կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 21:24
Մշակույթ

Ճապոնացի մասնագետներն օգնում են պահպանել Հայաստանի մշակութային ժառանգությունը

Ճապոնացի մասնագետներն օգնում են պահպանել Հայաստանի մշակութային ժառանգությունը

Մայիսի 27-ին Հայաստանի պատմության թանգարանում կբացվի հայ և օտարազգի մասնագետների ուժերով վերականգնված բրոնզե առարկաների ցուցահանդես:

 

Առարկաները վերականգնվել են սեմինարների ընթացքում: Մասնավորապես` մայիսի 20-ից 27-ն անցկացվող «Հնագիտական մետաղի վերականգնումը և պահպանումը» թեմայով տեղական 6-րդ եզրափակիչ սեմինարին մասնակցում են 10 հայ, 4 ճապոնացի, ինչպես նաև մեկական վրացի և ռուս մասնագետներ:

 

2011-2014թթ. տեղի է ունեցել «Տեքստիլի վերականգնումը և պահպանումը» թեմայով 5, «Հնագիտական մետաղի վերականգնումը և պահպանումը» թեմայով 3 միջազգային և 5 տեղական սեմինար:

 

2011 թ.-ին Երևանում ստորագրվել էր «ՀՀ մշակույթի նախարարության և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի միջև Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ» համաձայնագիրը: Դրա նպատակն էր 2011-2014 թթ. իրականացնել հայ մասնագետների վերապատրաստում և միջազգային, տեղական սեմինարների միջոցով գիտելիքների փոխանակում:

 

Այսօր ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը և Տոկիոյի մշակութային արժեքների ազգային հետազոտության ինստիտուտի գլխավոր տնօրեն Նոբուո Կամեին ստորագրել են Հայաստանի մշակութային ժառանգության պահպանման մասին համագործակցության նոր համաձայնագիր: ՀՀ մշակույթի նախարարության կայքը հայտնում է, որ համաձայնագիրը կգործի մինչև 2020 թ.-ը: