Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, խոսելով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի այն մեղադրանքի մասին, որ իշխանությունները ճնշում են գործադրել ՕԵԿ-ական գործարար պատգամավոր Կարեն Բոթոյանին և նրա աներոջ վրա կառավարության ծրագրի քվեարկության հարցով, եւ նա ստիպված է եղել կողմ քվեարկել` հեռացվելով ՕԵԿ խմբակցությունից, պատասխանեց. «Ես չէի էլ կասկածում, որ նման ենթադրություններ էլ կլինեն, բայց եթե նայեք նշված պատգամավորի նախկին քվեարկություններին, ապա նրա պահվածքը նույնն է եղել, այսինքն` նրա քվեարկությունը համահունչ չի եղել ՕԵԿ խմբակցության դիրքորոշմանը, և գուցե մտադիր է եղել ՕԵԿ-ից դուրս գալ, և դա անհրաժեշտ պահն է եղել: Դա իրենց խնդիրն է»:
Նա նշեց, որ ՀՀԿ-ն ճնշումներով չի զբաղվում, և նման խնդիր չէր կարող լինել: Վահրամ Բաղդասարյանն ընդգծեց, որ իրենք անգամ մեկ ձայնի խնդիր չեն ունեցել, որ այդ մեկ ձայնի համար ճնշումներ գործադրեն:
Պատասխանելով Yerkir.am-ի դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, երեկվա քվեարկությունից առաջ նիստերի դահլիճում սկսված անհանգիստ վիճակը ապացուցում է, որ, քվեարկության մասնակցության հետ կապված, խնդիրներ եղել են, Վահրամ Բաղդասարյանը ասաց, որ ՀՀԿ-ն համախմբված ու համբերատար ձևով ներկայանում էր քվեարկության, ուստի զանգելու, համոզելու խնդիր չէր կարող լինել:
«Պարզապես անորոշություն կար, որ մյուս քաղաքական ուժերը պետք է հայտարարություններ անեին, և պարզորոշ չէր, թե նրանք ինչ դիրքորոշում պետք է արտահայտեին: Կարող է` ինչ-որ բանակցային փուլ է եղել, որովհետև քաղաքական գործընթաց էր գնում, բայց բոլորն իրենց աշխատասենյակներում են եղել, ես էլ դահլիճում տեղիցս բացարձակ վեր չեմ կացել, հեռախոս էլ մոտս չեմ պահում, որ զանգեմ որևէ մեկին, իսկ հիմնական զանգահարողը պետք է ես լինեի»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը` հավելելով, որ ամբիոնից Գալուստ Սահակյանի մի քանի անգամ արված հայտարարությունը քվեարկության մասին բավական է եղել, որ հանրապետականները ներկայանան, և որևէ խնդիր չի եղել:
Մեր այն հարցին` իսկ ինչպե՞ս է նա վերաբերվում այն բանին, որ երեկ որոշ հանրապետականներ քվեարկել են իրենց բացակա գործընկերների փոխարեն, պատասխանեց. «Օրինակներ բերեք, մեծամասնականով ընտրված Հակոբ Հակոբյանը մեկ վայրկյան ուշացավ քվեարկությունից: Պատգամավոր ունեինք, որ կոճակի հետ կապված խնդիր ուներ, մենք անմիջապես դրա մասին բարձրաձայնեցինք»,- ասաց նա:
Լրագրողները պնդեցին, որ կա տեսանյութ, թե ինչպես են բացակաների փոխարեն քվեարկել, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նման բան չի եղել, ապա ավելացրեց, որ ամեն դեպքում կուսումնասիրի ամեն ինչ, և եթե եղել են նման դեպքեր, ապա դա իր համար ընդունելի չէ` կդատապարտեն, որ նման բան այլեւս չկրկնվի: