Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե իշխանությունները ՀՅԴ-ի հռչակած յոթ կետերից քանի՞սն են կատարել, պատասխանեց, որ այդ յոթ կետերը փոխկապակցված են, դրանց մի մասը վերաբերում է քաղաքական համակարգի առողջացմանը, մյուս մասը՝ սոցիալ-տնտեսական համակարգի կտրուկ բարեփոխմանը, երրորդ մասը ՝ ազգային պետական խնդիրներին:
Ըստ պատգամավորի` դրանցից ոչ մեկը լիարժեք չի ընդունվել: Կան հայտարարություններ, որոնց ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, և դա ողջունելի է: «Ի վերջո, մենք կոալիցիայից դուրս եկանք, որովհետև տեսանք, որ իշխանությունը շեղվում է այդ ուղեգծից: Եթե քաղաքական ուղեգիծը մեզ չի բավարարում, և այն ազգային չէ, այդ ուղեգծի մեջ մտնելն անիմաստ է: Եթե ուշադիր լինեք` մենք երբ կոալիցիա ենք մտել, միշտ հստակ հուշագիր ենք ստորագրել, թե ինչ նպատակներ ենք հետապնդում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հարցին` Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման արդյունքները համարո՞ւմ է ժողովրդավարական գործընթաց, պատասխանեց. «Մենք համարում ենք ստեղծված իրավիճակում եղած լավագույն արդյունքը: Այն, որ երկրում վաղուց ժողովրդավարական միջավայր չկա, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Յոթ կետերի իրականացման նպատակն այն է, որ երկրում ստեղծվի ժողովրդավարական համակարգ: Ովքեր եղել են ներկայիս համակարգի մեջ, գոհ ու երջանիկ են եղել, բայց հենց դուրս են եկել համակարգից ու իշխանությունից, դժգոհում են, դա հետևանք է ստեղծված արատավոր համակարգի: Հիմա, որ խոսում են ճգնաժամի մասին, դա համակարգային է»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ բոլոր նախագահների ժամանակ եղել են նույն երևույթները, եղել են առճակատման պահեր, բայց չորրորդ նախագահն էլ, եթե եկավ իշխանության այս համակարգով, նույն պրոբլեմներն են առաջանալու:
«Քանի որ այս համակարգն իր մեջ պարունակում է արյունահեղության տարրեր, իշխանությունները փոխելու` հեղափոխական առճակատման հնարավորություն է պարունակում, դրա համար եմ ասում` եկեք` փոխենք համակարգը, որ հետո իշխանությունները փոխելու ընտրական մեխանիզմները գործեն: Այսօր ընտրությունների միջոցով իշխանությունները չեն փոխվում, դա համակարգային է, այլ ոչ թե անձերով է պայմանավորված: Անձերով որ լիներ, երեք անձ ենք փոխել, ինչո՞ իրավիճակը չի փոխվում դեպի լավը: Ունենք այն, ինչ ունենք: Իսկապես լավ է, որ մենք կարողացանք խուսափել արյունահեղությունից: Երբ քառյակը եռյակ դարձավ, ու եռյակը հանրահավաքներ էր անում, ես նրանց հաջողություն մաղթեցի ու ասացի` միայն թե այդ պայքարը չբերի արյունահեղության ու հիասթափության: Դժբախտաբար, մենք տեսանք, որ կա'մ մեկն է տեղի ունենում, կա'մ մյուսը»,- ասաց Արմեն Ռուստամյանը:
Հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը ծանր վճարեց Սերժ Սարգսյանին հանդիպելու համար, նա պատասխանեց, որ դա պետք է Ծառուկյանից հարցնել: «Ասում են՝ շատ ունեցողից շատ են պահանջում, քիչ ունեցողից՝ քիչ: Չգիտեմ` Գագիկ Ծառուկյանը ինչքան է վճարել: Բայց ամենավտանգավորն այն կլինի, որ մտածեն, թե մեկը հաղթել է, մյուսը` պարտվել: Իշխանություններին էլ թող չթվա, որ էյֆորիայի մեջ են հայտնվել, որովհետև դա շատ վտանգավոր է: Պարտված ենք, քանի դեռ այն խնդիրները, որոնք կան, չլուծված են: Այս զինադադարը, որ առաջացել է, պետք է օգտագործել, կանխել հետագա առճակատումները և սկսել մի պրոցես, որը ժողովրդի մոտ դրական ակնկալիքներ կձևավորի»,- նշեց պատգամավորը: