Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է վերացնել պարտադիր աուդիտը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ, մեթոդաբանական և տերմինաբանական առումով, այս օրինագծում պարտադիր բառը չպետք է օգտագործվի:
«Սա պարտադիր աուդիտ չէ, սա ֆինանսական հաշվետվությունները հրապարակելուց առաջ աուդիտի ենթարկելու պահանջն է, որը նշանակում է, որ ֆինանսական հաշվետվությունները` մինչև հրապարակվելը, ենթարկվում են աուդիտի: Կարծում եմ, որ ոչ թե պետք է հանենք աուդիտը, այլ պետք է խստացնենք կիրառումը»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանի խոսքով` պետք է ընդունել, որ աուդիտի ենթարկելը կարևոր է, բացի այն, որ դա ապահովում է թափանցիկություն, այն նաև հաշվապահական հաշվառման քաղաքականության տեսանկյունից հետևողականություն է ենթադրում: Նա կարծիք հայտնեց, որ եթե այդ օրինագիծը ընդունվի, ապա դա կհանգեցնի հաշվառման և հաշվետվությունների վերացման, հաշվառման իմաստով անարխիայի, քանի որ աուդիտը հսկողության կարևոր գործիք է. կազմակերպությունները կարող են հաշվառում չվարել, հաշվետվությունները կամայական վարել, ինչի արդյունքում կարող է անհնարին դառնալ գույքային վեճերի լուծումը:
«Աուդիտի վերացումը ձեռնտու կարող է լինել նրանց, ովքեր թաքցնելու բան ունեն և շահագրգռված են, որ հաշվառում և վերահսկողություն չլինի: Նման շահագրգռվածություն կարող են ունենալ ստվերային գործունեություն իրականացնողները, ինչպես նաեւ այն չարամիտ հարկային աշխատակիցները, ովքեր, օգտվելով հաշվառման բացակայությունից, կարող են ոգևորվել ու պարզապես կաշառք վերցնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նա նշեց, որ աուդիտորը կրում է քաղաքացիա-իրավական պատասխանատվություն, և անհրաժեշտ է, որ ուժեղացվի աուդիտորների ապահովագրության համակարգը: