|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով` Արցախն այսօր դիտարկվում է որպես առանձին միավոր, որտեղ ապրում է հայ ժողովուրդը: Եվ երբ իշխանությունները բարձրաձայնում են Արցախի մասին, ապա խոսում են «դե յուրե»-ի մասին: Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով ԵՏՄ հիմնադրման համատեքստում Արցախի հետագա ճակատագրի մասին` Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի և Արցախի միջև պատնեշներ չեն կարող լինեն, ցանկացողներ կլինեն, որ ստեղծվեր այդ պատնեշը, որովհետև միջազգային հանրության կողմից Արցախի անկախության չճանաչված լինելը մի քանի երկրի համար խաղաթուղթ է շահարկման համար, այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, դա չի կարող խանգարող հանգամանք լինել Հայաստան-Արցախ միասնականության, ընդհանուր տնտեսական միասնության համար:
Հարցին` ինչպե՞ս են լուծվելու Արցախի տնտեսական խնդիրները, եթե Հայաստանն առանց Արցախի պետք է մտնի Մաքսային միություն, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Մենք չենք ասում` Արցախը պետք է մտնի, որպես առանձին միավոր, Մաքսային միության մեջ: Հայաստանն է մտնում Մաքսային միություն, բայց Հայաստանն ու Արցախը մեկ ընդհանուր տնտեսական գոտում են, չի կարող խոսք լինել սահմանների մասին, ինչ-որ մաքսակետ դնելու մասին, իսկ տնտեսական հարաբերություններն Արցախի հետ կարգավորվելու են այնպես, ինչպես կարգավորվել են մինչ հիմա»:
Պատգամավորը նաև հավելեց, որ «բաներ կան, որ պետք չէ, որ Հայաստանը բարձրաձայնի, մամուլը բարձրաձայնի, բայց այդ հարցերը կարգավորվելու են»:
Վահրամ Բաղդասարյանը հուսադրեց, որ կգա ժամանակը, և բոլորը կտեսնեն, որ ամեն ինչ լուծվում է այնպես, ինչպես Հայաստանի իշխանություններն են ցանկացել, ուստի պետք չէ ժամանակից շուտ մտահոգվել:
Հարցին ի պատասխան` ինչպե՞ս է գնահատում Հայաստանի դիրքերը արտաքին քաղաքականության մասով, որովհետև հիմա արդեն շատերն են խոսում այն մասին, որ Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում թուլացել են, նա խնդրեց օրինակներ բերել, թե որտե՞ղ է, որ Հայաստանի դիրքերը թուլացել են:
«Ես կարող եմ ասել, որ հակառակը, մեր դիրքերը ամրապնդվում են, մենք շատ ներդաշնակ ենք մեր քայլերը կատարում: Մեր պես փոքր հնարավորություններ ունեցող պետությունը չպետք է կտրուկ քայլեր անի: Մենք միանգամից չենք կարող հասնել մեր հիմնական նպատակին: Որտե՞ղ է հետընթացը, կորցրե՞լ ենք Արցախը: Նայեք, ծաղկում է Արցախը, և` ներդրումների տեսանկյունից: Մինսկի խումբը և այլ միջազգային կազմակերպություններ են լինում Արցախում: Որքան շատ լինեն նման կազմակերպությունները Արցախում, այնքան լավ Արցախի համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ Մինսկի խմբի ձևաչափը փոխվի, որովհետև Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ՄՄ-ին անդամակցելը կնպաստի Արցախի խնդրի կարգավորմանը, ենթադրում է ՄԽ ձևաչափի փոփոխություն, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Այդ հարցին առայժմ չեմ ուզում անդրադառնալ»: