Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քնարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանից հետաքրքրվեց` շուկայի ազատականացման դեպքում ի՞նչ երաշխիքներ կան սակագնային քաղաքականություն իրականացնելիս:
«Փոքր ՀԷԿ-երի կամ սակագների հետ կապված` երբ տանում ենք շուկայական ազատականացման, ընդունենք` 15 տարվա պայմանագիր է կնքված, հիմա սակագնային քաղաքականությունը նոր պայմանագիր կնքելու համար որոշակի երաշխիքներ տալի՞ս է, թե՞ լրիվ ազատ հարաբերությունների վրա է լինելու, որովհետև մի գնորդ կա այդտեղ: Հասկանում եմ, որ ասում եք` դրսից գնորդ գտնենք, բայց ներսի շուկայի համար մոտեցում կա՞, թե՞ չկա, թե՞ բաց երկխոսություն է լինելու ՀԷՑ-ի և արտադրող կայանների միջև»,- հարցրեց նա:
Փոխնախարարը պատասխանեց, որ արտադրող կայաններին տրված գնման երաշխիքները չեն վերանայվում, ընդհակառակը` ամրապնդվում են ձևակերպումները: «Մենք շուկայում ունենք երաշխավորված մատակարար` բաշխիչ ցանցերն են, որը ապահովելու է շուկայում կարգավորման հատվածի էլէներգիայի մատակարումը կարգավորվող գներով, մոտավոր այն մոդելով, ինչ ունենք»,- ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ նշեց, որ փոփոխություններն ուղղված են շուկայի ազատակացմանը, և հիշեցրեց, որ էներգետիկ ոլորտը տարբերվում է՝ արտադրողներ, տեղափոխողներ, բաշխողներ, և ֆինանսական հոսքերի մութ հարաբերություններ կան: «Սա ազդելո՞ւ է սակագների փոփոխության վրա»,- հարցրեց նա:
Հարությունյանը պատասխանեց, որ աստիճանաբար ազատականացման են գնում, քանի որ կա շուկայի յուրահատկություն: «Արտադրության հզորության գների շատ կտրուկ տարբերություն կա, այսինքն՝ եթե լրիվ ազատականացնենք շուկան, թողնենք, որ ատոմակայանն ինքը շուկայում վաճառի իր էներգիան, մեծ ՀԷԿ-երն իրենց գները որոշեն, այդ ռիսկերը կիրականանան, բայց մենք ունենալու ենք երաշխավորված հաշվեկշռային շուկա, որտեղ փոքր, միջին սպառողները երաշխավորված մատակարսրում կունենան, և այդ կայանները միայն դրա ավելցուկը կարող են վաճառել»,- ասաց նա:
Ըստ փոխնախարարի` բոլոր սակագները հաստատվում են ՀԾԿՀ-ի կողմից: Հարությունյանի խոսքով` նոր նախագծով առաջարկում են, որ բաշխման լիցենզիա ունեցող անձն ունենա երկու տիպի լիցենզիա` բաշխման և մատակարարման: «Հետևաբար` խոշոր սպառողների մատակարարման ֆունկցիան իրենք իրականացնելու են արտադրողների հետ` ՀԷՑ-ին վճարելով միայն բաշխման ֆունկցիայի համար, ծախսերը ՀԷՑ-ի վրայից դուրս են գալիս, արդեն ավելի էժան սակագին կարող է սահմանվել»,- ասաց նա: