կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 13:50
Քաղաքական

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ արգելապատնեշներ չեն կարող դրվել

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ արգելապատնեշներ չեն կարող դրվել

Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում նշված մի քանի կետեր առնվազն նշանակում են, որ Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ուժերը պետք է ավելի տեղեկացված լինեն Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միանալու` վերջնական բոլոր հարցերի հնարավոր լուծումների մասին, և Հայաստանի իշխանությունները անհրաժեշտ պարզաբանումներն ու բացատրություններ պետք է տան նաեւ երեկ ձեռնարկվածի վերաբերյալ, որպեսզի հնարավոր լինի հստակ գնահատական տալ. yerkir.am-ին այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

Մեր զրուցակիցը ՀՀ նախագահի ելույթից ընդգծեց երեք կարեւոր կետեր: Նախ` Աստանայում ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է շուտափույթ ստորագրել պայմանագիրը, քանի որ ճանապարհային քարտեզը ենթադրում է ներգրավվածություն արդեն 2015 թվականի հունվարի 1-ից, եւ այդ նշակետը ե'ւ մեր գործարարների, ե'ւ մեր հասարակության կողմից արդեն արձանագրված է, ու մարդիկ պետք է ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները: Երկրորդ` դեռ այս ժամանակահատվածում` մինչեւ հունվարի 1-ը, անհրաժեշտ է մոտ 200 փոփոխություն, ինչը ժամանակ է ենթադրում: Եվ երրորդ` մնացել է 2-3 հարց, որոնց վերաբերյալ, համենայն դեպս, երեկ հանրապետության նախագահն ասում էր, թե հնարավոր է համաձայնեցնել` փոխընդունելի որոշումներ գտնել բոլոր կողմերի համար:

 

Աղվան Վարդանյանը նշեց, որ բոլոր դեպքերում ՀՅԴ-ի համար ակնհայտ է մեկ բան` Հայաստանի` այլ կառուցներին միանալը չի կարող որեւէ կերպ փոխել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միասնական տնտեսական տարածքի այսօրվա իրավիճակը, եւ չեն կարող ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ ինչ-որ արգելապատնեշներ դրվել: «Սա պետք է շատ հստակ ասեն Հայաստանի իշխանությունները, եւ մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ ՄՄ-ին եւ այլնին միանալը որեւէ կերպ չի փոխելու միասնական տնտեսական տարածքի առկա իրավիճակը»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

 

Իսկ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի երեկվա նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` գուցե անակնկալ, գուցե վերջին պահին արված հայտարարությունը` Ալիեւի անունից, միշտ էլ պետք էր ենթադրել: «Չէ՞ որ չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք մեր շահերը պաշտպանել, եւ ցանկացած բազմակողմ պայմանագրի դեպքում էլ Հայաստանը պետք է կարողանա իր եւ Արցախի շահերը միշտ եւ մինչեւ վերջ պաշտպանել»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

 

Անդրադառնալով Նազարբաեւի բերած «փաստարկներին»` նա նշեց, որ այդ մասին արդեն խոսվել է, այդ հիմնավորումները, բնականաբար, հող չունեն` ԱՀԿ-ին միանալը որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստան-Արցախ միասնական տնտեսական տարածքի վրա, եւ որեւէ սահմանափակում այդտեղ չի մտցվել: «Այլ բան է, որ այս մասին հիմա բարձրաձայնվում է Աստանայում` Նազարբաեւի կողմից, բայց ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ ակնհայտ հստակ լինի` որեւէ բաժանում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ չի կարող լինել»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը: