնանս չառաջացնի: Իշխանությունը, թերևս, չի հասկանում, որ, ընտրելով այս մարտավարությունը, որքան իր մրցակիցներից է փորձում մարիոնետներ կերտել, նույնքան էլ իրենից է կերտում բորոտի կամ վարակակիր մի այնպիսի հիվանդի կերպար, որին մերձեցողն անմիջապես հիվանդանում և մեռնում է, ինքն իրենից այնպիսի մի ցեխ կամ ճահիճ է սարքում, որտեղ ընկնողն անմիջապես խեղդվում կամ ջրասույզ է լինում:
Ամենաաբսուրդայինն այն է, որ իշխանության ներկայացուցիչները մի առանձին հրճվանքով են արտահայտվում իրենց այդպիսի որակներ ունենալու մասին, ինչը նշանակում է, որ իշխանությունը բացարձակապես չի կոմպլեքսավորվում կամ ամաչում հասարակության մոտ նման իմիջ, ընկալում ձեռք բերելու համար: Վարքագիծ, որը հատուկ է միայն այդ հասարակության և հասարակական կարծիքի վրա թքած ունեցող իշխանությանը:
Ի սկզբանե պարզ էր, որ այս ձևաչափով քառյակը չի կարող Սերժ Սարգսյանի հրաժարականի հարց առաջադրել: Իսկ դա հնարավոր չէր, որովհետև հնարավոր չի եղել քառյակում դրա շուրջ հասնել կոնսենսուսի: Բայց արդյո՞ք պետք է համարել, որ եթե այդ հարցում կոնսենսուս չկա, քառյակի գոյությունը դառնում է անիմաստ: Արդյո՞ք եթե քառյակի ձևաչափը չլիներ, դրա անդամ կուսակցություններն առանձին-առանձին ավելին էին անելու, ավելիին էին կարողանալու հասնել: Կամ` կա՞ն այնպիսի ուժեր, որոնք, համարելով քառյակի առկայությունը և գործունեությունն անիմաստ և անարդյունավետ, կարող են գալ և լրացնել նրանց տեղը: Եթե կան, ապա որտե՞ղ են դրանք, ի վերջո: Իսկ քանի դեռ այդպիսիք չկան, մնում է հենց քառյակից ինչ-որ բաներ պահանջել, ակնկալել և դրդել նրան` հետամուտ լինելու գոնե այն հարցերի լուծմանը, որոնց շուրջ հնարավոր է լինում հասնել քաղաքական կոնսենսուսի: Կկատարի՞ այդ պահանջները իշխանությունը, առաջին հերթին ցանկացած պարագայում կօգտվի հասարակությունը: Այդ դեպքում քառյակը, առնվազն իր ինքնաիրացման նպատակով, ստիպված է լինելու հանդես գալ նոր պահանջներով:
Իսկ որքան իշխանությունը շատ պահանջներ կատարի, այնքան պարզ կդառնա, որ ոչ թե քառյակն է գործում նրա սցենարով, այլ ինքը` քառյակի կամ նույնիսկ` հանրության: Ի վերջո, ամենակարևորը ոչ թե քաղաքական ուժերի միջև շարունակական «ռազբորկաներն» են, որոնցից մինչև կոկորդը կուշտ է հասարակությունը, այլ հենց վերջինիս համար կենսական նշանակության հարցերի լուծումը: Առավել ևս, որ այս պահին սեղանին դրված պահանջները ներառում են նաև համակարգային խնդիրներ, որոնց գնալն իշխանության համար այնքան էլ հեշտ չի լինելու: Եթե իշխանությունը չկատարի այդ պահանջները, իսկ քառյակը բավարար հետևողականություն չցուցաբերի նրան «պատասխանատվության» կանչելու ուղղությամբ, դա կլինի ոչ թե իշխանության, այլ քառյակի և դրանում ընդգրկված ուժերի քաղաքական ինքնասպանության յուրօրինակ ակտ:
Մյուս կողմից` առնվազն մակերեսայնություն է կարծել, թե եթե իշխանության ներկայացուցիչները պնդում են, որ իրենք են ասել` ինչ պահանջներ պետք է ներառվեն այդ ցանկում, իրականում այդպես է: Դրա պատասխանը տալու են ոչ թե հայտարարությունները, այլ դրանց հետևած գործողությունները, և այս իմաստով պահանջներից անգամ կեսի իրականացման մասին հայտարարությունները դեռ ոչինչ չեն ասում: Մնում է, որ քառյակն ինքը հայտարարի և հասկանալի դարձնի, թե արդյո՞ք այդ պահանջների փաթեթային լուծումը միայն կհամարվի բավարար:
Գևորգ Աղաբաբյան