կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-14 22:49
Մշակույթ

Կյանքից բարձր մի բան կա՝ զվարթ-ճշգրիտ գիտություն բանաստեղծությունը. Աղվան Վարդանյան

Կյանքից բարձր մի բան կա՝ զվարթ-ճշգրիտ գիտություն բանաստեղծությունը. Աղվան Վարդանյան

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» ժողովածուի շնորհանդեսը: Ստորև ներկայացնում ենք Աղվան Վարդանյանի խոսքն իր բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսի ժամանակ:

 

Արդարացում

 

Մի կարճ բան էլ ես պիտի ասեմ: Այսքան տարբեր՝ ինձ մինչև ոսկորները ճանաչող, իմ դրսերևույթին միայն հետևած, նաև ինձ լրիվ անծանոթ մարդկանց ներկայությամբ: Այն էլ՝ բանաստեղծության բերումով: Միակ տարբերակը ինքս ինձ խոսելն է, իբր ոչ ոք չկա: Մանավանդ՝ հասկացված լինելը անպտուղ ցանկություն է:

 

Չորս-հինգ տարեկանում, հորաքրոջս շնորհիվ, էպոսի թումանյանական մշակումը ծայրեծայր գիտեի ու արտասանել եմ օրը մի քանի անգամ: Այդ խոսքն է մարմինս ու ոգիս կառուցել:

 

Յոթ-ութ տարեկանում, Նախիջևանի մեր Գեմուր գյուղի սալքարերին պառկած, մի օր ճշգրիտ տեսել եմ՝ ինչպես է երկրագունդը պտտվում: Այդ ապրում-հիշողությունը ընտրված լինելու դրոշմ եմ համարել: Մնացածը այս տեղանքն ու այս կյանքն է՝ քարից բխող լույս, հայոց լեզու, ընկերներ, կանայք, քաղաքականություն, գինի, հաց, մեղքեր:

 

Պարտք, պատիվ, պատասխանատվություն:

 

Այս գրքում, գիտեմ, մի քանի բացարձակ, բացարձակին մոտ բանաստեղծություն կա: Դրանք ես եմ գրել: Ու այդ ինքնավստահությամբ էլ բախտ եմ համարել Համո Սահյանի, Վահագն Դավթյանի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսեյ Մատվեյիչի, Սոս Սարգսյանի, Տիգրան Մանսուրյանի հավասար ընկերությունը:

 

Այս գրքի դժվար տպագրությունը արեցի, որ բանաստեղծությամբ մի անգամ էլ առնչվեմ իմ Տերյանին, Մեծարենցին, Թումանյանին, Չարենցին:

 

Ու նաև՝ Աշոտ Ավդալյան, Վազգեն Սարգսյան, Վրեժ Իսրայելյան, Հրաչյա Բեյլերյան, Լևոն Խեչոյան՝ այլևս երկրից ելած իմ գրչակից եղբայրներին:

 

Մենք բոլորս ելնելու ենք երկրից: Սա ես ասում եմ այստեղ ներկա իմ հոգեկից ընկերներին, բայց նաև յուրաքանչյուրիդ՝ անկախ՝ ով ինչով է ապրում, ով ինչ է թողնելու: Մեզ մնալու է այս զարմանք երկիրը՝ «այս Հայաստան վախը» և տխուր-ցնծալի մեր կյանքը:

 

Իսկ կյանքից բարձր մի բան կա՝ զվարթ-ճշգրիտ գիտություն բանաստեղծությունը: Որ իմ արդարացումն է:

 

Որ շունչն է Աստծո: