կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-10 13:36
Մշակույթ

Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկ` «Ազգային պատկերասրահի» շրջանակներում

Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկ` «Ազգային պատկերասրահի» շրջանակներում

Մայիսի 7-ին մեկնարկել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի շրջանակներում այսօր տեղի կունենա հերթական համերգը:

 

Փառատոնի հիմնադիր Մարիամ Շահինյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ հոբելյանական փառատոնի յուրաքանչյուր համերգ ունի իր խորագիրը:

 

«Այս փառատոնի ընթացքում հաճախ կհանդիպեք «խաչմերուկներ» բառին: Այսօրվա համերգն էլ կունենա «Հայ-ավստրիական երաժշտական խաչմերուկ» խորագիրը: Հայ-ավստրիական խաչմերուկ, քանի որ երաժիշտները կլինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ մեր այն հայրենակիցները, որոնք այժմ ստեղծագործում են Ավստրիայում: Համագործակցությունը` տեղացի և արտերկրից ժամանած երաժիշտների, մեր փառատոնի գաղափարն է, որպեսզի ստեղծագործական նոր խաչմերուկներ կարողանանք ներկայացնել, նոր ծրագրեր: Արտերկրում ստեղծագործողներն ավելի մեծ հնարավորություններ ունեն, և այդ հնարավորությունները նաև ի շահս մեր երաժիշտների պետք է ծառայեն»,- ասաց Շահինյանը:

 

Նա տեղեկացրեց նաև, որ այսօրվա համերգին կմասնակցեն Ավստրիայից 2 հայ`  ալտահար Գայանե Միրզոյան (Հայաստան/Ավստրիա), թավջութակահար Ալեքսանդր Կարախանյան (Հայաստան/Ավստրիա), 2 այլազգի երաժիշտներ`ջութակահար Միխայլո Զախարով (Ուկրաինա/ Ավստրիա) և ջութակահար Լաիդա Ալբերդի (Իսպանիա): Համերգին Հայաստանից կմասնակցի դաշնակահար Կարինե Հովհաննիսյանը:

 

«Բացի արևմտաեվրոպական կոմպոզիտորներից, կներկայացնենք նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները: Համերգին կհնչեն Շումանի, Մալերի, Շոստակովիչի և Ալթունյանի ստեղծագործություններից»,- ասաց Շահինյանը:

 

Փառատոնն իր ընթացքը կշարունակի մինչև հունիսի 3-ը: