կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-29 15:19
Քաղաքական

Սեղմեք, պատգամավորի էներգիան ուրիշ տեղից դուրս կգա. Հրանտ Բագրատյան

Սեղմեք, պատգամավորի էներգիան ուրիշ տեղից դուրս կգա. Հրանտ Բագրատյան

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ԱԺ կանոնակարգ» նոր օրենքը: Հարակից զեկուցող` ՀՀԿ-ական Վահրամ Մկրտչյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա դժգոհեց, որ նոր օրենքով փորձում են կրճատել պատգամավորի ելույթի տևողությունը` տասը րոպեից դարձնելով հինգ րոպե, թեև հիմա քննարկվում է յոթ րոպե դարձնելու հարցը: Ըստ Բագրատյանի` ԱԺ հիմքը և ամենակարևոր ինստիտուտը պատգամավորն է, ոչ թե` ԱԺ աշխատակազմը կամ ԱԺ նախագահը` իր տեղակալներով: Իսկ պատգամավորի գործառույթը խոսելն է:

«Հինգ րոպեն ո՞րն ա, պատգամավորին ժողովուրդն է ընտրել: Ինչո՞ւ եք սեղմում: Սեղմեք, էներգիան ուրիշ տեղից դուրս կգա»,- ասաց նա:

Պատգամավորը բարձրացրեց նաև, ըստ նոր օրենքի,  լիազորագրի հիման վրա հանձնաժողովի նախագահի կողմից բացակա պատգամավոր փոխարեն քվեարկելու հարցը: «Ո՞նց կարող է պատգամավորի տեղը քվեարկել հանձնաժողովի նախագահը` լիազորագրի հիման վրա: Պատգամավորն ունի կարծիք, պետք է հարգել այդ կարծիքը»,- ասաց նա:

Վահրամ Մկրտչյանը, խոսելով պատգամավորի ելույթի տևողության կրճատման մասին, ասաց, որ մոնիթորինգը ցույց է տվել, որ պատգամավորների մեծ մասը տասը րոպեում կրկնում են իրենց մտքերը, հետևաբար, որոշել են կրճատել ելույթի տևողությունը: Ինչ վերաբերում է պատգամավորի փոխարեն քվեարկելուն, նա նշեց, որ եթե պատգամավորը գտնվում է գործուղման մեջ, կարող է լիազորագրի հիման վրա պատվիրակել քվեարկելու իրավունքը հանձնաժողովի նախագահին:

Բագրատյանն արձագանքեց. «Այս նոր օրենքով պատգամավորին նեղում եք, պատգամավորի գործառույթը խոսելն է, պետք է տասը րոպե տալ ելույթի համար»: Ինչ վերաբերում է գործուղման մեջ գտնվող պատգամավոըի փոխարեն քվեարկելուն, նա նշեց, որ դրանից ուրիշ բանի հոտ է առնում, և որ դա շատ սխալ փոփոխություն է: