կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-04 16:16
Քաղաքական

Խաղաղություն հնարավոր է Արցախի հայաթափման և ՀՀ-ն Ադրբեջանի հաճախորդի վերածելու դեպքում. քաղաքագետ

Խաղաղություն հնարավոր է Արցախի հայաթափման և ՀՀ-ն Ադրբեջանի հաճախորդի վերածելու դեպքում. քաղաքագետ

Yerkir.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Թուրքիան և Ադրբեջանը վավերացնում են  Շուշիի հռչակագիրը, որով երկու երկրներն անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն։ Թուրքիան դրանով  ասում է, թե ինչքան կարևոր է իրենց համար Շուշիի հռչակագիրը: Երբ այն նոր էր ստորագրվել, Հայաստանի ԱԳՆ-ն կոշտ արձագանքեց։ Ըստ Ձեզ՝ ԱԳՆ-ն ինչո՞ւ է լռում այսօր, երբ հռչակագիրը վերջնական վավերացման փուլում է։

-Չեմ կարծում, թե Հայաստանի արտգործնախարարությունը որևէ անելիք ունի այս պարագայում: Ադրբեջանը և Թուրքիան կարող են միմյանց հետ ցանկացած փաստաթուղթ ստորագրել և վավերացնել: Հայաստանի արտգործնախարարության խնդիրն արտաքին քաղաքականության ռազմավարություն մշակելն ու իրականացնելն է, ինչն այսօր բացակայում է:

- Այս համատեքստում Թուրքիան և Ադրբեջանը «խաղաղության ձեռք» են մեկնում Հայաստանին։ Ըստ Ձեզ` որքանո՞վ է իրատեսական թուրք-ադրբեջանական տանդեմի մեկնած ձեռքը, և եթե այդ մեկնած ձեռքն առանց նախապայմանների է, ապա ինչպե՞ս է Շուշիի հռչակագրում «Զանգեզուրի միջանցքը»՝ առնվազն մեկ նախապայման, հստակ տեղ գտել։ Այն այսօր վավերացվել է Թուրքիայի խորհրդարանում: Ինչո՞ւ են Հայաստանի իշխանությունները լռում։

-Չեմ կարծում, որ որևէ մեկը լուրջ է վերաբերվում այն հայտարարություններին, ըստ որոնց՝  Թուրքիան և Ադրբեջանը «խաղաղության ձեռք» են մեկնում Հայաստանին: Բոլորն էլ հասկանում են, որ Թուրքիան և Ադրբեջանը 2020 թ. ջախջախել են Հայաստանին և, որպես հաղթող կողմ, ամեն ինչ անելու են Հայաստանից հնարավորինս շատ բան պոկելու և Հայաստանը հնարավորինս շատ թուլացնելու համար: Ինչ վերաբերում է նախապայմաններին, ապա Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց սկսել է միայն այն բանից հետո, երբ Հայաստանը կատարել է Թուրքիայի մի շարք նախապայմաններ, այդ թվում՝ փաստացի հրաժարվել է Արցախից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի առաջ մղումից:

- Թուրքիան ասում է, թե իրենց ջանքերն ուղղված են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա խաղաղության հաստատմանը, այլև ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի պաշտպանության նախարարն ասում է, թե ամբողջ աշխարհն է տեսնում` ինչպե՞ս է թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունն օգնում, որպեսզի խաղաղությունը վերադառնա Այսրկովկաս։ Ձեր կարծիքով` տրամաբանակա՞ն է այս իրավիճակում խաղաղությանը հավատալը։

-Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ ենք հասկանում խաղաղություն եզրույթի ներքո: Արցախի վերջնական հայաթափման և Հայաստանի՝ աստիճանաբար Ադրբեջանի հաճախորդ պետության վերածվելու դեպքում, իհարկե, հնարավոր է տարածաշրջանային խաղաղություն և Ադրբեջանի ու Թուրքիայի հետ համագործակցության բավականին բարձր մակարդակ  հաստատել: Գնդակը Հայաստանի դաշտում է. եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները և հասարակության մի զգալի հատվածը համաձայն են այս տարբերակին, ապա երկարաժամկետ հեռանկարում (20-25 տարի) դժվար թե արտաքին որևէ ուժ կարողանա կասեցնել այս սցենարի իրականացումը:

-Թուրք-ադրբեջանական տանդեմի առաջնորդները հրապարակայնորեն Ղրիմը համարում են Ուկրաինայի սուվերեն տարածք` Ռուսաստանին մեղադրելով Ուկրաինայի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությանը մեջ։ Եթե ռուսական կողմը պարտություն կրի ուկրաինական ճակատում, ինչպիսի՞ նոր փոփոխությունների առջև կկանգնի տարածաշրջանը, արդյո՞ք թուրքական գործոնի ուժեղացումը տարածաշրջանում  կործանարան հետևանքներ  չի ունենա  Հայաստանի համար։

-Գոյություն չունի ուկրաինական ճակատ, և Ռուսաստան–ԱՄՆ հակամարտության համատեքստում Ուկրաինան ընդամենը երկրորդական նշանակություն ունի: Լարվածության հիմնական պատճառը գլոբալ աշխարհակարգի՝ 2008 թ. մեկնարկած միաբևեռից դեպի բազմաբևեռ կերպափոխման պայմաններում Սառը պատերազմից ավարտից հետո Եվրոպայում ձևավորված անվտանգային ճարտարապետության փոփոխության խնդիրն է: Այն անխուսափելիորեն փոխվելու է, և հիմնական պայքարը գնում է այդ փոփոխությունն ուղղորդելու համար: Անկախ Ռուսաստան–ԱՄՆ պայքարի ներկա փուլի ավարտից՝ Հայաստանը առնվազն ևս երկու տասնամյակ, եթե ոչ ավելի երկար, շարունակելու է մնալ ռուսական բևեռի կազմում: Հարավային Կովկասում հիմնական ինտրիգն Ադրբեջանն է, արդյո՞ք այն ևս կդառնա ռուսական բևեռի մաս, թե՞, ամեն դեպքում, կընտրի արևմտյան աշխարհը և կհայտնվի նոր «երկաթե վարագույրի» հակառակ կողմում:

 

                                                                                       Լենա Կարապետյան