կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-06-27 18:39
Հասարակություն

Աշոտի` ''կարկառուն բիզնեսմենի'' կերպարը Կճոյանն է ստեղծել

Աշոտի` ''կարկառուն բիզնեսմենի'' կերպարը Կճոյանն է ստեղծել

«Հետք»-ը ներկայացրել է Փայլակ Հայրապետյանին ունեզրկած օֆշորային եռյակի վերաբերյալ երկրորդ հոդվածը։ Ըստ լրատվամիջոցի` Աշոտ Սուքիասյանն այժմ դատական վեճի մեջ է Սիերա Լեոնեում գրանցված «GMC GLOBAL (SL) LIMITED» ընկերության հետ:

 

Այս ընկերության սեփականատերերը Աշոտ Սուքիասյանի հրավերով երկու անգամ եղել են Հայաստանում: Ընկերության տնօրեն Ռուբեն Մկրտչյանը մասնակցել է այդ հանդիպումներից մեկին եւ «Հետք»-ին պատմել, որ առաջին հանդիպմանը, որն, իր տպավորությամբ, կազմակերպել էր Աշոտ Սուքիասյանը, եւ որին ներկա են եղել վարչապետը, Ն. Կճոյանը և Աշոտ Սուքիասյանը, ինքը եւ իր գործընկերները` Սերգեյ Տրյուկազյուկն ու Ալեքսանդր Վալչիկովսկին, զրուցել են Սիերա Լեոնեի եւ նախագծի, ընդհանուր ներդրումների մասին:

 

«Դրանից հետո` երեկոյան, բոլորս միասին գնացինք «Նոյան Տապան» ռեստորան: Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն եւ ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն»,-հայտարարել է Ռուբեն Մկրտչյանը:

 

Ուշադրություն ենք հրավիրում Ռուբեն Մկրտչյանի հենց այս նախադասության վրա` «Եվ մենք հասկացել էինք, որ Աշոտը լիակատար աջակցություն եւ ֆինանսներ ունի: Եվ այդ ամենը մեզ վստահություն ներշնչեց, որ ներդրումներ իսկապես կլինեն»:

 

Yerkir.am-ին նախօրեին մի ուշագրավ դրվագ է հայտնի դարձել խաչքավորներ Աշոտ Սուքիասյանի եւ Նավասարդ Կճոյանի գործելաոճից, ինչն էլ փաստում են Ռուբեն Մկրտչյանի խոսքերը: Պարզվում է` «լիակատար աջակցություն եւ ֆինանսներ ունեցող» Աշոտի կերպարի ստեղծման գործում իր մեծ եւ ուրույն ավանդն ունի արքեպիսկոպոսը:

 

Աշոտին կարկառուն բիզնեսմեն ներկայացնելով` հենց Կճոյանն է առաջ տարել վերջինիս գործերը` իհարկե, դրանում ունենալով սեփական մասնաբաժինը: Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է հենց Աշոտին ծանոթացրել թե' հայ, թե' արտասահմանյան տարբեր շրջանակների հետ, վստահեցրել, որ նրա հետ կարելի է գործի մեջ մտնել:

 

Ոմանք արքեպիսկոպոսի խոսքերն ընդունել են որպես անհերքելի ճշմարտություն, իսկ ոմանք էլ կա'մ գլխի են ընկել, որ Աշոտ Սուքիասյան-Կճոյան գործելաոճը «նրբություններ» ունի, կա'մ էլ, պարզապես համադրելով բիզնեսի գրված ու չգրված օրենքները, հասկացել, որ կարող են «քցվել»:

 

Գուցե վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ է անվերապահորեն հավատացել իր երեխաների քավորի խոսքերին...Ի՞նչ իմանաս: Բայց որ օֆշորային այս սկանդալի հետ իր անվան կապը հեքիաթ չէ, ինչպես նշեց Տիգրան Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում, կարծես, այդքան էլ իրականությունից հեռու չէ:

 

P.S. Ի դեպ, Ռուբեն Մկրտչյանը հայտարարել է, որ Աշոտ Սուքիասյանը Սիերա Լեոնեում ընկերություն չունի: Նա պետք է բաժնեմաս ստանար ընկերությունում ներդրումներ կատարելուց հետո, «բայց նա որեւէ բաժին չի ստացել, քանի որ խոստացված ներդրումների կեսն էլ չի կատարվել»: