Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվեց առևանգության, բռնաբարության, սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու և առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու մեջ մեղադրվող` ոստիկանության նախկին աշխատակից Էդգար Վարագյանի գործի քննությունը:
Այսօր դատարանը կողմերի ճանաչմանը ներկայացրեց գործի իրեղեն ապացույցները, մասնավորապես` ամբաստանյալ Վարագյանի բնակարանի խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակը, բալոնը, կպչուն ժապավենը, դեպքի վայրից առգրավված մետաղյա ձողը, տուժողին պատկանող զգեստներ, 2 բարձի երեսներ, որոնց վրա առկա էին արյան հետքեր և պատռվածքներ և այլն:
Տուժողները ներկայացված իրերը ճանաչեցին և բացատրեցին իրենց առնչությունն իրերի հետ: Տուժող Քարոլին Բաղումյանը և նրա դուստրը հայտնեցին, որ մետաղյա ձողի օգնությամբ ամբաստանյալը կոտրել է իրենց տան պատուհանի ապակին և մուտք գործել բնակարան, իսկ կպչուն ժապավենի միջոցով կապել է իրենց ձեռքերը: Սակայն Վարագյանը հայտնեց, որ նշված իրերին ծանոթ չէ: Միայն կպչում ժապավենի մասով հայտնեց, որ դա կարելի է գնել ցանկացած խանութից և որ բոլորի բնակարաններում էլ կա: Նշենք սակայն, որ, ըստ հետքաբանական փորձաքննության եզրակացության, Վարագյանի բնակարանից հայտնաբերված կպչուն ժապավենի վրա առկա մատնահետքերը և կտրվածքը համապատասխանել են նրա բեռնախցիկից հայտնաբերված կպչուն ժապավենի հետքերին: Այդ կապակցությամբ ամբաստանյալը հայտնեց, որ ոչ ոք չի կարող ասել, որ դա հենց իրենց տանից է հայտնաբերվել, և որ փորձագետը կեղծ եզրակացություն է տվել:
Ամբաստանյալը չճշտեց, որ ունեցել է բալոն, սակայն, միաժամանակ, նշեց, որ իր ունեցածն այնքան էլ նման չէ դատարանում ներկայացվածին: Նա նաև կարծիք հայտնեց, որ մինչև խուզարկությունը հնարավոր է` ինչ-որ անձինք մտել են իր բնակարան և անհրաժեշտ ապացույցները տեղադրել այնտեղ: Ըստ նրա` այդ մասին վկայում է այն, որ տան դուռը տարօրինակ կերպով պինդ է կողպված եղել և իրենց մեծ դժվարությամբ է հաջողվել այն բացել: Նշենք, որ Վարագյանն իր ցուցմունքում հայտնել էր, որ իր բեռնախցիկում որևէ առարկա չի եղել:
Դատարանն ավարտեց իրեղեն ապացույցների հետազոտումն ու անդրադարձավ տուժողի ներկայացրած քաղհայցին:
Այսօր դատարանում մի քանի քննչական փորձարարություններ նշանակելու վերաբերյալ միջնորդությամբ հանդես եկավ ամբաստանյալը: Նա, իբր վկայակոչելով տուժողի ցուցմունքը, միջնորդեց, որ վերջինս ցույց տա, թե ինչպես է հնարավոր կապած ձեռքերով շոր հագնել: Սակայն տուժողը հիշեցրեց իր ցուցմունքը, ըստ որի` ձեռքերը կապած վիճակով ինքն ընդամենը կոշիկներն է հագել:
Ամբաստանյալը նաև ինտիմ բնույթ պարունակող փորձարարության վերաբերյալ միջնորդություն արեց: Մեղադրող դատախազն այդ առնչությամբ հիշեցրեց, որ գործում կան ամբաստանյալի ինտիմ կյանքին վերաբերող ապացույցներ, մասնավորապես` տեսանյութեր, որոնք իրեղեն ապացույց չեն ճանաչվել: Նա առաջարկեց ամբաստանյալին` ցանկության դեպքում անձամբ միջնորդել և դրանք, որպես իրեղեն ապացույցներ, ճանաչել: Նշենք, որ խոսքը վերաբերում է ամբաստանյալի հեռախոսի հիշողության քարտում պահպանված տեսանյութերին, որոնցում առկա են Վարագյանի կողմից նկարահանված` իր իսկ սեռական ակտը ցուցադրող կադրեր:
«Ես խնդիր չունեմ, պարո'ն դատախազ, ես գոմիկ չեմ, ես պատկանում եմ նորմալ մարդկանց խմբին…»,- ասաց ամբաստանյալը:
Դատավորը մերժեց ամբաստանյալի` քննչական փորձարարություններ կատարելու վերաբերյալ միջնորդությունը` վկայակոչելով ՀՀ Քր. դատ. օր.-ի 351-րդ և 242-րդ հոդվածները: Նշենք, որ համաձայն` ՀՀ Քր. դատ. օրենսգրքի Ք242-րդ հոդվածի 3-րդ մասի ` քննչական փորձարարություն թույլատրվում է, եթե տվյալ դեպքում այն վտանգավոր չէ մարդկանց կյանքի և առողջության համար, դրանով չի ստորացվում նրանց պատիվը և արժանապատվությունը, նրանց չի պատճառվում նյութական վնաս: Տվյալ պարագայում` դատավորն արձանագրեց, որ ամբաստանյալի առաջարկած քննչական փորձարարությունը կարող է ստորացնել անձի պատիվն ու արժանապատվությունը:
Այնուհետև ամբաստանյալը հայտնեց, որ Քարոլինը բազմիցս դատարանում սուտ ցուցմունք է տվել, և, մտահոգություն հայտնելով, որ այդ փաստը կարող է դատախազը կոծկել, միջնորդեց իր հայտարարությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում: Տուժողին «պարսիկ, մուսուլման կոչեցյալ» անվանելուց հետո արժանանալով դատարանի նախազգուշացմանը` ամբաստանյալը միջնորդեց իրեն տրամադրել Քարոլինի հեռախոսազանգերի վերծանումների արձանագրությունները, ինչպես նաև դատարան հրավիրել նրա ամուսնուն:
«Ամուսինս, որ գա էստեղ, նրան վնաս կտա, դրա համար չի գալիս»,- տեղից արձագանքեց տուժողը:
Թվարկված բոլոր միջնորդությունները դատավորը մերժեց:
Իսկ վերջում ամբաստանյալը հայտնեց, որ իր` կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում ընտանիքը հայտնվել է ծանր սոցիալական կացության մեջ, և դրան է նպաստել է նաև այն, որ «փաստաբան կոչեցյալ» Աննա Թամրազյանն իրենից 750 հազար դրամ գումար է շորթել: Նա միջնորդեց փոխել իր խափանման միջոցը: Վարագյանի պաշտպանն էլ, իր հերթին, առաջարկեց կալանքը փոխարինել գրավով: Դատավորը, խորհրդակցական սենյակում քննարկելով միջնորդությունը, մերժեց այն:
Դատարանը որոշեց նաև հարցում կատարել բջջային օպերատորներին` ստանալու համար վկա Համասիկ Մուրադյանի հեռախոսազանգերի վերծանումները: Հենց այս հիմքով էլ հետաձգվեց այսօրվա դատական նիստը: Նշենք, որ, ըստ Վարագյանի, հիշյալ աղջիկն իր ընկերուհին է և դեպքի օրը գտնվել է իր հետ: Սակայն մեղադրող դատախազն այսօրվա նիստում կարծիք հայտնեց, որ հիշյալ վկան դատարանում սուտ ցուցմունք է տվել: Հիշեցնենք, որ Համասիկ Մուրադյանը հարցաքննվել է դռնփակ դատական նիստում:
Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին: