Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիեննայում հանդիպում է ունեցել Ավստրիայի Հանրապետության դաշնային վարչապետ Վերներ Ֆայմանի հետ:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել վարչապետ Վերներ Ֆայմանի պաշտոնավարման տարիներին հայ-ավստրիական բազմոլորտ փոխգործակցության շարունակական զարգացման մասին` միաժամանակ համոզվածություն հայտնելով, որ երկկողմ համագործակցության ներուժը շատ ավելին է: Նախագահը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հավելյալ քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգի հետագա ընդլայնման և փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Վարչապետ Վերներ Ֆայմանը նշել է, որ ցանկությունը փոխադարձ է և ինքն անձամբ հանձնառու կլինի այդ գործին:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել են Հայաստանի նախագահի Ավստրիա պետական այցի շրջանակներում կայացած տնտեսական համաժողովը և դրա շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունները:
Ավստրիայում Սերժ Սարգսյանն այցելել է Վիեննայի Մխիթարյան միաբանություն՝ Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, միաբանության գրադարան և թանգարան: Նա այցելել է նաև Սբ. Հռիփսիմե հայ առաքելական եկեղեցի, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհել եկեղեցու բակում գտնվող հուշահամալիրին:
Սերժ Սարգսյանը Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ի տարածաշրջանային կենտրոնակայանում հանդիպումներ է ունեցել կազմակերպության ներկայացուցիչների՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, կազմակերպության Վիեննայի գրասենյակի և Թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ղեկավար (UNODC) Յուրի Ֆեդոտովի, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) գլխավոր տնօրեն Լի Յոնգի, Միջուկայի զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի (CTBTO) գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (IAEA) գործադիր տնօրեն Յուկիյա Ամանոյի հետ:
Յուրի Ֆեդոտովի հետ հանդիպմանը երկուստեք ընդգծվել է, որ թմրամիջոցների և հանցավորության տարածումը մեր ժամանակների ամենավտանգավոր մարտահրավերներից են, իսկ դրանց դեմ պայքարը առաջնահերթություն է: Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ ոլորտում արդյունքների գրանցումը մեծապես կախված է միջազգային սերտ համագործակցությունից, որի համակարգման գործում մեծ է ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի դերը: Սերժ Սարգսյանի խոսքով, Հայաստանը հետևողական մասնակցում է Փարիզյան պակտի անդամ երկրների համատեղ պայքարին` Աֆղանստանից դեպի Եվրոպա և այլուր թմրանյութերի տարածումը կանխարգելելու համար: Հայաստանը նաև մասնակցում է ՀԱՊԿ, ԱՊՀ, ՆԱՏՕ անդամ-երկրների զորավարժություններին, որոնց նպատակն է մշակել թմրանյութերի տարածման դեմ պայքարի համատեղ գործողությունների ծրագիր:
Զրուցակիցները խոսել են նաև ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցչության հիմնման կարևորության մասին, որը մեծապես կխթանի ավելի արդյունավետ համագործակցությանը, կհավասարակշռի կազմակերպության գործունեությունը Հարավային Կովկասում, կնպաստի առաջացած խնդիրներն ավելի օպերատիվ լուծելուն:
Այս համատեքստում Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ թեև աշխարհի բազմաթիվ երկրների համեմատությամբ Հայաստանի համար թմրանյութերի օգտագործումը կամ դրանց շրջանառությունը առաջնահերթ խնդիր չի եղել, այնուամենայնիվ, համապատասխան գերատեսչություններն անում են հնարավորինը՝ թմրանյութերի տարածման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու, ապօրինի շրջանառությունը կանխելու և հանցագործությունների նկատմամբ համարժեք պատժամիջոցներ սահմանելու համար:
ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ կազմակերպության ներդրումը՝ ուղղված աշխարհում աղքատության կրճատմանն ու կայուն տնտեսական աճի ապահովմանը: Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության ընթացքը և հետագա անելիքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև 2015թ. սկզբին ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության գլխավոր տնօրեն Լի Յոնգի Հայաստան կատարելիք այցին: Վերջին տարիներին ՀՀ-ում ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի և տեխնիկական աջակցության ծավալներն ընդլայնվել են, իսկ երկխոսության ինտենսիվացումը կնպաստի առկա ծրագրերի արդյունավետության բարձրացմանը, փոխգործակցության ոլորտների ընդլայնմանը:
Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը՝ որպես համաձայնագրի անդամ պետություն, վերահաստատում է իր հանձնառությունը՝ առաջ մղելու միջուկային զինաթափման, միջուկային զենքի չտարածման և խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման ընդհանուր նպատակները: Նախագահի խոսքով, Հայաստանը ակտիվ համագործակցում է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման համաձայնագրի կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ:
Յուկիյա Ամանոյի հետ հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մեր երկիրը մեծապես կարևորում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը՝ այն համարելով Հայաստանի էներգետիկ և միջուկային անվտանգության կարևոր բաղադրիչ: Նախագահի հավաստմամբ` միջուկային էներգիան կենսական նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ անկախության համար, և Հայաստանը շարունակելու է սերտորեն համագործակցել ԱԷՄԳ հետ միջուկային էներգետիկայի հետ կապված բոլոր հարցերում, մասնավորապես՝ Հայաստանի գործող ատոմակայանի անվտանգության ապահովման, ապաշահագործման ու նոր էներգաբլոկի կառուցման և շահագործման հարցերում:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ԱԷՄԳ-ՀՀ երկկողմ համագործակցությանը, գործող ատոմային էներգաբլոկի շահագործմանը, նոր միջուկային էներգաբլոկի և համագործակցության այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստան-ԱԷՄԳ համագործակցության ներկա մակարդակը և ընդգծել, որ հանձնառու են շարունակելու դրա ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ջանքերը: