կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-11-17 13:09
Քաղաքական

Կառավարությունը կփորձի աջակցել սահմանամերձ համայնքներին

Կառավարությունը կփորձի աջակցել սահմանամերձ համայնքներին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է աահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը: Օրենքը նպատակ ունի կարգավորել կառավարության կողմից հաստատված ցանկում ներառված սահմանամերձ համայնքներին աջակցության ցուցաբերման գործընթացը:

 

Նախատեսվում է սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված եւ սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի եւ ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցել ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Օրենքը նպատակ ունի բարելավել սահմանամերձ համայնքների բնակչության կյանքի որակը:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վաչե Տերտերյանին, թե գազի ու էլեկտրաէներգիայի միջինացված ցուցանիշը ո՞ր չափն է: Տերտերյանը պատասխանեց, որ, որպես ուղենիշ, վերցված է նվազագույնը 50 տոկոս չափը:

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ նշեց, որ շատ ուրախ է, որ կառավարությունը վերջապես ներկայացրեց նման նախագիծ: Նա հույս հայտնեց, որ կառավարության սահմանած արտոնությունների չափաքանակը կլինի հուսադրող:

 

Պատգամավորը նշեց, որ գոյություն ունի մի ծրագիր, որը դպրոցական երեխաներին սնունդով է ապահովում: «Այս տարի այդ ծրագիրը նախատեսում է ընդլայնել շրջանակները չորս անգամ: Առաջարկում եմ բյուջեի նախագծում վերաձևակերպում անել, որ սահմանամերձ համայնքների դպրոցականներն օգտվեն այդ ծրագրից»,- ասաց նա:

 

Վաչե Տերտերյանը նախ նշեց, որ Նիկոլ Փաշինյանը շատ ակտիվ մասնակցել է օրենքի նախագծի մշակման աշխատանքներին: Իսկ Նիկոլ Փաշինյանի առաջարկի վերաբերյալ ասաց, որ այն կներկայացնի պատկան մարմիններին, ու կքննարկեն:

 

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մի քանի հարց ուներ Վաչե Տերտերյանին: Նա նշեց, որ դեռ 2001 և 2003 թվականներին ընդունվել էր օրենք սոցիալական աջակցության մասին, և հարցրեց, թե ինչո՞ւ այդ օրենքը, որպես հավելված, չի ներառվել նախագծում: Պատգամավորին հետաքրքրում էր, թե ինչո՞ւ կառավարությունը չի տարանջատել սահմանամերձ և սահմանապահ համայնք հասկացությունները, բացի այդ` ովքե՞ր են մատուցելու սոցիալական աջակցությունը համայնքներում: Նաև հարց ուղղեց բնափայտով օժանդակության մասին, թե ինչո՞ւ դա ներառված չէ փաթեթում:

 

Վաչե Տերտերյանը նշեց, որ սոցիալական աջակցության մասին նախկին օրենքը թեև ծավալուն էր և ուղղված էր ֆիզիկական անձանց դրամական աջակցությանը, բայց կառավարությունը նպատակահարմար գտավ առանձին օրենքով ներկայանալ և խնդիրները լուծել առանձին օրենքով` հաշվի առնելով խնդիրների սոցիալական հնչեղությունը:

 

Ինչ վերաբերում էր սահմանապահ կամ սահմանամերձ հասկացություններին, նա նշեց, որ օրենքի առանձին կետերով հստակ նկարագրվում են չափանիշները` մարտական գործողությունների տակ գտնվող համայնքներ, ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող համայնքներ և այլն:

 

Իսկ թե ովքե՞ր են լինելու սոցիալական աջակցություն մատուցողները, Տերտերյանը նշեց` համայնքի ղեկավարը` մարզպետի հետ միասին:

 

Բնափայտի կապակցությամբ էլ հայտնեց, որ դա չեն ներառել փաթեթում և որոշել են դրամական աջակցություն ցուցաբերել, որովհետև նախ` վստահ չեն եղել, որ կարող են բնափայտ տրամադրել բոլոր սահմանամերձ համայնքների քաղաքացիներին, հետո` ամբողջապես չափելի չեն եղել բնափայտի տրամադրման հարցերը:

 

Արծվիկ Մինասյանը արձագանքեց, որ առանձին ելույթ ունի, սակայն սահմանապահ և սահմանամերձ հասկացությունների կապակցությամբ կարծիք հայտնեց, որ պետք է դա հստակ տարանջատել, որովհետև սահմանապահ այն համայնքն է, որը, ըստ էության, ապրում է բանակային ռեժիմով: