կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 20:37
Հասարակություն

Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում. մասնագետներն ահազանգում են, գործադիրում «հույս են տալիս»

Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում. մասնագետներն ահազանգում են, գործադիրում «հույս են տալիս»

Հակառակ Սյունիքում նորահայտ սահմանների ստեղծած անվտանգային ու տնտեսական խնդիրներին՝ էկոնոմիկայի լավատես նախարար Վահան Քերոբյանը հերթական հարցազրույցում անդրադարձել է նոյեմբերի 9-ի փաստաթղթով մեզ «պարտադրված» ապաշրջափակմանը՝ իր քաղաքական առաջնորդի նման վստահեցնելով, որ այն դրական կանդրադառնա Հայաստանի վրա:

«Ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի»

«Մեր քաղաքական թիմի ուղղությունը երկարաժամկետ խաղաղության հաստատումն է,- ասել է նախարարը հարցազրույցում, ապա անդրադառնալով կոմունիկացիաների բացմանը՝ նկատել է,- Միջազգային վերլուծական կենտրոնների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի վերլուծություններով՝ ապաշրջափակումը շատ կարճ ժամանակում կբերի ՀՀ ՀՆԱ-ի 30 տոկոս աճի: Այլ խոսքերով ասած՝ ապաշրջափակումը յուրաքանչյուր մարդու կյանքը 30 տոկոսով կլավացնի:

Հիմա մենք անընդհատ խոսում ենք, որ, այո, կան վատ բաներ ապաշրջափակման մեջ, բայց երբեք չենք խոսում այն լավ բաների մասին՝ թվերով, որը տեղի կունենա ապաշրջափակման հետևանքով: Իրականում փակ լինելը միշտ վատ է, և բաց հարաբերությունների մեջ, բնականաբար, կան շատ ավելի շատ հնարավորություններ, քան փակ հարաբերություններում:  Այդ առումով զգույշ բացվելը շատ կարևոր է»:

Վահան Քերոբյանն այս համատեքստում խոսել է նաև հնարավոր հարաբերությունների պարագայում թուրքական տնտեսական էքսպանսիայի ռիսկերի մասին:

«Հարաբերությունները պետք է սիմետրիկ լինեն, այսինքն՝ երբ Հայաստանի շուկան բացվի, օրերից մի օր թուրքական ապրանքների համար (շատ կատեգորիաներով միշտ բաց է եղել),  նաև թուրքական շուկան կբացվի հայկական ապրանքների համար, որը երբեք չի եղել: Եվ այդտեղ մեր առջև 80 միլիոն հոգիանոց շուկա է, և հայ գոծարարները պետք է հասկանան, որ դա նաև շատ մեծ հնարավորություն է՝ ոչ միայն պրոբլեմ:

Եվ այստեղ կառավարությունը, իհարկե, իր կողմից ամեն ինչ կանի, որպեսզի ներքին շուկան պաշտպանվի, բայց միևնույն ժամանակ՝ կառավարությունը նաև ամեն ինչ կանի, որպեսզի օգնի գրավել այդ նոր շուկան»,- ասել է նա:

«Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում»

Քաղաքական գիտությունների դոկտոր, Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը, սակայն, նախարար Քերոբյանին կոչ է անում դադարեցնել փաստերն իրենց քաղաքական թիմի շահերին հարմարեցնելու փորձերը:

«Հետազոտություններում, որոնք առավելապես անց են կացվել ոչ թե վերջին զարգացումների համատեքստում, այլ «Ֆուտբոլային դիվանագիտության»  ամենաակտիվ փուլում, հիմնականում խոսքը մի կողմից՝ Կարս-Գյումրի երկաթուղու վերաբացման մասին է, մյուս կողմից՝ Հայաստան-Նախիջևան-Իրան երկաթուղու գործարկման մասին: Այս հետազոտություններում, հաշվետվություններում որևէ խոսք չկա ո՛չ Մեղրու «միջանցք»-ի մասին, ո՛չ էլ՝ լայն իմաստով, սյունիքյան սցենարի մասին, որը Հայաստանի գործող իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի հետ փորձում են կյանքի կոչել»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց նա:

Սյունիքում վերջին իրադարձությունները դիտարկելով անվտանգային ու տնտեսական սպառնալիք՝ Վահե Դավթյանը նկատեց. «Տեղի է ունենում Հայաստանի շուրջ տրանսպորտային օղակի սեղմում՝ այն, ինչն այսօր այս իշխանությունները փորձում են ներկայացնել որպես ապաշրջափակում: Աշխարհաքաղաքականության, գեոէկոնոմիկայի մեջ կա, այսպես կոչված, անակոնդայի մեթոդը, որը ենթադրում է հառակորդի, թշնամու տրանսպորտային շրջափակում, օղակի սեղմում, դրա հետևանքով՝ տնտեսական պարալիզացում և վերջնական հարվածի հասցվում»:

«Սյունիքյան սցենարի իրագործումը լրջագույն խնդիրներ է ստեղծելու Իրանի համար, ինչպես նաև՝ հայ-իրանական այն առանցքային տնտեսական նախաձեռնությունների կյանքի կոչման, որոշ դեպքերում՝ շահագործման համար, որը մենք այս տարիներին ունեցել ենք: Խոսքը և՛ Իրան-Հայաստան գազամուղի հարցականի տակ հայտնվելու մասին է (որովհետև ակնհայտ է, որ այս ռազմավարությունն ուղղված է նաև Իրանի էներգետիկ առաջխաղացումը զսպելուն),  և՛ Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի կառուցման աշխատանքների, որոնք առանց այդ էլ իրականացվում են չափազանց դանդաղ տեմպերով (հաշվի առնելով այն, որ հայ-իրանական տնտեսական լոգիստիկ կապերում Ադրբեջանը սկսում է ստանձնել հստակ դերակատարում, Իրանի համար այս ուղղությունը ևս կարող է հարցականի տակ դրվել): Այստեղ կարող է հարցականի տակ դրվել նաև Ազատ տնտեսական գոտու հետագա ճակատագիրը, և այլն:

Հստակ պետք է փաստենք այն, որ հայ-իրանական տնտեսական երկխոսության տիրույթում Ադրբեջանը հստակ դերակատարում է ձեռք բերում, մասնավորապես՝ վերջին զարգացումների համատեքստում»,- եզրափակեց Էներգետիկ և տրանսպորտային-լոգիստիկ անվտանգության հարցերով փորձագետը:

«Մեր տարածքում մեր բեռների վրա «նալոգ» են դնում»

«Հայաստան» դաշինքի պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանն  անդրադառնալով նախարարի հայտարարություններին՝ մեզ հետ զրույցում նշեց. «Նախ պետք է հասկանալ՝ ապաշրջափակում ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. նկատի ունեն այն ապաշրջափակումը, որը մենք տեսնո՞ւմ ենք, այսինքն՝ ՀՀ տարածքում ՀՀ մտնող բեռնափոխադրման խնդիրները: Մենք մեր տարածքում փաստացի ունենում ենք թշնամի պետության կողմից մեր տարածք մտած բեռների անհասկանալի հարկադրում. մեր տարածքում մեր բեռների վրա «նալոգ» են դնում:

Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ, ապաշրջափակման «դրական» ազդեցությունների մասին խոսակցությունները սկսում են ակտիվանալ, երբ այս իրավիճակից բխող հերթական խնդրին ենք բախվում: Փորձում են հանրությանը թմրեցնել այդ տեղեկատվությամբ, այդպիսի հարցազրույցներով»:

Պատգամավորը նաև շեշտեց, որ լուրջ չի վերաբերվում նախարարի հայտարարություններին, քանի որ նրա կողմից մեկ անգամ չէ, որ ցանկալին ներկայացվել է իրականության փոխարեն:

«Պետք է արձանագրենք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը երբեք չեն ուզի ՀՀ տնտեսական զարգացումը, կամ մեզ չեն դիտարկելու որպես տարածաշրջանի երկիր՝ հավաքական զարգացման տեսանկունից:

Իսկ այս պահին նման իրավիճակն էական տնտեսական հարված է պետությանը. Այսինքն՝ մարդիկ օրինական հատում են քո երկրի սահմանը, և իրենց հաշվարկներով՝ վճարում են նաև անհրաժեշտ մաքսատուրքը, բայց հետո պարզվում է, որ գուցե ճանապարհին ինչ-որ մի զինված խմբավորում կարող է կանգնեցնել այդ մեքենան, զննի, իր հայեցողությամբ թողնի կամ չթողնի, և այլն: Այս իրավիճակում ի՞նչ ապաշրջափակման մասին խոսել, ի՞նչ «ապագա կա»-ի մասին»,- ասաց տնտեսագետը՝ վստահեցնելով, որ իրողությունը սա է, իսկ մնացյալը՝ հերթական մանիպուլյացիաները:

Տեղեկացնենք՝ երեկվանից քննարկվում է Սյունիքում ստեղծված անհասկանալի իրավիճակը. հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ ադրբեջանցի սահմանապահ ոստիկանները Որոտանում դրված իրենց անցակետում իրանական բեռնատար մեքենաներից 50.000 դրամին համարժեք գումար են պահանջում՝ ճանապարհի թույլտվության համար:

Իրան-Հայաստան Առևտրաարդյունաբերական պալատի տելեգրամյան պարսկերեն ալիքը տարածել էր անդորրագիրը, համաձայն որի՝ Հայաստանի տարածքում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանական բեռնատարի վարորդից գանձել են 221 մանեթ (մոտ 130 ԱՄՆ դոլար) գումար։

ՀՀ ԱԱԾ-ն իրավիճակի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել՝ մասնավորապես նկատելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշերով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- նշել էին ԱԱԾ-ից:

Թեման այսօր քննարկվում էր նաև Ազգային ժողովի նիստերի դահլիճում ու դահլիճից դուրս:

«Տեսաք, թե ԱԱԾ-ն ինչ հայտարարություն արեց՝ անվանելով Որոտանն ադրբեջանական անունով, չեմ ուզում այդ անունը տալ: Սա ի՞նչ է նշանակում, մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ այո, դա ադրբեջանական տարա՞ծք է: Սև լճի տարածքում ադրբեջանցի զինվորները պատրաստվում են ձմեռվան»,- նշեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանը՝ լրագրողների հետ զրույցում:

Ի դեպ, ԱԺ հերթական նստաշրջանին «Հայաստան» դաշինքն առաջարկեց գումարել հատուկ նիստ և քննարկել Սյունիքում ստեղծված իրավիճակը: