Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, երբ 2013թ. բյուջեի կատարողականն էր ներկայացնում Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը, Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց նրան տրանսպորտի ուղեվարձի բարձրացման վերաբերյալ:
Նա նշեց, որ այդ կապակցությամբ ձևավորվել էր հանձնաժողով, որը հաշվարկել է Երևանում ուղևորափոխադրումների, ուղեվարձի սակագինը և պարզել, որ գործող սակագինը ցածր է, իրական ուղեվարձն` ավելի բարձր:
«Ուզում եմ ցիտել 2013թ. մարտի 28-ին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հայտարարությունը, նա ասել է՝ «մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել, առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում, մեր համաքաղաքացիները կարող են անհոգ լինել, ուղեվարձը մնալու է անփոփոխ»: Երևանի քաղաքապետարանը գիտակցո՞ւմ է, որ այս հայտարարությունը նշանակում է, որ առնվազն մինչև Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրություններ սակագինը չի փոխվեու, որովհետև մարդիկ Տարոն Մարգարյանին, ձեր կուսակցական ցուցակին ձայն են տվել այդ թվում` նաև այս հայտարարության համար: Հիմա դուք գիտակցո՞ւմ եք, որ կա'մ մինչև հաջորդ ընտրությունները չպիտի փոխվի ուղեվարձը, կա'մ եթե նման խնդիր կա, պետք է տեղի ունենան Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կամո Արեյանի խոսքով` տրանսպորտի ուղեվարձի հետ կապված, քաղաքապետի կարգադրությամբ գործում է հանձնաժողով, որումներգրավված են միջազգային կազմակերպություներ, փորձագետներ: Նա նշեց, որ փորձագիտական այդ աշխատանքների արդյունքներն ամփոփվել են ավագանու նախորդ նիստում, առաջարկները դեռ քննարկվում են, հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը՝ մինչև հարցի սպառիչ պատասխան տան:
«Այո, եղել է այդպիսի հայտարարություն՝ հարցին ի պատասխան, որ վերաբերում էր հետևյալին, թե արդյո՞ք 2013 թվականի ապրիլի 1-ից տրանսպորտն աշխատելու է նոր սակագնով: Խոսքը վերաբերում էր այդ կարճ ժամանակահատվածին»,- ասաց Կամո Արեյանը:
Արձագանքելով Կամո Արեյանի պատասխանին` Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մարտի 28-ին հայտարարել է, որ տրանսպորտի գինը չի թանկանալու, բայց չորս օր անց պարզվում է, որ տրանսպորտի գինը կարող է բարձրանալ: «Հիմա ստացվում է, որ չորս օրվա համա՞ր է Տարոն Մարգարյանը այդ հայտարարությունն արել: Ստացվում է, որ դա ընտրությունների շեմին արված հայտարարությո՞ւն է եղել, այդ հայտարարությունը չորս օրվա համար արված հայտարարությո՞ւն է եղել»,- հարցրեց պատգամավորը:
Փոխքաղաքապետը նշեց, որ մարտի 28-ին արված` քաղաքապետի հայտարարությունը, թե տրանսպորտի ուղեվարձը չի բարձրանալու, չի նշանակում, որ քաղաքապետարանը կաշկանդված է տրանսպորտի գնի վերանայման հարցում: «Ամենևին ոչ, քաղաքապետարանը կաշկանդված չէ»,- հայտարարեց նա:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հարցադրումների ժամանակ կառավարության ներկայացուցիչներն անընդհատ հորդորում էին պատգամավորներին` հարցերը տալ միայն բյուջեի կատարողականի վերաբերյալ, ինչը զայրացրեց Փաշինյանին: «Այս պաշտոնյաները, որոնք հիմա զեկուցում են, նրանք բյուջեից են ստանում աշխատավարձ, և հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչով են զբաղված այս պաշտոնյաները, ինչ սկզբունքներ են դավանում, ինչպես են ծախսում բյուջեի գումարները: Կառավարության անդամները դասատու են դառել, գալիս եք երկու թուղթ գրած կմկմում, գնում, հետո պատգամավորներին դաս եք տալիս, թե ինչ հարց տան»,- ասաց պատգամավորը: