կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2017-12-25 12:15
Հասարակություն

Չի կարող լինել տնտեսական որոշում` բացառելով բնապահպանականը, և հակառակը. Արծվիկ Մինասյան

Չի կարող լինել տնտեսական որոշում` բացառելով բնապահպանականը, և հակառակը. Արծվիկ Մինասյան

2017 թվականի մեկնարկին հայտարարվել էր, որ բնապահպանության ոլորտում առկա բացթողումները կբացահայտվեն և կախտորոշվեն  խնդիրները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով տարին` ասաց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  

«Ունեինք ծրագրված 21 միջոցառում, 8 գերակա խնդիր. բոլորն ընթացքի մեջ են: Ուզում եմ նշել, որ բոլոր ուղղություններով ունենք էական արդյունքներ: Օրենսդրական բարեփոխումներ ենք սկսել: 6 տասնյակից ավելի իրավական նախագծեր ապացուցում են, որ մեր կողմից հայտարարված կարգավորման քաղաքականությունը հիմնարար վերանայումներ իրականացնելու ընթացքի մեջ է, և չենք նահանջել այս ընթացքից»,- ասաց նախարարը:

Ըստ նրա` էական փոփոխություններ կան քաղաքացիների և պետական ծառայողների շփման տիրույթում, որի նպատակը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելն է:

Մինասյանն անդրադարձավ նաև ինստիտուցիոնալ բարեփոխումներին: «Այս տարի մեր կենտրոնական բարեփոխումներից մեկը տեսչական մարմնի ստեղծումն էր: Հիմա երկու տեսչությանը` ընդերքի և բնապահպանության, փոխարինեց նոր, առանձին տեսչական մարմին, որը գործելու է երկու գերատեսչություններից անկախ, օժտված է լինելու նոր գործիքակազմով` ավելի անկախ գերատեսչության կարգավիճակով»,- հայտնեց նա:

Հաջորդ փոփոխությունը, նախարարի խոսքով, անտառների միասնական կառավարման համակարգին է ուղղված: «Անտառային պետական կոմիտե ստեղծելու մասին երկար տարիներ է խոսվել: Այժմ տարանջատված մարմինը վերանում է, ձևավորվում է  մեկ միասնական համակարգ` անտառային հողերի ֆոնդի մասով, որտեղ մենք առաջնորդվելու ենք երեք սկզբունքով` բնապահպանական, տնտեսական և սոցիալական: Սա նշանակում է, որ հիմնարար փոփոխություններ ենք իրականացնում անտառային քաղաքականության ոլորտում: Այսուհետ առաջնային է համարվելու անտառների պահպանումը,  հետո նոր` շահագործումը»,- նշեց Մինասյանը:

Ըստ նրա` տնտեսական և բնապահպանական քաղաքականությունը հավասարակշռելու մեջ ենք ունեցել ձեռքբերումներ: Նախարարն օրինակ բերեց Շաքիի ջրվեժը: «Շաքիի ջրվեժի ջրօգտագործման ռեժիմն ենք փոխել, որպեսզի հավասարակշռենք բնապահպանական և տնտեսական շահերը: Կարող ենք պնդել այն մոտեցումը, որ ժամանակին բարձրաձայնվում էր` տնտեսական որոշումները հակադրվում են բնապահպանականին: Իրականում ցանկացած դեպքի համար հնարավոր է գտնել  հավասարակշռված որոշում, և սա մեր զարգացման հիմնական կետը պետք է լինի: Տնտեսական որոշումը չի կարող անտեսել բնապահպանականը, և չի կարող լինել բնապահպանական որոշում` առանց հաշվի առնելու տնտեսական կամ սոցիալական հատվածը: Անհնար է այդպիսի բան, երկուսն էլ ձախողման են մատնված»,- հայտարարեց նա:

Մինասյանը նշեց, որ հավասարակշռված որոշումն իրենց քաղաքականության կենտրոնում է, և 2018-ին շատ անելիքներ ունեն` ոլորտում փոփոխություններ անելու համար:

Նա անդրադարձավ նաև ոլորտի հիմնական խնդիրներից մեկին` Արարատյան դաշտավայրի ստորերկրյա ջրային ավազանի գերշահագործմանը: «Այս տարի մեր անելիքների մեջ կենտրոնական տեղում եղել է հաշվառումը, լիարժեք ապահովումը և խնայողությունների հիմնավոր միջավայր ձևավորելը: Կատարված միջոցառումները թույլ են տալիս ասել, որ տարեկան ջրային խնայողությունների ծավալը  կկազմի 150 մլն խորանարդ մետր, և սա` միայն ձկնաբուծական նպատակով օգտագործվող ջրերի մասով: Յուրաքանչյուր միավոր ջրի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելը լինելու է  18 թվականի համար մեր գերակա խնդիրներից մեկը»,- շեշտեց Մինասյանը:

Ապա նախարարն անդրադարձավ նաև հատուկ պահպանվող տարածքների և անտառների հրդեհներին, որոնք 2017-ին գրանցվել էին: նա նշեց, որ խնդիրը շարունակվում է մնալ և կլիմայի փոփոխման պատճառով այս խնդիրը լինելու է հաճախ, ուստի պետք է պատրաստ լինել դրան: «Պատրաստվածության տեսակետից կատարել  ենք մի շարք գործողություններ թե համակարգի տեխնիկական զինվածության և թե մասնագիտական կարողությունների ուժեղացման առումով: Մեր բոլոր հատուկ պահպանվող տարածքներն ունենալու են արագընթաց մեքենաներ, կունենանք ՏՏ հիման վրա ժամանակին բացահայտող և ահազանգող սարքացվորումներ, որոնք կօգնեն նաև որսագողության և ապօրինի ծառահատության դեպքերը բացահայտել»,- եզրափակեց նախարարը: