կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-02 13:45
Տարածաշրջան

Թուրք մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի պատմության դասագրքերը

Թուրք մասնագետներն ուսումնասիրել են Հայաստանի պատմության դասագրքերը

Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների կենտրոնը (TÜBİTAK) ուսումնասիրել է հայաստանյան դպրոցներում կիրառվող պատմության դասագրքերը: Թուրքական Haberturk լրատվակայքի տեղեկացմամբ՝ ուսումնասիրության արդյունքները ներկայացվել են հատուկ հաշվետվությամբ: TÜBİTAK-ը մասնավորապես ուշադրություն է դարձրել Հայոց ցեղասպանության թեմայի ներկայացմանը հայկական դասագրքերում և արձանագրել, որ թուրքերի մասին խոսվում է որպես «թշնամու» և «եղեռնագործի». տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական «Յըլդըրըմ Բեյազըթ» համալսարանի հայոց լեզվի և գրականության բաժնի ղեկավար, պրոֆեսոր Յըլդըզ Դևեջի Բոզքուշը հայ աշակերտների շրջանում նաև հատուկ հարցում է անցկացրել: Թուրք պրոֆեսորը նշում է, որ Հայոց պատմության դասագրքերի հեղինակների մեծ մասը կողմ է իրադարձությունների անկողմնակալ նկարագրմանը:

Բոզքուշն ընդգծում է նաև, որ, օրինակ, թուրքական դասագրքերում վերջին 10 տարվա ընթացքում թեմայի վերաբերյալ որոշ մեղմացում է նկատվում: Եթե նախկինում օգտագործվում էր «այսպես կոչված` Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը, ապա նոր դասագրքերում կարելի է հանդիպել  «1915թ. դեպքեր», «արդար հիշողություն», «կարգավորում», «ցավակցական ուղերձ», «հիշատակման արարողություններ» արտահայտություններին:

Բոզքուշի կարծիքով` անհրաժեշտ է վերանայել երկու երկրներում պատմական դասագրքերի բովանդակությունը և դրանցից հանել աշակերտների մոտ «օտարի» մասին պատկերացումներ ստեղծող բնութագրումները՝ նպաստելու համար երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Թուրք պրոֆեսորի ուսումնասիրությունների արդյունքները շուտով լույս կտեսնեն  գրքի տեսքով՝ «Թուրքի կերպարը հայկական պատմության դասագրքերում» վերնագրով: