կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-23 19:35
Քաղաքական

Բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի այս քայլը. Աղվան Վարդանյան

Բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի այս քայլը. Աղվան Վարդանյան

  Ազգային ժողովի Հայ Հեղափոխական դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց՝ «Բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի այս քայլը»:

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր հրաժարական է տվել: Իր դիմումում Սարգսյանը նշել է՝ «Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։ Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։ Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը»։

Աղվան Վարդանյանն ասաց՝ ՀՅԴ-ն հույս ունի, որ ողջամտությունն ու խոհեմությունը կհաղթանակի եւ այս իրավիճակից արժանապատվորեն դուրս կգանք, որպես շատ ավելի ժողովրդավարական երկիր դարձող. «Եվ կկարողանանք, իսկապես, այս իրավիճակը ծառայեցնել մեր ժողովրդի եւ երկրի շահերին: Բարձր եմ գնահատում Սերժ Սարգսյանի այս քայլը: Մնացածը, կարծում եմ, օրեր շարունակ մեր առաջարկած բանակցությունների, քննարկումների արդյունքում կլինի»:

Մեր այն հարցին՝ զարգացումներն ինչպիսի՞ն կլինեն, նոր վարչապետի թեկնածություն պետք է առաջադրվի, Վարդանյանը պատասխանեց. «Եկեք ժամանակից առաջ չընկնենք: Այսօր կատարվում են իրադարձություններ, որոնք հնարավորություն են տալիս հանգիստ, խաղաղ նստել, երկրի, ժողովրդի շահով առաջնորդվելով բանակցելու՝ գտնել լուծումներ ի շահ երկրի»:

Այսօր Սարգսյանի հրաժարականից հետո հասարակությունն ավելի է ոգեւորվում, ամենուր բացականչում են՝ Նիկոլ, հաղթանակ, ո՞ւմ հաղթանակն էր սա, մեր այս հարցին ի պատասխան Վարդանյանն ասաց. «Ես վստահ եմ՝ սա նոր սերնդի, երիտասարդության, հայրենիքը սիրող, հայրենիքի ազատության համար պայքարողների հաղթանակն է»:

Սերժ Սարգսյանի հրաժարականից րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանն ու նրա հիմնադրած կուսակցությունը միացել են համաժողովրդական շարժմանը, ինչ քայլեր կանի ՀՅԴ-ն Սարգսյանի հրաժարականից հետո, մեր այս հարցին ի պատասխան Վարդանյանն ասաց.

«Մենք օրեր շարունակ հանդիպումներ ենք ունեցել ե՛ւ նախկին վարչապետի, ե՛ւ նախագահի եւ Փաշինյանի հետ: Մենք նախընտրել ենք խաղաղ բանակցությունների ճանապարհը: Թե մյուսներն ի՞նչ են հայտարարել, երբ ամեն ինչ պարզ էր, դա իրենց գործն էր: Պատասխանատվություն ունեցող քաղաքական ուժն իրենից կախյալ ամեն ինչ պիտի անի, որպեսզի ամեն ինչ խաղաղ բանակցությամբ ավարտվի, եւ մենք դա արել ենք, պարզ երեւում է: Իսկ երբ բոլոր հարցերը արդեն լուծման եզրագծին էին, ով՝ ինչ էր ասում, ինձ քիչ է հետաքրքրում»: