Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ՀՅ Դաշնակցության պատգամավորության թեկնածուները Երևանի Նոր Նորքում հանդիպեցին քաղաքացիների հետ, ներկայացրեցին իրենց ծրագիրն ու պատասխանեցին քաղաքացիներին հուզող հարցերին: Նշենք, որ ՀՅ Դաշնակցության` ռեյտինգային ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուներն ամեն օր նման հանդիպումներ են ունենում համապատասխան տարածքներում:
ՀՅԴ նախընտրական ցուցակը գլխավորողր Արմեն Ռուստամյանն այսօր Նոր Նորքում նույնպես մասնակցում էր քայլարշավին:
ՀՅԴ նախընտրական բուկլետում նշված է, որ Դաշնակցությունը կողմ է զիջումները բացառող, զարգացող և անվտանգ Հայաստանին ու Արցախին և դեմ է Արցախի հարցում պարտվողական, զիջողական քաղաքականությանը:
Yerkir.am-ը Ռուստամյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ասել է` զիջումները բացառող քաղաքականություն, և քանի որ նշված է` դեմ են պարտվողական քաղաքականությանը, արդյո՞ք նման դեպքեր եղել են, որ Արցախի հարցում պարտվողական քաղաքականություն ենք վարել: Ռուստամյանը պատասխանեց, որ «ոչ զիջողականություն» ասվածը շատ հստակ է` պետք է առաջնորդվել այն տրամաբանությամբ, որն Արցախի ժողովուրդն արտահայտել է իր սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Այսինքն, ըստ նրա, եթե բոլորը խոսում են այն մասին, որ պետք է այնպիսի լուծում լինի, որ Արցախի ժողովրդի կամքով լինի, ապա Արցախի ժողովուրդն այդ կամքը շատ հստակ արտահայտել է Սահմանադրության 175-րդ հոդվածով:
«Չզիջել` նշանակում է այս տրամաբանությունը չխափանել, չխախտել: Այո, պարբերաբար նաև եղել են այնպիսի դրսևորումներ, որոնք առնվազն 175-րդ հոդվածի չափանիշներին չեն համապատասխանել, և դրանք բոլորը մեզ համար համարվել են պարտվողական ու զիջողական: Այսինքն` տրամաբանությունը շատ հստակ է, և այսօր բոլոր քաղաքական ուժերն այդ հարցին պետք է հստակ պատասխան տան` ընդունո՞ւմ են, որ պետք է առաջնորդվեն Ղարաբաղի ժողովրդի` արդեն իսկ արտահայտած կամքով, որը հստակ ձևակերպված է, թե՞ ոչ»,- ասաց Ռուստամյանը:
Հարցին, թե տեսնո՞ւմ է քաղաքական ուժերի ծրագրերում հստակ մոտեցումներ Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ, Ռուստամյանը պատասխանեց, որ բոլորի նախընտրական ծրագրերում էլ կան ձևակերպումներ, բայց դրանք այնքան էլ հստակ չեն: «Բոլորի մոտ էլ կան այնպիսի հայտարարություններ, որոնք կարելի է մեկնաբանել, որ այդ տրամաբանությունը պահպանում են կամ կարող են պահպանել: Սակայն մենք տեսել ենք, որ երբ անորոշ ձևակերպումներ են լինում, միշտ սողանցքերից փորձում են օգտվել կամ հետո այլ ձևով մեկնաբանել իրենց իսկ ներկայացրած ծրագրի դրույթը: Կարծում եմ` այս փուլը պետք է համարենք վաղուց անցածմ և բոլորը հստակ պետք է խոսեն»,- ասաց նա:
Ռուստամյանը հավելեց, որ բոլորը շատ լավ հասկանում են, որ, ի վերջո, Հայաստանի զարգացումը, առանց Ղարաբաղի հարցի հետ կապված հստակ դիրքորոշման, անհնար է: Արցախի հարցում Դաշնակցության մոտեցումը, ըստ նրա, միշտ նույնն է եղել` զարգանանք` չզիջելով: «Մեր տնտեսական, ներքին քաղաքական ծրագրերը հենց դրանից են բխել: Մենք ասում ենք, որ կարող ենք և ունենք այդ ներուժը, որ զարգանանք` չզիջելով: Սրա համար մենք ունենք մեր պատկերացրած տնտեսական, սոցիալական քաղաքականությունը, ներքին բոլոր խնդիրների լուծումը: Սա, բնական է, լինելու է հետագայի` մեր հիմնական առաջնորդող հայեցակարգը: Բոլորը լավ հասկանում են, որ ինչքան էլ այլ խնդիրների վրա շեշտը դրվի, միևնույն է, այդ խնդիրների լուծումն ածանցվելու է Ղարաբաղի հարցի լուծումից: Բոլորը նաև պարզ գիտակցում են, որ այսօր լարված է արտաքին քաղաքական դաշտում իրավիճակը, և Ղարաբաղի խնդիրն այսօր արտաքին օրակարգում առաջին հորիզոնականն է զբաղեցնում»,- ասաց Ռուստամյանը:
Նրա խոսքով` առաջիկա ամիսներին նոր զարգացումներ կարող են մեզ թելադրվել, պարտադրվել` մանավանդ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները նկատի ունենալով: Ըստ Ռուստամյանի` մենք թևակոխում ենք նոր փուլ, և սպասվում են նոր վտանգներ, որոնք պետք է կարողանանք հաղթահարել: «Բոլթոնի հայտարարության ենթատեքստում երևում են վտանգներ, որոնք կարող են բերել զիջողական քաղաքականության: Արցախի հարցում, բացի միասնությունից, մենք ուրիշ ճանապարհ չունենք: Պետք է հասկանանք, որ գոնե Արցախի հարցում բոլոր տարաձայնությունները, պառակտիչ դրսևորումները պետք է մի կողմ դնել և մեր միասնականությունը պահպանել, քանի որ այլ ուժ չունենք` դիմակայելու Ադրբեջանի ագրեսիային»,- ասաց դաշնակցական քաղաքական գործիչը:
Նա նշեց նաև, որ եթե այս հռետորաբանությունը, փողոցային լեզվակռվի այս իրավիճակը խորանա, մենք բացասական լիցք ենք կուտակելու: «Իրար հետ գզվռտվելով` միայն հակառակորդի ագրեսիայի հնարավորությունն ենք մեծացնում, նրանց ջրաղացին ջուր լցնում: Դրա համար էլ պետք է սթափվենք ու հասկանանք, որ այս ամենը կանցնի, բայց գլխավոր խնդիրը, որը մենք միայն միասնականությամբ կարող ենք լուծել, կարող է հարվածի տակ դրվել: «Մի քանի ձայն այս կողմ, այն կողմ» հարցը եթե դառնա գլխավոր, մենք կկորցնենք համազգային կարևորության հարցերի լուծման հնարավորությունը»,- խոսքն ամփոփեց Ռուստամյանը: