| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Առևանգության, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի փաստաբան Աննա Թամրազյանը հրաժարվել է շարունակել Վարագյանի պաշտպանությունը, քանի որ նրա հարազատները չեն վճարել իրեն: Այս մասին այսօր Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` Վարագյանի գործով հերթական դատական նիստում, հայտարարեց նիստը նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը` հրապարակելով փաստաբանի ուղարկած գրությունը:
Ամբաստանյալը դատարանից ժամանակ խնդրեց` փաստաբանից պարզելու` արդյո՞ք շարունակելու է իր պաշտպանությունը, իսկ մերժում ստանալու դեպքում նոր պաշտպան ներգրավելու համար: Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարին` միջնորդել լիազորել իր հարազատներին` անվանափոխել իր անվամբ «Վարդգես» ՍՊԸ-ում գրավադրված մատանին: Սակայն դատարանը, քննարկելով խնդրանքը, որոշում կայացրեց արգելանք դնել մատանու վրա:
Այսօրվա նիստին Վարագյանը հայտարարեց, որ սպառնում են իր ընտանիքի անդամներին, մասնավորապես` իր քրոջն են այցելում ոստիկաններ: Բանն այն է, որ այս գործով տուժողը վերջերս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ փակ համարից, ինչպես նաև ամբաստանյալի քրոջ հեռախոսահամարից իրեն զանգահարել և սպառնացել են, ինչի առթիվ և ոստիկանները հարցաքննել են Վարագյանի քրոջը:
Դատավորը հորդորեց դահլիճում գտնվող ամբաստանյալի հարազատներին` այդ հարցով դիմել իրավապահ մարմիններին: Ամբաստանյալի քույրը տեղից հայտարարեց, որ ցանկացել է դիմել, սակայն քննիչն ասել է, որ օրենքով նախատեսված ժամկետն անցել է:
Այսօր դատարանը հրապարակեց գործով որպես վկա ներգրավված Գևորգ Չթեյանի վերաբերյալ ծանուցումը, ըստ որի` պարզ դարձավ, որ նա բացակայում է ՀՀ-ից: «Թող գա Ռուսաստանից և իր կաշառված ստերը պատմի»,- տեղից արձագանքեց ամբաստանյալի մայրը:
Քանի որ առանց պաշտպանի դատական նիստը շարունակելն անհնար էր, ուստի դատավորը հետաձգեց այն և հաջորդ նիստը նշանակեց հունիսի 10-ին: